Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը սիրո կարիք ունի

Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը սիրո կարիք ունի

Այսօր կառավարությունը հաստատեց Հովսեփ Սիմոնյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին որոշումը։ Նա այս պորտֆելը ստացել է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում և փոխարինելու է մարզպետի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին։ Գործադիրի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը մեծ «բացահայտում» արեց, իմացավ, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է։ «Ո՞վ ասաց», - հարցրեց մարզպետը։ «Ընտրությունները ամեն անգամ դա են փաստում», - բացատրեցին նրան լրագրողները։ «Դա չի նշանակում, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է», - ասաց մարզպետը, համարելով, երևի, որ ընդդիմադիր լինելը վատ բան է։ Նա կարծում է, որ իշխանությանը Գյումրիում վստահում են, իսկ խնդիրները լուծելու համար նա կարճ ժամանակ պահանջեց։ Այսինքն, հավանաբար, պետք է հասկանալ, որ կարճ ժամանակում մարզպետը արմատախի՞լ է անելու ընդդիմադիր տրամադրությունները Գյումրիում։ Այդ նպատակո՞վ եք եկել, որ ավելի շատ ձայն տան իշխանական ուժերին։ «Չէ, սոցիալական խնդիրներ լուծելու»։ Մարզպետը չի թաքցնում, որ դաշնակցականացնելու է Գյումրին, ինչը և սպասվում էր․ «Ես միշտ մտածում եմ, որ յուրաքանչյուր մարդ, առավել ևս կուսակցական, իր ճիշտ աշխատանքով պետք է ապահովի կուսակցության համար քվեներ», - ասում է նա։ 2017 թվականի ընտրություններից հետո նա մարզպետի պաշտոնից հեռանալու մտադրություն չունի, որովհետև ՀՀԿ-ի հետ համագործակցությունը «անժամկետ է»․ «Ես վստահ եմ, որ 17 թվին շատ ավելի լավ կլինի»։ Դիտարկմանը, թե Շիրակի նախկին մարզպետին ժողովուրդը սիրում էր, պատասխանում է․ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ հետագայում ինձ ավելի շատ կսիրեն»։