Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

Մարտակերտի զորամասի շտաբը տեղափոխվել էր Դրմբոն: Հրամանատարը Նորիկ Դանիելյանն էր: 90-ի աշնանը նրա հիմնադրած Քաջավան գյուղը խորհրդային բանակն ավերել էր, իրեն ու մի քանի ուրիշների ձերբակալել, նախ Շուշի էին տարել, ապա՝ Բաքու, դատապարտել էին 15 տարվա ազատազրկման, բայց 92-ի գարնանը ստիպված փոխանակել էին Ղարադաղլուում գերված ադրբեջանական հատուկջոկատայինների հետ:



Նախապատրաստվում էր Քելբաջարի օպերացիան: Բոլորը լարված էին, խիստ, խոժոռադեմ: Հրամանատարական կետում օպերատիվ խորհրդակցությունները ոչ մի րոպե չէին դադարում: Ճանապարհներին հանդիպում էին զրահատեխնիկա, հրանոթներ:



Ամենուր՝ խցանումներ: Աշխարհազորայինները վարակված էին բացառիկ ոգեւորությամբ:



Գնացել էի Նորիկ Դանիելյանի հետ հարցազրույցի:



- Էս պահին ասելիք չկա,- կարճ կտրեց,- մի քանի օրից կգաս, կխոսենք:



Գետավանում մի քանի հոգի վերադարձել՝ ավերված տներն էին վերանորոգում:



Ծանոթների հանդիպեցի՝ Անուշավան եւ Սերյոժա Պողոսյան եղբայրներին, մնացի:



Գետավանից մինչեւ Չարեքտար մի քանի կիլոմետր է: Զորքի հետ առաջ գնալ չստացվեց, ոչ մի մեքենա, նույնիսկ եթե սանիտարական էր, չէր կանգնում:



Հանդիպեց ՆԳ շրջբաժնի պետ Վլադիկ Ավագիմյանը: Ասաց, որ Քելբաջարն արդեն մերն է:



Միացա իրենց: Արդեն մթնում էր: Քելբաջարի մոտ հսկիչ-անցագրային կետ էր դրվել:



Կանգնեցրին եւ կարգադրեցին անմիջապես վերադառնալ Դրմբոն: «Շրջապատման մեջ ընկած թուրք զինվորներ կան, էս ճանապարհի վրա են դուրս գալու, վտանգավոր է»:



Ետ եկանք: Ավագիմյանն ինձ հասցրեց Մարտակերտի շրջանային հիվանդանոց, որ ավելի շատ դաշտային հոսպիտալ էր՝ սանիտարական վրանների ճամբար: Հյուրընկալվեցի գլխավոր բժիշկ Սերգեյ Օհանյանի մոտ: Մարտկոցավոր ռադիոընդունիչ ուներ, լսեցինք վերջին նորությունները, թեյ խմեցինք եւ պառկեցինք քնելու: Առավոտյան արթնացա՝ Օհանյանը տեղում չէր: Ասացին, որ վիրահատարանում է, ռազմագերի թուրքի է վիրահատում:



Վաղ գարնան սրսուռ-ցուրտ առավոտ էր: Վրաններից մեկի մոտ տեսա դպրոցական համազգեստով մի աղջնակի: Մոտակա բացատներից անտառավարդ, մանուշակ էր քաղել՝ փունջ կապել: Քելբաջարից էր, մայրն էլ այնտեղ էր: Հետո Օհանյանը պատմեց, որ ադրբեջանցի կնոջը գիշերն են հիվանդանոց հասցրել՝ արյունահոսությամբ, վիրահատել, պտուղը հեռացրել է, կյանքը փրկել: Ցնցող պատկեր էր՝ պատերազմ, մահ, ավերածություն, հայկական դաշտային հոսպիտալ, եւ՝ քելբաջարցի մի աղջնակ, որ գարնան առաջին ծաղիկներն էր փնջել: Մո՞ր, թե՞ մոր կյանքը փրկած բժշկի համար: Մոտենալ-հարցնել չկարողացա:



…ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկում քննարկվել է «Բռնությունների էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը: 93-ի գարնանը Սերգեյ Օհանյանի հետ թուրք ռազմագերուն վիրահատում էր անեսթեզիոլոգ Հովիկ Սարգսյանը: 91-ի ամռանը նրա հորը՝ Շահեն Սարգսյանին, իր Չափար գյուղից գերեվարել, տարել, Քելբաջարում տանջամահ էին արել:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ