«Շտապ. Գորբաչովը շարունակում է մեռնել »

«Շտապ. Գորբաչովը շարունակում է մեռնել »

Հասարակական վախը ահաբեկչության պատճառով սրվել է, հանրությունը ուշադրությունը սևեռում է կայքերում զետեղած ամեն մի պայթյունի, ամեն մի կեղծ ահազանգի, ամեն մի սպանության մանրամասնության… Նմանօրինակ սարսափազդու բոլոր նյութերը սկսեցին փողփողալ:



Պատահականությու՞ն է:



Ես կասեի՝ այդ վախը կարծես թե սկսվեց ուղղորդվել: Նկատե՞լ եք, որ վերջին շրջանում գլխավոր թեմաները դաժան սպանություններն են: Որտեղ ինչ եղավ, ով ինչ պայթեցրեց, ով ում սպանեց, ոնց սպանեց… ամենայն մանրամասնությամբ…Առաջ էլ դրանք կային, բայց ոչ նման լայնամասշտաբ բնույթի:



Տեսե՞լ եք կարկուտը ոնց է ջարդում հույսի ծաղիկները: Նույն բանն անում է վախը: Մեր իշխանությունը վաղուց է հասկացել, որ վախի միջոցով մարդկանց կարելի է ծնկած պահել:



...Իսկ դեկտեմբերի 6-ը քթներիս տակ է ու ամեն ժամ, ամեն պահ հանրության ուշադրությունը սևեռվում է եկած ու գալիք փորձանքների վրա: Խտացվում են գույները՝ ով ում մորթեց, ոնց մորթեց, քանի հոգով մորթեցին: Կարծես թե խոսքը Ռեվազի ոչխարների մասին է… Ավելի վախեցնել, ավելի ջարդել, ավելի տրորել…



Նոր կարդում եմ Հարություն Չալեջյանի ֆեսբուքյան հումորը և բռավո, բռավո նրան: Տիպիկ է: Իսկը մեր համար է ասված.



«Շտապ. Գորբաչովը շարունակում է մեռնել.
Հարթուկ.am »



Իրոք որ, դիտումների համար կարելի՜ է հա կրկնել՝ շտապ, ահաբեկչությունը շարունակվում է: Շտապ, սպանությունը շարունակվում է... 



Կարևորը դիտումն է, իսկ թե մարդիկ օրը քանի անգամ, քանի ձևով են հոգեխեղվում, դա հե՜չ…



Հասմիկ Բաբաջանյան