Բա որ մնանք ֆլեշմոբի տա՞կ

Բա որ մնանք ֆլեշմոբի տա՞կ

Քննարկել, թե ճի՞շտ է, արդյոք, Թոխմախի Մհերը, երբ լրագրողների խումբը «նախիր» է որակում, աբսուրդ է թվում: Վստահաբար` չի կարելի նման որակումներ տալ, էն էլ ԱԺ-ում աշխատող լրագրողներին, որոնք, այսպես թե այնպես, պատկանում են լրագրողների «էլիտար» խմբին: Այլ կերպ` ԱԺ-ում աշխատող լրագրողները 5 պակաս քաղաքական գործիչներ են, եւ նրանց նախիր անվանող քաղաքական գործիչը պետք է իմանար, որ ինքը նստած է այդ «նախրի» երբեմնի ներկայացուցիչների կողքին` Մարգարիտ Եսայան, Նաիրա Զոհրաբյան… Ցանկության դեպքում կարելի է այս ցանկը շատ երկարացնել:



Էթիկայի տեսանկյունից Թոխմախի Մհերը միանշանակ սխալ է, կարելի է ասել՝ բռի, գողական, եւ չի էլ պատկերացնում, թե որտեղ է գտնվում: Նա, եթե տակտ ունենար, գուցե ասեր «երամ», եւ այս ողջ պատմությունը չէր լինի: Բայց ունենք այն, ինչ ունենք:
Եվ, այնուամենայնիվ, եկեք քննարկենք «նախիրը»: Իմ բոլոր գործընկերներին առաջարկում եմ` կանգնենք մի մեծ հայելու առաջ եւ նայենք մեզ: Ենթադրենք` ֆլեշմոբ ենք անում, որովհետեւ մեզ ասել են «նախիր»: Մոռանանք գեներալ Սեյրանի արդարացումները, թե Մհերը բիձա մարդ է, ամբախ-զամբախ բաներ է ասել: Փորձենք հասկանալ` Թոխմախի



Մհերը հիմքեր ունե՞ր մեզ նախիր անվանելու, թե՞ բերանից է դուրս թռել:
Մհերի այդ բարբաջանքից հետո մեզնից շատերը թռան ընդդիմադիր պատգամավորների դուռը, որ սրանք մի երկու բառով դատապարտեն իրենց իշխանական գործընկերոջ պահվածքը: Մամուլը հեղեղվեց ընդդիմադիր գործիչների ճամարտակություններով առ Թոխմախի Մհերը, Ֆեյսբուքը խելակորույս արշավ սկսեց նրա դեմ, ու այդ արշավի առաջնորդները լրագրողներն էին: Իրավիճակը կտրուկ փոխվեց: Այն տպավորությունն էր, որ ոչ թե նախիրը, այլ ոհմակն է վրա տվել Մհերին:



Գալուստ Սահակյանը նման իրավիճակների համար մի շատ հետաքրքիր դեղատոմս ունի: Երբ լրագրողները գանգատվեցին նրան Շմայսի պահվածքից ու հայհոյանքներից, իմաստունն ասաց` էլ ինչո՞ւ եք բորբոքվում, դուք էլ իրեն ասեք: Կարելի էր, թերեւս, Մհերի պարագայում հակադարձել` նախիրը դուք եք: Բայց մենք` լրագրողներս, ցավոք, այդ համարձակությունը չունենք: Ինչո՞ւ: Այ, հենց այդ «ինչու»-ի պատասխանն էլ առաջարկում եմ տեսնել հայելու մեջ` ինքներս մեզ նայելով:



Հիշո՞ւմ եք, երբ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հրապարակավ «սաղի տիրոջ մերն» արեց՝ դրեց դենը: Արամ Մանուկյանին ծեծի ենթարկեցին դրա համար: Հիշեցի՞ք: Իսկ մենք ի՞նչ արեցինք: Իհարկե, չդիմեցինք էթիկայի հանձնաժողովին, ֆլեշմոբ չարեցինք ընդդիմադիր մանդատավորի դեմ, թե, այ Արամ, դու էլ հո գրագետ մարդ ես, խի՞ ես քրֆում: Այսինքն՝ այս ի՞նչ մոտեցում է մեր կողմից:



Լեւոն Զուրաբյանը, իսկ նրա մտքի թռիչքն այդքան է հերիքում, հայտարարում է` գողական իշխանության պատգամավորներն էլ պետք է գողական լինեն: Զուրաբյանն էլ, անշուշտ, գրագետի համարում ունի: Բայց նրա այդ հայտարարությունից հարց է առաջանում` ինչո՞ւ ես գնացել, քո գրագետ հալով, այդ գողականների մեջ նստել: Դու ի՞նչ իրավունքով ես քննադատում մեկ ուրիշին, երբ քո կուսակցի լեզվի վրա չես կարողանում: Բայց մեզ` լրագրողներիս համար խնդիր չէ, որ դիկտաֆոնը դեմ տանք Զուրաբյանին ու խնդրենք, որ նա Մհերի պորտը տեղը դնի:



Մի քիչ ավելի ուշադիր նայենք մեզ հայելու մեջ: Մինչեւ նոր տարի «Նոր Հայաստանի» քանի՞ երթի ենք մասնակցել: Կամերաներն ու ձայնագրիչներն առած քանի՞ լրագրող էր վազ տալիս «կարկառուն հեղափոխականների» հետեւից: Շատերս: Այդ օրերին մեզնից ո՞վ չի «ըմբոշխնել» «Սերժիկ, սիկտիր» վիրավորական վանկարկումը: Ուշադիր նայենք հայելու մեջ: Մեզնից ո՞վ գրեց. «Րաֆֆի, Ժիրո, Չուգասզյան, Հայրիկյան, Համո, դուք էշի գլո՞ւխ եք, որ ձեր երթը նման բան է վանկարկում»:



Սիրելի գործընկերներ, մի կախեք գլուխներդ, նայեք ուղիղ հայելու մեջ` ձեր աչքերին ու ձեր ազնվությանը, որովհետեւ սրանով չի ավարտվում ֆլեշմոբը: Իսկ ի՞նչ արեցինք մենք, երբ մի ակտիվիստի տարան ականջը քաշելու: Օյ, պարզվեց՝ քաղբանտարկյալ ունենք:
Եթե այսպիսին է մեր լրագրությունը, այսինքն` երբ բոլորով թափվում ենք, որ նույն բանը լուսաբանենք եւ նույն կերպ, ապա իրոք կարելի է մեզ անվանել երամ, պարս, որովհետեւ մենք մեր գործն անում ենք հենց այդպիսի հավաքականությունների նման, բայց ոչ որպես անհատականություններ:



Առաջադեմ կայքերից մեկը գրել էր, որ նախիրն այն է, որ ղեկավարվում է նախրչու կողմից: Ակնարկն ավելի քան թափանցիկ է: Ուզում են ասել` նախիրը դուք եք, մենք չենք, որովհետեւ նախրչի չունենք: Իյա, իրո՞ք: Մեր օրերին համահունչ մի օրինակ բերեմ: Միթե առանց նախրչու տասնյակ թերթ ու հարյուրավոր լրագրողներ մի գիշերվա մեջ հակադաշնակցական դարձան: Եթե հրդեհ լիներ, երեւի այսպես կազմակերպված դուրս չթափվեինք: Օրինակ, ինչպե՞ս ենք առանց նախրչու պատկերացնում այն ֆենոմենը, որ ՀՅԴ դրսի եւ ներսի կառույցների փոխհարաբերությունների մասին մեզնից հարյուրավորներն սկսեցին գրել «տեղեկացվածության» այնպիսի տոնով, ասես հենց նոր են եկել Լոս Անջելեսից, Թեհրանից կամ Սիդնեյից: Լրագրողների խումբ ունենք արդեն, որ անհերքելի փաստեր ունեն այն մասին, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության պատճառով ՀՅԴ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կառույցների փոխհարաբերությունները վատացել են: Այ, այստեղ նույնիսկ նախրչին է ապուշ: Նման բան լինել չի կարող, որովհետեւ ԱՄՆ կառույցը չի կարող ազդել Ֆրանսիայի կառույցի որոշման վրա եւ հակառակը: Բայց գրում ենք, չէ՞: Նույն կայքը, երբ այլեւս բստրելու բան չկա, նոր թեմա է դնում շրջանառության մեջ` ՀՅԴ-ի երիտասարդ թեւը դեմ է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: Վաղը թերթերն արդեն այս մասին կգրեն, մեղմ ասած` երամով:



Ես կողմ եմ, որ Մհեր Սեդրակյանը վայր դնի մանդատն ու իր համար ավելի ընդունելի միջավայր գտնի: Եվ ոչ միայն Մհեր Սեդրակյանը: Քաղաքականությունը պետք է դառնա քաղաքական գործիչների միջավայր: Հակառակ պարագայում, անհասկանալի է, ո՞րն է Բաղրամյան-Դեմիրճյան կռուգի եւ, ասենք, ՏԷՑ-ի կռուգի տարբերությունը: Մեր գործն էլ, երեւի թե, խնդիրների (քաղաքական, տնտեսական, սոցիալական) լուսաբանումն է, լուծումներ հուշելը, արդարության վերհանումը: Ամենեւին կարիք չկա խմբեր կազմած այս ու այն նախրչու շահերն սպասարկել: Հակառակ պարագայում միշտ էլ սպասելի է, որ կոնկուրենտ նախրչին իր նախիրը քշի մեզ վրա, ու «սենց» բաներ լինեն:



ՀԳ. Անցյալ տարի այս օրերին, չգիտեմ աֆրիկյան որ ցեղն էր, ֆլեշմոբ էր կազմակերպել իր առաջնորդների դեմ եւ բողոքում էր, որ նրանք նույնքան սեւամորթ են, որքան իրենք: Եվ գիտե՞ք ինչ պատահեց: Մնացին իրենց իսկ ֆլեշմոբի տակ: