Հուզմունք եւ հպարտություն

Հուզմունք եւ հպարտություն

Երբ հայրենիքը վտանգի մեջ է, մոռացվում են բոլոր վիրավորանքները, դժգոհությունները, անհամաձայնությունները։ Հետաձգվում են բոլոր ծրագրերը։ Բոլորի հայացքն ուղղվում է դեպի այդ վտանգը, դեպի սահման, դեպի Արցախ։ Այս օրերին բոլորս մտքով, հոգով մեր զինվորների կողքին ենք։ Աղոթում ենք նրանց համար, հաղթանակ մաղթում, անփորձանք վերադարձ երազում։ Այս օրերին է ուրվագծվում ազգի հավաքական կերպարը։ Այս օրերին է երեւում, թե ինչպիսին է մարդը՝ ինչ արժեքային համակարգ ունի, ինչքանով է վստահելի, ուժեղ, ազնիվ, նվիրված։ Այս օրերին դրսեւորվում են մեր ժողովրդի լավագույն որակները։ Միանգամից հասկանալի է դառնում, որ հայ ազգը մորթապաշտ չէ, նյութապաշտ չէ, միայն իր տանն ու զավակին չի նվիրված, այլ հող հայրենիին, որի համար պատրաստ է կյանքը զոհել, ինքնազոհողության գնալ, զրկանքների դիմանալ։ Համախմբված ու միասնական, մի բռունցք դարձած մեր ժողովուրդը կարող է սարեր շրջել, պարտության մատնել իրեն մի քանի անգամ գերազանցող թշնամուն։ Դժվար է առանց հուզմունքի դիտել այն կադրերը, որտեղ սպիտակահեր ու կնճռոտ, արդեն ոչ երիտասարդ տղամարդիկ, որոնք արցախյան պատերազմում են հաղթել, նորից հագել են իրենց ռազմական համազգեստներն ու շտապում են ռազմաճակատ։ Նրանք պատրաստ են փոխարինել նորակոչիկներին, զոհվել նրանց փոխարեն։ Նրանց մեծ մասն այն մարդիկ են, ովքեր այս բոլոր տարիներին հազար ու մի զրկանքներ են կրել, այդպես էլ իրենց տեղը չեն գտել ու չեն հաղթահարել 92-94 թվականների պատերազմի հետեւանքները։ Բայց դա չի չարացրել նրանց, չի օտարել հայրենիքից։ Եվ դա չի խանգարում, որ նրանք նույն պատանեկան անձնազոհությամբ նետվեն ռազմի դաշտ։ Նորից թշնամուն իր տեղը դնելու եւ հասկացնելու, որ հայի հետ պետք չէ կատակ անել։