Իսկ ի՞նչ ենք հակադրում համագործակցության պայմանագրին

Իսկ ի՞նչ ենք հակադրում համագործակցության պայմանագրին

Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության համաձայնագիրը: Կողմերը պարտավորվեցին ուժերի համատեղմամբ պայքարել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին մարտահրավերների դեմ:



Նման տող կար նաեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ եռակողմ պայմանագրի մեջ, որին, սակայն, բախտ չէր վիճակված դառնալ քաղաքական հիմնարար փաստաթուղթ: Ապահարզանը չուշացավ: ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքավարի կերպով հռչակվեց ոչ իշխանական-ոչ ընդդիմադիր այլընտրանք, 2013-ին չպաշտպանեց (գոնե արտաքուստ) Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ հետո հայտնվեց հրաշալի եռյակում: Ինչպես ասում են` քաղաքական ուժն ինքն է որոշում իր անելիքը, եւ ԲՀԿ-ին մեղադրել այն հարցում, որ չհարգեց իր ստորագրած թուղթը, չենք կարող, քանզի ԲՀԿ-ից ավելի լավ ոչ ոք չգիտի այն պատճառները, որոնք, ի վերջո, հանգեցրին ներկա հանգրվանին:



2012-ի համեմատ շատ բան է փոխվել Հայաստանում, բայց հին հարցը մնում է` ի՞նչ կստացվի նոր քաղաքական այս համագործակցությունից, եւ ո՞ւր կտանի մեզ երկու կուսակցությունների միջեւ ստորագրված պայմանագիրը: Շատ բան, իհարկե, կախված է կողմերից, բայց, մյուս կողմից էլ, մենք տեսնում ենք, որ սա ոչ թե կոալիցիոն հռչակագիր է, ինչպես գրում ու ներկայացնում է մամուլը, այլ բոլոր քաղաքական ուժերին արված հստակ առաջարկ` թե իսկական քաղաքական պայքար մղելու, թե, պայքարելով հանդերձ` պետության ու պետականության հենասյուներից մեկը մնալու առումով: Հնարավո՞ր է այդպիսի բան: Պարզվում է` այո:



Ընթերցենք այս կետը. «1.1.3. Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերի միջեւ մրցակցության, հանդուրժողականության եւ համագործակցության մթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրապնդմանն ու ներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցությունների գործունեության հավասար իրավական հնարավորություններ»:



Կարծում ենք` մեկնաբանությունն այստեղ ավելորդ է, որովհետեւ ավելի պարզ թերեւս հնարավոր էլ չէ նույն բանն ասել: Իսկ հիմա հարց` կա՞ կամ կարո՞ղ է լինել մի կուսակցություն, քաղաքական ուժ, գործիչ, որ դեմ լինի այս կետին: Իսկ գուցե խորհրդարանական ուժերի համար ընդունելի չէ՞ այս կետը. «1.1.5. Ազգային ժողովի Կանոնակարգ նոր օրենքով ապահովել օրենսդիր մարմնի արդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմության հավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը»: Հայտարարել, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն կոալիցիա կազմեցին, մեզ թողեցին դրսում, դռները փակեցին եւ այլն, քաղաքական համագործակցության նոր պայմանագին հաջորդող, թերեւս, ամենասխալ արձագանքն է այսօր:



Կողմերը համաձայնել են, որ քաղաքական համագործակցության դաշտը ներառի պետության կյանքի ներքին եւ արտաքին բոլոր ոլորտները: Այսինքն այնպես չէ, որ եթե ՀՅԴ-ն ԿԳ նախարար ունի, ուրեմն այդ ոլորտում ինքն է ասողը, իսկ ԱԳ նախարար ունեցող ՀՀԿ-ն միանձնյա է որոշելու արտաքին քաղաքականությունը: Ավելին, կա հստակ պայմանավորվածություն, որ միասին պետք է քննարկեն ԱԺ-ին եւ կառավարությանը վերաբերող ցանկացած հարց: Սա, կարծում եմ, նորույթ է եւ բավականին հետաքրքիր նորույթ:



«Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը» բաժնում շատ մանրամասն է ներկայացված այն ամենը, որ կարելի է նաեւ վարքականոններ անվանել, որոնցով առաջնորդվելու են պայմանագրի կողմերը: Մյուս կողմից էլ՝ այնտեղ կետ չկա այն մասին, որ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն չեն կարող միասին կամ առանձնաբար որեւէ հարց քննարկել երրորդ կողմի հետ, որը կներկայանա իր առաջարկներով ու ծրագրերով: Սա շատ կարեւոր պահ է մեզանում առկա իշխանություն-ընդդիմություն անջրպետի վերացման ուղղությամբ: Այլ կերպ ասած` սա մոնոպոլ իշխանության, եթե չասենք հիմքերի խարխլման, ապա առնվազն աստիճանական կազմաքանդման մեկնարկը կարելի է համարել: Նոր Սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը, իսկ քաղաքական համագործակցության պայմանագիրը թույլ է տալիս արդեն գործնական քայլեր կիրառել այդ ուղղությամբ:



Եվս մեկ հանգամանք, որի մասին չի խոսվում, կամ դեռ չենք հասցրել խոսել: Նկատե՞լ են, արդյոք, քաղաքական դաշտի լիբերալ ուժերը, որ այս պայմանագրով մերժված չեն նաեւ իրենց գաղափարները, խնդիրների լուծման իրենց նախընտրելի մոտեցումները, օրինակ, պետության դերի հաշվառմամբ` շուկայի հետագա ազատականացման, մենաշնորհների վերացման, մրցակցության ապահովման, իրավական պետության կայացման, դատարանների անկախացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ հարցերում:



Շարունակելով վերեւում արծարծված միտքը, որ պայմանագրի կենսագործումը մեծ չափով կախված է այն ստորագրած կողմերի կամքից եւ ձեռնահասությունից, նշենք նաեւ, որ պետությունների` հաջողության հասնելու «գաղտնիքներից» մեկն էլ հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտն է: Այսինքն՝ շատ կարեւոր է, երբ հասարակության մեջ կա միմյանց լսելու, հասկանալու, փոխլրացնելու, ընդհանուր մարտահրավերների դեմ համախմբվելու, այսպես ասած` ներքին ձայն: Երբ չկա այդ ներքին ձայնը, երբ քաղաքական ուժերի մի ստվար հատված իր պարտքն է համարում միայն չարախնդալը, սպասելը, որ իշխանությունը մի տեղ սայթաքի, եւ ինքն ավելի բարձր չարախնդա ու ավելի խորը պառակտի հասարակությունը, հնարավոր է ոչինչ էլ չստացվի: Մինչդեռ ապացուցման կարիք չի զգում այն հաստատումը, որ իշխանությունների այս կամ այն սխալ քայլից, այս կամ այն ոչ ճիշտ որոշումից տուժում են բոլորը, այդ թվում եւ առաջին հերթին՝ հասարակությունը: Ուստի կարեւոր է, որ տեւական ընդմիջումից հետո հրապարակում հայտնված քաղաքական օրակարգ ասվածը, որով առաջնորդվում են գրեթե բոլոր երկրներն ու ազգերը, ճիշտ գնահատվի նաեւ մեզանում:



Իհարկե, կարելի է եւ անուն կպցնել տեղի ունեցող գործընթացին եւ համարել, որ այդպես ավելի լավ է: Ընտրության հարց է, ինչպես ասում են: Միայն թե եկեք հասկանանք` ի՞նչ է հակադրվում այս ամենին, որը, մարդ ես, գուցե ավելի լավն է, քան այն, ինչ ունենք: