Գաիաշվիլի․ Հայաստանում ավիատոմսերի գները 20-30 տոկոսով բարձր կլինեն, քան Վրաստանում

Գաիաշվիլի․ Հայաստանում ավիատոմսերի գները 20-30 տոկոսով բարձր կլինեն, քան Վրաստանում

49 դոլարով թռիչքներ իրականացնելու մասին նախնական տեղեկությունը, ինչպես և գրել էինք, գովազդային տրյուկ էր։ Այսօր ասուլիսի ժամանակ «Արմենիա» նոր ավիաընկերության բաժնետեր, հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հայտարարեց, որ այդ ամենաէժան ավիատոմսերը կվաճառվեն երկու ամիս առաջ տոմս պատվիրողներին և ենթակա չեն լինի վերադարձի։ Այնուամենայնիվ, նա վստահեցնում է, որ ցածր գինը խորամանկություն չէ։ «Մարկետինգային քայլ կլիներ, եթե առաջին երկու ամիսը էժան լինեին տոմսերը։ Բայց մենք մշտապես ենք պահելու այդ գինը», - ասաց նա։ Մյուս տոմսերի համար «Արմենիայի» վրացի հիմնադիրը որևէ գնային տարիֆ չէր ցանկանում նշել, բայց խոստովանեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի վճարն ու «օդի» վարձը դրանց մեջ չեն մտնում։ «Զվարթնոցի» գների մասին 100 անգամ հարց տրվեց, և Գաիաշվիլին և նրա աշխատակիցը ստիպված եղան պարզաբանել Մոսկվայի տոմսերի օրինակով․ «Այսօրվա դրությամբ օդանավակայանի վճարն ու օդի վարձը 49 եվրո են, կախված փոխարժեքից։ Ավիաընկերությունը չի կարող բարձրաձայնել այս մասին, կամ այն մտցնել գների տարիֆի մեջ, քանի որ թիվն այս փոփոխական է։ Այսօր կարող է 44 լինել, վաղը 45։ Ահա ինչու մենք հրապարակում ենք հետևյալ տարիֆը՝ 49 եվրո գումարած օդանավակայանի վճարը։ Այսօր դա 49 եվրո է, ստացվում է՝ 96։ Վաղը կարող է լինել 93, կամ 98»։



Պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե Թբիլիսիի օդանավակայանի գներն են ցածր, թե Երևանինը, նա ասաց․ «Մոտավորապես նույնն են, բայց Երևանի օդանավակայանը որակի առումով ավելի լավն է, քան Թբիլիսիինը»։ Նա դեմ է քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանի «Հրապարակին» հայտնած այն կարծիքին, թե Վրաստանում Airzena-յի ինքնաթիռները, որոնցով այս ընկերության նախկին ղեկավարներ Գաիաշվիլին և «Արմենիայի» մյուս բաժնետեր Աշոտ Հովհաննիսյանը, հայկական թռիչքներն են իրականացնելու, պարապուրդի մեջ են․ «Թբիլիսիում ինքնաթիռները պարապուրդի մեջ չեն։ Եթե կանգնեին, մենք կարող էինք դրանք վարձակալությամբ տալ։ Մենք այլ  ինքնաթիներ ենք վերցնում, և սկսում ենք թռիչքներն այլ ինքնաթիռներով։ Թբիլիսիում այլ ծրագիր է, այստեղ՝ այլ»։ «Արմենիան» ապրիլի 21-ին իր առաջին չվերթն է իրականացնելու դեպի Թելավիվ, թռչելու է նաև Մոսկվա և ռուսական այլ քաղաքներ, Թեհրան, Պրահա, Բարսելոնա, Լառնակա, Լոնդոն, Դուբայ, մոտ ապագայում՝ նաև Ֆրանկֆուրտ։



Համեմատելով միևնույն թռիչքների գները, Գաիաշվիլին հայտնեց, որ Հայաստանում գները 20-30 տոկոսով բարձր կլինեն։ «Արմենիայի» կանոնադրական կապիտալը կոմերցիոն գաղտնիք է․ «Որքան ներդրումներ պետք կլինեն, մենք ինքներս դեռ չգիտենք, այդ պատճառով չենք կարող նշել մեր ընկերության կանոնադրական կապիտալի չափը։ Բայց կարող ենք ասել, որ ներդրումները լուրջ են լինելու, -ասաց Գաիաշվիլին, - մենք ինքնաթիռները գնում ենք լիզինգով, այս տարի գալու է այստեղ «Բոյինգի» վիցենախագահը, և նրա հետ 2018 թվականին նոր ինքնաթիռների գնման վերաբերյալ պայմանագիր ենք կնեքելու»։ Առայժմ «Արմենիան» ունի 3 ինքնաթիռ։ Տարեվերջին ունենալու է 8-ը։ Թամազ Գաիաշվիլին հայտնեց, որ մեծ շնորհանդես է կազմակերպելու Քաղավիացիայի վարչության տարածքում և հրավիրելու է բոլոր հայ օդաչուներին, որոնք կցանկանան աշխատել «Արմենիայում»։ «Հիմա մենք լիցենզավորման գործընթացում ենք, որից հետո սպասում ենք նաև այն օդաչուներին, որոնք Հայաստանը լքել են, աշխատում են այլ երկրներում և ուզում են վերադառնալ իրենց ընտանիքների  մոտ», - ասաց Թամազ Գաիաշվիլին։ 



Սյուզան Սիմոնյան