Իշխանական թեկնածուն կպայքարի՞ հանուն մարդու իրավունքների

Իշխանական թեկնածուն կպայքարի՞ հանուն մարդու իրավունքների

Երեկ հայտնի դարձավ, թե ով է ՀՀԿ-ի նախընտրած ՄԻՊ թեկնածուն․ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը։ Նրա առաջադրման մասին ՀՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի այսօր, եւ փետրվարի 12-ին պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում կներկայացվի նրա թեկնածությունը։ Ամենայն հավանականությամբ, նրա հետ կպայքարեն նաեւ Էդմոն Մարուքյանի առաջարկած թեկնածուն՝ «ժառանգական» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու Տիգրան Ուրիխանյանի առաջարկած թեկնածու Նարեկ Ալոյանը՝ «Իրավապաշտպան» ՀԿ ղեկավար։ Իհարկե, կընտրվի Թաթոյանը, որովհետեւ նա է մեծամասնության թեկնածուն։ Մյուս քառօրյային հանձնաժողովի ընտրած թեկնածուն կներկայացվի խորհրդարանի դատին, եւ պատգամավորների ձայների 3/5-ով կընտրվի։



Թեպետ երեկ ՀՀԿ-ականները խուսափում էին որեւէ մեկնաբանություն տալ իրենց հավանական թեկնածուի մասով, բայց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չբացառեց նրա թեկնածությունը՝ կարճ ու կոնկրետ ասելով․ «Արժանավոր տղա է՝ իր գիտելիքներով, փորձով, համեստությամբ»։



Թաթոյանը, իրականում, արդարադատության նախարարի՝ հասարակությանը քիչ հայտնի տեղակալներից է, թեպետ բավականին հարուստ կենսագրություն ունի եւ տարբեր կառույցներում է աշխատել։ Ասում են՝ պրոֆեսիոնալ ու կիրթ իրավաբան է, սուսուփուս, գլուխը կախ իր գործն է արել, առանձնապես ամբիցիաներով ու բնավորության կամ աշխատաոճի վառ, ընդգծված գույներով աչքի չի ընկել։ Առիթից առիթ եկել է ԱԺ, նախարարության նախագծերը զեկուցել, հարցերին պատասխանել ու գնացել։



Պատասխաններն էլ «աչքի են ընկել» նրանով, որ, բացի չոր իրավական ձեւակերպումներից, առանձնապես որեւէ ուշագրավ մտքերով աչքի չեն ընկել։ Մնում է հասկանալ, թե ինչպես է այդ «սուսիկ-փուսիկ» կերպարը պայքարելու «ձեռք կտրող», «աչք հանող» եւ «բռնաբարող» իշխանությունների եւ ոչ միայն իշխանությունների թույլ տված օրինախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի դեմ, հատկապես, որ իրեն հենց իշխանությունն է առաջադրել։



ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ Արման Թաթոյանին վաղուց է ճանաչում եւ ճանաչում է որպես լավ իրավաբան։ Իսկ որքանո՞վ է իրատեսական, որ իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուն, եթե իսկապես ընտրվի, որեւէ կերպ կաշկանդված չի լինի եւ կկարողանա լիարժեք իրականացնել իր առաքելությունը։ Նահապետյանն այսպես պատասխանեց․ «Ի՞նչ կաշկանդման մասին կարող է խոսք լինել։ Եթե նա վայելելու է հասարակության վստահությունը եւ ունենալու է աջակցություն, այդ թվում՝ նաեւ քաղաքական աջակցություն, կարծում եմ՝ դա բավարար հիմք է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը կարողանա արդյունավետ գործել»։



ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ է դրական որակներով ճանաչում արդարադատության փոխնախարարին։ «Մարդկային ամենաբարձր որակներով»,-ասաց նա։ Խելոք-մելոք, սուսուփուս աշխատող փոխնախարար է եղել, նրան որքանո՞վ կհաջողվի մարդկային այդ տեսակով պայքարել իշխանությունների եւ այլոց ապօրինությունների դեմ։ «Իսկ ո՞վ է ասել, որ իշխանություններն ապօրինություններ պետք է թույլ տան»,- զարմացավ Մելիքյանը։



- Ցանկացած ապօրինության դեմ, որը չի բացառվում, որ կարող է թույլ տան նաեւ իշխանության ներկայացուցիչները։



- Մարդու իրավունքների ցանկացած պաշտպան առաջին հերթին պետք է պաշտպանի մարդու իրավունքները։ Ես կարծում եմ, որ նրան կհաջողվի, որքան որ ես եմ ճանաչում իրեն։



- Իշխանության կողմից առաջադրված լինելը չի՞ կաշկանդի նրան։



- Նա ընտրվելու է Ազգային ժողովի կողմից՝ անկախ նրանից, թե ում կողմից է առաջադրվելու։ Եվ Ազգային ժողովի ձայների բացարձակ մեծամասնությամբ է ընտրվելու։



- Բայց այդ բացարձակ մեծամասնությունը ձեւավորում է Հանրապետականը։



- Նաեւ Հանրապետականը։



- Գլխավորապես Հանրապետականը։



- Այո, որովհետեւ Հանրապետականն այսօր հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական ուժն է, եւ ինքն է այսօր թելադրում քաղաքական օրակարգը։



- Հիմա ձեր առաջադրած թեկնածուն այդ «ազդեցիկ» քաղաքական ուժի ազդեցության ներքո չի՞ գործի, արդյոք։



- Մենք մեր թեկնածուին կառաջադրենք եւ մեր թեկնածուին էլ կպաշտպանենք։ Բնական է, որ մեր կողմից պաշտպանվող թեկնածուն մեծ հավանականություն կունենա՝ ընտրվելու Ազգային ժողովի բացարձակ մեծամասնության կողմից, եւ կարծում եմ, որ դա նրան որեւէ կաշկանդվածություն չի տա իր պաշտոնական գործառույթներն իրականացնելիս։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ