Սահմանին տանկեր են կանգնած

Սահմանին տանկեր են կանգնած

Դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը լայն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում: Ելույթում Սերժ Սարգսյանը կշտամբել էր դաշնակից պետություններին Լեռնային Ղարաբաղի հարցում քար լռություն պահպանելու, Հայաստանին աջակցություն չհայտնելու եւ ադրբեջանական ագրեսիային որեւէ կերպ չարձագանքելու համար: Ժամանակը չէ՞, որ, կշտամբանքի խոսքերից զատ, Հայաստանն անցնի ռեալ գործողությունների՝ բանակցությունների կողմ դարձնելով Արցախը։ Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արզիկ Մխիթարյանի հետ:



- Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի լավատեսական հայտարարությունից հետո, որ «նախագահների հանդիպումն ավարտվել է 2016 թվականին խաղաղ կարգավորման վերաբերյալ աշխատանքները շարունակելու մասին կենացով», սահմանին իրավիճակն էլ ավելի է սրվել: Ինչո՞վ է սա պայմանավորված, եւ ինչպիսի՞ն էր ԼՂՀ հայացքով նախագահների հանդիպումը:



- Անկեղծորեն ասած, մենք առանձնապես լավատես չէինք այդ հանդիպման նկատմամբ, որովհետեւ սահմանում մինչ այդ եղած լարվածությունը չէր վկայում այն փաստը, որ այնտեղ ամեն ինչ պետք է բարեհաջող լիներ: Ամեն օր կրակոցներ էին, նույնիսկ հրետանային կրակոցներ, որոնք չէին փաստում, որ կրակոցներ արձակող երկրի ղեկավարը պատրաստակամ է խաղաղ բանակցության: Այնուամենայնիվ ուրախալի է, որ ՄԽ համանախագահներից մեկը լավատեսորեն է տրամադրված եւ գտնում է, որ խաղաղ բանակցություններն ունեն արդյունավետություն եւ ցանկալի ընթացք կարող են ստանալ 2016-ին: Հուսանք, որ իրոք այդպես կլինի: Այսօր յուրաքանչյուր արցախցի ունի միայն մեկ ակնկալիք, մեկ ցանկություն, որ իրոք քաղաքական լուծում ստանա եւ խնդիրը կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում:



- Ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի կշտամբանքը դաշնակից պետություններին Լեռնային Ղարաբաղի հարցում քար լռություն պահպանելու, Հայաստանին աջակցություն չհայտնելու եւ ադրբեջանական ագրեսիային որեւէ կերպ չարձագանքելու վերաբերյալ: Ինչո՞ւ հանկարծ նա որոշեց այդ մասին բարձրաձայնել:



- Իհարկե, ցանկացած քաղաքացի այն կարծիքին է, որ դա հարգանք չէ ոչ Մինսկի նախագահների եւ ոչ էլ առաջադեմ հանրության կարծիքին եւ մեր պետության ղեկավարների դիրքորոշմանը… այդ պատճառով տեղին էր նախագահի հայտարարությունը:



- Իսկ ինչո՞ւ էր ուշանում Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, եւ կարելի՞ է ակնկալել, որ դրանից հետեւություններ կլինեն, ու վիճակը կմեղմվի:



- Գիտեք, եթե վիճակը կախված լիներ հայտարարություններից, մենք օրուգիշեր անընդհատ հայտարարություն կանեինք: Խաղաղ գործընթացները կախված չեն միայն մեզանից, եթե նույնիսկ մենք երբեմն ունենք բարյացակամ վերաբերմունք չհակազդելու երբեմն, բայց դա չի նշանակում, որ մեր վերաբերմունքը հակազդում են նույնատիպ: Միեւնույն է՝ հակամարտող կողմը չի հարգում որեւէ հայտարարություն, չի հարգում միջազգային իրավունքի նորմերը եւ շարունակում է ագրեսիան:



- Իսկ ճիշտ չի՞ լինի հայտարարություն անելու փոխարեն գործի անցնել, մանավանդ Ադրբեջանի վրա դրանք չեն ազդում։ Օրինակ՝ Արցախը դարձնել բանակցային կողմ:



- Մենք գրեթե ամեն օր այդ խնդիրն զգում ենք եւ գիտակցում ենք, որ Արցախի չներկայացվածությունը բավականին լուրջ բացթողում է, որն անհրաժեշտ է վերականգնել: Եթե վերականգնվեր, մենք եւս ասելիք կունենայինք աշխարհին: Բայց ձեզ չթվա, որ մենք խնդիրն առաջ չենք քաշում. եւ մենք, եւ Հայաստանի նախագահն անընդհատ շեշտում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցություններին Արցախի մասնակցությունը… Ճիշտն ասած՝ դժվարանում եմ պատասխանել, թե երբ լուծում կստանա այդ հարցը:



- 2016-ի հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման քայլերի վերաբերյալ:



- Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ քննարկում են, որ հանձնախումբ գործի, որը կճշտի, թե ինչպես է սկսվում հակամարտող կողմերի ագրեսիան, ով է առաջինն սկսում եւ ինչ հանգամանքներում: Գուցե սա տա իր արդյունքը եւ զսպող հանգամանք դառնա, որովհետեւ նրանք անընդհատ արդարանում են, որ իրենք չեն հարձակվողները՝ համոզված լինելով, որ դա տեխնիկական խնդիր է, եւ դժվար է ճշտելը:
Հիմա փաստ է, որ այստեղ խաղաղության եւ նույնիսկ հարաբերական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, այստեղ պատերազմական իրավիճակ է, եւ յուրաքանչյուր օրը բերում է նոր անակնկալներ, նոր զոհեր:



- Իրավիճակը կարծես ավելի սրվել է վերջին երկու շաբաթներին, որովհետեւ մինչ այդ հրանոթներով կրակ չէին բացում, հնարավոր համարո՞ւմ եք, որ սա պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով, եթե նկատի ունենանք նաեւ երկու կողմից արվող հայտարարությունները:



- Ի դեպ, ոչ միայն հրանոթներով են կրակում, այլեւ տանկեր են երեւում սահմանին, դրանք դուրս են բերել սահման: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է ուժով հարցը լուծել, մեր բանակը, փառք Աստծո, պատրաստ է: Ինչ վերաբերում է գերտերությունների հարաբերություններով պայմանավորված լարմանը, ապա ոչինչ չի բացառվում: Եկեք չմոռանանք, որ գերտերություններն ունեն իրենց շահերը, եւ այդ մութ խաղերում շատ դժվար է կողմնորոշվել, թե որ պետությունն ինչ ակնկալիքներ ու ձգտումներ ունի: