Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին:



Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ի պաշտոնական կայքից:



Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Քուվեյթը Հայաստանի համար բարեկամ պետություն է, եւ մեր երկրների փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը:



Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում:



Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ սիրով կաջակցի երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:



Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով Գալուստ Սահակյանին ընդունելության համար, փոխանցել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի ողջույնները եւ Քուվեյթ այցի հրավերը:



Դեսպանը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկկողմ կապերի ակտիվացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը նշել է, որ այդ քայլը լուրջ առաջընթաց կապահովի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար:



Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: