«Եվ դու՞, Լիլիթ, սովե՞լ եք»…

«Եվ դու՞, Լիլիթ, սովե՞լ եք»…

Մի փոքրիկ դիտարկում եմ ուզում անել՝ առանց վերամբարձ խոսքերի: Նշույլ անգամ վիրավորանքի միտում չունեմ:



Իշխանական կոալիցիա են կազմում, հետո ասում ժողովրդին՝ ինչ անում, ձեզ համար ենք անում:



«Քաղաքում» սերիալը հիշու՞մ եք: Երբ Մխոյի հերը երեխեքին ասում է՝ ինչ անում, ձեզ համար եմ անում: Նրա «սուպեռ ազնիվ» երեխեքն ուզում են, որ հայրը իրենց համար ոչինչ չանի, այլ արդար, մաքուր ու ճիշտ կյանքով ապրի:



Հայրն էլ մի խաղ է սարքում. Իբր արդեն սնանկացել են և տունն անգամ պիտի գան ու գրավի տեղ վերցնեն:



Ընտանիքն իրար է խառնվում, լացում, տխրում, տառապում, հիշում իրենց փառավոր կյանքը ու տենչում նույնը:



Հիմա մեր կոալիցիայից դուրս մնացած կուսակցություններն են: Փառավոր ապրեցին, ժողովրդին ասելով՝ ինչ անում, ձեզ համար ենք անում:



Ժողովուրդը սովից կաղկանձում էր, բայց իրենք, չգիտես ինչու, նրա համար ոչինչ չէին անում, ամեն ինչ նույնն էր մնում: Իսկ դրա փոխարեն իրենք բարգավաճում, «փափլիկանում էին»:



…Ու որպեսզի ժողովուրդը հավատա նրանց, իրենք էլ մի խաղ սարքեցին: Հայտարարեցին, որ կոալիցիայից դուրս են գալիս, ժողովրդի մոտ այս էլ որերորդ անգամ տպավորություն ստեղծելով, որ ինչ անում, ձեզ համար ենք անում:



Ընտանիքը / իրենց կուսակցության անդամները/ իրար խառնվեց, նեղսրտվեց: Պապան ասաց՝ ինչ անում, ժողովրդի համար ենք անում: Ստիպված ընտանիքի անդամներով մեկ- մեկ հայտարարություններ են անում.



«Վերջին հաշվով, կարելի է կառավարության մաս կազմել տարբեր մոտեցումներով: Կարելի է ուղղակի կաշառվել մի քանի պորտֆելով եւ մաս կազմել կառավարության, կարելի է մաս կազմել կցորդի կարգավիճակով, կարելի է մաս կազմել գործընկերոջ կարգավիճակով` պատասխանատվությունը կիսելով, հստակեցնելով անելիքները եւ պատասխանատվություններն ու պարտականությունները: Մենք երրորդ ձեւին ենք ավելի շատ կողմնակից, եւ այս առումով է, որ ձգձգվում է», - նշում է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:



«Եվ դու՞, Լիլիթ» Գալստյանն էլ / արտահայտությունը ֆեսբուքից գտա, Աննա Ալիխանյանն էր գրառում արել/ հայրենասիրական ավելի մեծ պաթոսով է ներշնչվում.



«Այնուամենայնիվ, ես չեմ կիսում այն տեսակետը, թե մեզ բոլորովին չի հաջողվել փոփոխություններ անել, ազդել պրոցեսների վրա։ Իհարկե, արդյունքները չափազանց համեստ են եղել, շատերիս չեն բավարարել, կարող էինք և իրավունք ունենք ավելին պահանջել։ Պահանջում ենք… և կարծում եմ, որ մեր պահանջատիրությունը, երկրին տեր կանգնելու պատասխանատվությունը, երկրում կուտակված խնդիրների խորությունը պարզապես պարտադրում են կենտրոնացնել մեր բոլոր ռեսուրսները հանուն Հայաստանի։ Ի դեպ, այսօրվա բարդ աշխարհաքաղաքական կացությունը բոլոր քաղաքական ուժերին է պարտադրում ազգային համախոհության դաշտում լինել, ծառայել Հայաստանին»:



Այդքան մեծ պաթոսաբանությանն ուզում եմ մեղմիկ հարցնել՝ սովե՞լ եք Լիլիթ…



Բա էս խեղճ ժողովուրդն այսքան տարի ո՞նց է դիմանում: Ու ո՜նց է մի քանի անգամվա խաղի մեջ անգամ փորձում հույսի նշույլ գտնել:



ՀԳ Կարծրատիպե՞ր եք կոտրում, թե՞ մեզ եք կոտրում:



Հասմիկ Բաբաջանյան