Նախարարություն, որ կարող էր նաեւ չլինել

Նախարարություն, որ կարող էր նաեւ չլինել

Եթե դուք դժբախտություն ունենաք երբեւիցե երթեւեկել 45 համարի երթուղայինով, կհամոզվեք, թե ինչքան անտերության է մատնված այս երկիրը, թե որքան արժեք չունի այս թշվառ երկրի քաղաքացին: Բացի այն, որ այս երթուղին աշխատում է երկար ընդմիջումներով, այսինքն՝ 30-45 րոպե տեւողությամբ, նաեւ սարսափելի անսարք են բոլոր մեքենաները: Անսարքն այն խոսքը չէ. քայքայված, կեղտի մեջ կորած, հավանաբար ամիսներ չլվացված, թխկթխկոց-շխկշխկոցով, մի կերպ՝ հոգեվարքով տեղաշարժվում են: Բոլոր մեքենաների հատակը չկա, գետինը երեւում է, դռները չեն փակվում, նույն հոգնած ու տխուր վիճակում են նաեւ վարորդները: Երբ փորձում ես մի բան էլ դիտողություն անել այս անմխիթար ու վտանգավոր երթուղու վերաբերյալ, առաջինն իրենք են սկսում բողոքել ու անիծել, հայհոյել գծատիրոջը, որ անխղճաբար թալանում է իրենց: Բացատրում են, որ, ստիպված, մի կտոր հացի համար քարշ են գալիս: Ոչ մեկին չի հետաքրքրում ուղեւորին սպառնացող վտանգը, էլ չեմ ասում, որ մինչեւ տեղ ես հասնում, քեզ նվաստացած ու ոչնչացված ես զգում այս վերաբերմունքից: Չկա մի մեքենա, որ կարգին լինի: Վարորդներն էլ հոգնած ու տանջված են՝ իրենց մեքենաների նման: Համատարած ցավեցնող տխրություն է: Իսկ այս գծատերը, որ մի քանի մեքենա չի կարողանում պահել, հայտ է ներկայացրել մասնակցելու Երեւանի քաղաքապետի ընտրություններին:



Այդ միլիարդատիրոջ ընտանիքը խոսում է բարեփոխումներից, պայքարում է կոռուպցիայի դեմ, խոսում Հայաստանի առաջընթացից։ 45 համարի վարորդները բացահայտ հայտարարում են, թե ով է իրենց տերը, եւ բողոքում են Արգամ Աբրահամյանից:
Տրանսպորտի եւ կապի նախարարությանն էլ, իմաստ չունի այս մասին հիշեցնելը, դեռ ամիսներ առաջ գրեցի նաեւ 205 համարի երթուղայինի սարսափելի վիճակի մասին, թե երեւանամերձ բնակչությունն ինչպես է հասնում քաղաք: Ապարդյուն։ Կարելի է ասել՝ չկա նման նախարարություն, գծատերերն ավելի հզոր են, քան նախարարը։ Ո՞վ ռիսկ ունի միջամտել կամ կարգի հրավիրել նրանց: Ափսոս այն միլիոնները, որ հատկացվում են այս նախարարություններին, հազար ու մի կառույցներին: Թշվառ ու անտեր ժողովրդի գրպանից է դա գնում:



Վալյա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ