Լրագրողը պետք է երեսապինդ լինի

Լրագրողը պետք է երեսապինդ լինի

Լավ հոդված անելը, էքսկլյուզիվ ինֆորմացիա հայթայթելը որոշակի որակներ են պահանջում։ Կներեք արտահայտության համար, բայց միայն պնդերես, կպչուն, կոմպլեքսներ չունեցող մարդը կարող է լավ լրագրող դառնալ։ Եվ քանի որ մեր դաշտում մեծ մրցակցություն կա, ուստի լավ հոդվածի, էքսկլյուզիվ լուրի համար պայքարն էլ մեծ է։ Բայց մեր լրագրողներից ոչ բոլորն ունեն նշածս որակները։ Համեստ ու ամոթխած աղջիկը, օրինակ, երբեք լավ լրագրող չի դառնա։ Լրագրողներին բնութագրող ամենադիպուկ արտահայտությունը «դռնից հանում են, պատուհանից է ներս մտնում» ասացվածքն է։ Եվ նաեւ բնական է, որ նման «տեսակը» ոչ բոլորին է դուր գալիս։ Մեր «զոհերը»՝ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, տարբեր գործիչներ, խուսափում են, չեն սիրում նման լրագրողներին։ Բայց լրագրողների մի մասն էլ չի սիրում սրանց։ Չկա օր, որ «Հրապարակի» որեւէ լրագրող վրդովված չպատմի, թե ինչպես է մեկ այլ լրատվամիջոցի աշխատակիցը խանգարել իրեն, որ էքսկլյուզիվ հարցազրույց անի, ինչպես է «գողացել» իր հարցը, իր թեման։ Մանավանդ՝ եթե խոսքն ասուլիսների, հրապարակային միջոցառումների մասին է, ապա էքսկլյուզիվ նյութ անելը շատ բարդ է։ Առնվազն մեծ հմտություն, խորամանկություն, արագաշարժություն, մյուսներին արմունկներով հրելու ունակություն է պահանջվում լրագրողից։ Երեկ, օրինակ, մեր երիտասարդ լրագրողներից մեկը հուզված մտավ խմբագրություն եւ պատմեց, թե ինչպես են մի քանի «երեսապինդներ» եկել-կանգնել իր կողքին, երբ ինքը հարցազրույց անելիս է եղել պաշտոնյաներից մեկի հետ։ Մեկ ուրիշը, հավանաբար, չէր ամաչի «երեսապինդներին» դիտողություն անելուց եւ կխնդրեր չխանգարել իր աշխատանքը, բայց մեր աղջիկն ամաչել է եւ նեղսրտած եկել խմբագրություն։ Ի՞նչ անել նման դեպքերում։ Ինչպե՞ս պաշտպանել քո՝ էքսկլյուզիվ նյութ անելու իրավունքը, ինչպե՞ս անել, որ «չգողանան» քո հարցազրույցը, եւ քո տված հարցերի պատասխաններից ուրիշները չօգտվեն։ Դա պրակտիկորեն անհնարին է, եթե դու նույնքան «պնդերես» չես, որքան քեզ խանգարողները։ 



Ա. Օ.