«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ահազանգում են

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ահազանգում են

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից Hraparak.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ ՔԿՀ վարչակազմը շատ դեպքերում ոտնահարում է իրենց իրավունքները, ինչն էլ պատճառ է դառնում, որ կալանավորներից ոմանք դիմեն ինքնավնասման։ Մեր զրուցակիցը, որը 10 ամիս է, ինչ իր պատիժն է կրում «Նուբարաշեն»-ում, նշեց, որ երբ իրենց անհրաժեշտ է լինում անցկացնել ռենտգեն, ՔԿՀ վարչակազմը հրաժարվում է տրամադրել ռենտգեն սարքավորում։



«Ուզում ենք սոնոգրաֆիա անցկացնել, ասում են՝ ինքներդ բերեք, իսկ մենք դրա հնարավորությունը չունենք»,-ասում է մեր զրուցակիցը։ Նա տեղեկացրեց, որ կալանավորներից ոմանք դիմում են ինքնավնասման, քանի որ դիմումներ են գրում ՔԿՀ վարչություն, սակայն այդ դիմումները տեղ չեն հասնում, այդ դիմումներին ընթացք չեն տալիս, սպասում են տեւական ժամանակ, սակայն պատասխան չեն ստանում։



Ինչ վերաբերում է դատապարտյալների՝ ՔԿՀ տարածքում հանրօգուտ աշխատանքներ կատարելուն, ապա մեր զրուցակիցը նշում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում օպերներն են որոշում, թե ով պետք է աշխատի, ով՝ ոչ։ Ըստ նրա՝ տարբերություններ են դրվում նաեւ խցերի միջեւ, խցերի դատապարտյալների միջեւ, ինչն էլ բացասաբար է անդրադառնում դատապարտյալների հոգեբանության վրա։