Վարչապետի գործը ծանր է

Վարչապետի գործը ծանր է

Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովն առաջարկել է ղեկին խմած նստողներին պատժել՝ նրանց 15 օրով երկրի վարչապետ նշանակելով: Քաղաքապետը վարչապետի պաշտոնի մրցույթ է առաջարկել Ֆեյսբուքի իր էջում: Լիտվան մեկ ամիս է՝ վարչապետ չունի, եւ քաղաքապետը հարցին մոտենում է հումորով՝ համարելով, որ հարբածներից լավ թեկնածու չկա:



Ուշագրավ է եւ ուսանելի՝ Հայաստանի համար:
Ղեկին գտնվող հարբած վարորդն էլ կարող է փորձանք բերել գլխին, կառավարության ղեկին գործը չիմացող վարչապետն էլ: Երկուսն էլ ընթանում են խելակորույս արագությամբ՝ չգիտես թե ուր:



Մեր երկրում ամեն առավոտ մոտ 2 միլիոն մարդ արթնանում է վարչապետ դառնալու երազանքով ու մտածում, թե ինչքան վատ է պետության ու ազգի համար, որ ինքը վարչապետ չէ: Դա, բնականաբար, ունի պատճառ. երկրի ղեկավարներն այնքան վատ են աշխատում, որ յուրաքանչյուրին կարող է թվալ, թե ինքն ավելի լավ կղեկավարեր: Դրա համար էլ, ասենք, նախագահի ընտրություններում այնպիսի մարդիկ էին առաջադրվում, որոնց անունը նախկինում ոչ ոք չէր լսել, իսկ ճանաչողներն էլ զարմանում էին. «Իրո՞ք ուզում ես անել այդ բանը»:



Ի՞նչ կլինի, եթե հարբած մեկը դառնա Հայաստանի վարչապետ, թեկուզ՝ 15 օրով: Վստահ եմ, որ ավելի վատ չի լինի, քան հիմա է:



Վարչապետն այդպես էլ չկարողացավ բարձրացնել կառավարության դերն ու հեղինակությունը: Աշխարհը խառնվել է իրար, իսկ մենք խմել-քնել ենք՝ սպասելով, որ ինչ-որ տեղ՝ «մոտակայքում», լավ կլինի, եւ ինքնըստինքյան լավ կլինի նաեւ մեզ համար: Ու մտածում ենք, թե մեր երկրի ղեկավարներն իրոք խմած են, այլապես քաղաքականությունն այնպիսին չէր լինի, ինչպիսին հիմա է:



Փաստորեն, վարչապետ դառնալը պատիժ է, բայց այն երկրում, որտեղ վարչապետն աշխատում է, իսկ մեզ մոտ վարչապետ աշխատելն առայժմ խաղուպար է, համարյա այնպիսի աշխատանք, ինչպիսին աշխատանք չունեցողների գործն է՝ պարապ գործերի մինիստր: Հենց այդ պատճառով էլ մարդիկ անգործ են եւ ամեն օր խմում են՝ մոռանալու համար, որ աշխատանք չունեն:
Մի քանի ուսանելի օրինակ. 2015-ի գարնանը Վրաստանի կառավարությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու համար մահճակալ գնեց, որպեսզի նա դրանից օգտվի կառավարությունում անցկացրած գիշերները: Վարչապետը հաճախ ստիպված է լինում աշխատել մինչեւ առավոտյան 4-ը: Բայց արի ու տես, որ ընդդիմությունը դժգոհ է՝ թանկ կահույք են գնել:



Կրկին 2015-ի գարնանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այցելեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի տեխնոպարկ՝ յուրահատուկ սարքին ծանոթանալու, որը մարդուն հնարավորություն է տալիս քնից հագենալ չորս ժամում: Ռուսաստանի վարչապետն ասաց, որ նման սարք պետք է բոլոր պատգամավորներին, որպեսզի չքնեն նիստերի ընթացքում:



Ռուսաստանում նաեւ օրենք ընդունվեց, ըստ որի՝ պաշտոնյաների աշխատավարձերը կորոշվեն նրանց աշխատանքի արդյունավետությամբ:



Իսկ Չինաստանում աշխատանքի արդյունավետության մեկ այլ ձեւ մշակեցին. նախարարների ու նահանգապետերի աշխատասենյակները պետք է 54 քմ-ից մեծ չլինեն: Փոխնախարարների աշխատասենյակները պետք է 12 քմ-ից ավելի փոքր լինեն:



Նախարարություններում վարչությունների պետերի ու նահանգներում վարչակազմի ղեկավարների աշխատասենյակները չպետք է 30 քմ-ից մեծ լինեն, իսկ նրանց տեղակալներինը չպիտի անցնեն 24 քմ-ից: Չինաստանում պաշտոնյաների շքեղ ու լայնարձակ աշխատասենյակները հաճախ են հասարակության քննադատության թիրախ դառնում: Մեծ սենյակներում աշխատանքի արդյունավետությունը նվազում է:



Բելառուսում 2014թ. հոկտեմբերին օրենք ընդունվեց, որը պատասխանատվություն է նախատեսում չաշխատող եւ աշխատանքի տեղավորվելուց խուսափող քաղաքացիների համար: «Մինչեւ հունվարի 1-ը քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլորն աշխատեն, բոլորին ստիպեք աշխատել»,- ասաց նախագահ Լուկաշենկոն: Անգամ անգործության հարկ սահմանեցին՝ տարեկան 2,6 մլն. բելառուսական ռուբլի: Պարզվում է՝ Բելառուսում, բացի տնային տնտեսուհիներից, մյուս բոլորի համար կառավարությունը պետք է աշխատանք մտածի:



Այսպիսի բաներ:
Իրոք դժվար է վարչապետի գործը… Ոչ Հայաստանում…



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ