Մհեր Սեդրակյանի դուստրը կերե՞լ է արհմիության փողերը

Մհեր Սեդրակյանի դուստրը կերե՞լ է արհմիության փողերը

«Նոր Արեշ» պոլիկլինիկայի աշխատողները վրդովված են։ Պոլիկլինիկայի տնօրենը՝ Ասյա Սեդրակյանը, որը թաղի իշխանիկ, օլիգարխ Մհեր Սեդրակյանի դուստրն է, կամայականություններ է թույլ տալիս եւ ֆինանսական խախտումներ։ Աշխատողները մեզ նամակով հայտնում են հետեւյալը․ «Վերջերս մեզ բոլորիս պարտադրել են ստորագրել փաստաթուղթ արհմիությունից դուրս գալու վերաբերյալ։ Մեր աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր պահումներ են կատարվել։ Այժմ էլ այդ գումարները, որոնց երեսը երբեք չենք տեսել, տնօրեն Ասյա Սեդրակյանը պատրաստվում է օգտագործել անհայտ նպատակով։ Դա մեր բոլորիս իրավունքների կատարյալ խախտում է»։ Նամակն անստորագիր է։ Հեղինակները համոզված են, որ եթե հայտնի դառնա, թե ովքեր են բողոքել, ապա այդ մարդիկ ճնշումների կենթարկվեն։ «Պոլիկլինիկայի տնօրեն Ասյա Սեդրակյանն ԱԺ տխրահռչակ պատգամավոր Թոխմախի Մհերի դուստրն է։ Այդ իսկ պատճառով, հասկանում եք, որ մենք վախենում ենք եւ խուսափում ենք մեր անունները հայտնի դարձնելուց»։ Փաստորեն, պոլիկլինիկայի աշխատողները չունեն հավատ, որ որեւէ մեկը կարող է իրենց պաշտպանել ամենազոր օլիգարխից եւ նրա ընտանիքից, եւ անստորագիր ահազանգեր են ուղարկում թերթեր։ Նույնաբովանդակ մի նամակ էլ մի 10 օր առաջ արհմիությունների կոնֆեդերացիան է ստացել։ Պարզելու համար, թե ինչ գումարների մասին է խոսքը, որքան էր պոլիկլինիկան փոխանցում արհմիություններին եւ ինչու է որոշել հրաժարվել անդամությունից, զանգահարեցինք տնօրեն Ասյա Սեդրակյանին, բայց ոչ մի պարզաբանում չստացանք։ Նա քարտուղարուհու հետ մեր հարցերը երկար-բարակ քննարկելուց, արժե՞ արդյոք մոտենալ հեռախոսին տալ-առնելուց հետո այդ նույն քարտուղարուհու միջոցով նախ մեզ առաջարկեց իրեն գրավոր դիմել։ Հետո հավանաբար հասկացավ, որ գրավոր պատասխանն էլ է իր նմանների համար վտանգավոր, հաղորդեց, որ դիմենք քաղաքապետարանին, քանի որ իրենք աշխատում են քաղաքապետարանի ենթակայության տակ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսնակ Արթուր Գեւորգյանը, լսելով մեր հարցերը, հայտնեց, որ քաղաքապետարանը պոլիկլինիկայի եւ իր ենթակայության տակ գործող մյուս հաստատությունների բյուջեն հաստատել է դեկտեմբերին, եւ աշխատակազմերի գծով որեւէ փոփոխություն կամ կրճատումներ չեն կատարվել։ Ինչ վերաբերում է արհմիության կոնֆեդերացիայից հարկադրաբար դուրս գալուն, ապա այս հարցով քաղաքապետարանը չի զբաղվում։ «Արհմիություններին անդամակցելն աշխատողների որոշելիք հարցն է, մենք դրա հետ ոչ մի կապ չունենք»,- ասաց Արթուր Գեւորգյանը։ Անդամավճարների թվաբանությունը հասկանալու համար զանգահարեցինք Արհմիությունների կոնֆեդերացիա։ Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունից մեզ հայտնեցին, որ «Նոր Արեշ» պոլիկլինիկան 3-4 տարի է՝ չի մուծել անդամավճարները։ «Ոչ մի կերպ կազմակերպության ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվում,- ասաց միության աշխատակիցը,- բայց մենք իրավասու չենք անդամավճարները չմուծելու հիմքով նրանց հանել արհեստակցական միությունից։ Առայժմ նրանք մեր միության անդամ են»։ Փաստորեն, 3-4 տարի «Նոր Արեշ» պոլիկլինիկայում արհմիության անդամավճարներ են հավաքել։ Ո՞ւր են կորել այս փողերը։ 



Ստիպված էինք գործի դնել մեր աղբյուրները, նաեւ պտտվել պոլիկլինիկայով եւ կոնֆիդենցիալ հանդիպումներ ունենալ աշխատողների հետ։ Եվ այսպես․ «Նոր Արեշ» պոլիկլինիկան ունի մոտ 200 աշխատակից։ 3-4 տարի շարունակ նրանց աշխատավարձից ամսական 1 տոկոս է պահվել՝ որպես ճյուղային արհեստակցական միության անդամավճար, բայց այս գումարներն արմիությանը չեն վճարվել։ Վերջին շրջանում պոլիկլինիկայում լուրեր են տարածվել, որ հարկային մարմինները շուտով ստուգումներ են անցկացնելու «Նոր Արեշում», եւ պոլիկլինիկայի տնօրինությունն աշխատողներին առաջարկել է ստորագրել արհմիությունից դուրս գալու դիմումի տակ։ Հնարավոր է, որ այսկերպ պոլիկլինիկայի ղեկավարը հարկայինի ստուգումներից առաջ փորձում է «մաքրել» փաստաթղթերը։ «Ում որ մոտեցել են, առաջարկել են՝ ստորագրի, որ քեզանից չպահվի անդամավճար, սուսուփուս ստորագրել է։ Ինչո՞ւ չպետք է ստորագրեն։ Մեր աշխատողները ոչ մի ծառայություն այս տարիների ընթացքում արհմիությունից չեն ստացել։



Արհմիությունն ընդամենը դեմոկրատիայի իմիտացիա է։ Իրականում, եթե դուք անդամավճար եք տալիս ու դրա դիմաց ոչինչ չեք ստանում, վաղը եթե ձեզ ասեն ստորագրի, պարզ է, որ դուք էլ կստորագրեք»,- ասաց պոլիկլինիկայի աշխատողներից մեկը։ Ինչո՞ւ են այդ դեպքում աշխատողները բողոքում։ Պոլիկլինիկայում երկու կարծիք կա։



Մեկը՝ տնօրենի օգտին է․ «Բողոքողները ջուր են պղտորում։ Հիմա հեշտ է Թոխմախին խփելը, խփողները շատացել են»։ Մյուսը դեմ է։ «Որ բացահայտ բողոքեն, ինչի՞ են հասնելու։ Տարիներ շարունակ այդ գումարները յուրացրել են, ոչ միայն հիմա, նախկինում մեր պոլիկլինիկան «Գրիգոր Նարեկացի» հաստատության մասն էր։ Հաստատությունը դաշնակների ձեռքին էր, ու նույնն էլ այն ժամանակ էր։ Մարդիկ լավ բան չեն սպասում»։ Մի բան պարզ է՝ Մհեր Սեդրակյանի պետությունում ստրկատիրական հասարակարգ է եւ տոտալ վախի մթնոլորտ։ Ավելին, աշխատողների հետ զրույցից հասկացանք, որ խոսքի ազատությանն այստեղ չեն հավատում։ Ի դեպ, «Նոր Արեշ» պոլիկլինիկայի ղեկավարության ֆինանսական մեքենայությունների մասին մամուլում էլի են եղել հրապարակումներ։ Այդ մասին երկու տարի առաջ ահազանգել էր «Հայկական ժամանակը», որ պոլիկլինիկան բենզինի համար պարբերաբար գումարներ է փոխանցում Մհեր Սեդրակյանի անվան հետ կապվող բենզալցակայան: Ասյա Սեդրակյանը կատարյալ անհաղորդ է։ Փորձեցինք նրա աշխատասենյակ էլ մտնել, բայց նա տեղում չէր՝ հանդիսավոր տոնով հայտնեց քարտուղարուհին։