Ադրբեջանը խոստովանում է իր պարտությունը տեղեկատվական հարթակում

Ադրբեջանը խոստովանում է իր պարտությունը տեղեկատվական հարթակում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջին սրացումը հերթական անգամ բավական ուշագրավ մի իրողություն վերաբացեց աշխարհի եւ նաեւ մեզ` հայերիս համար: Դեռեւս օրեր առաջ քաղաքական, տնտեսական կամ նույնիսկ անձնական ու ընկերային շարժառիթներով ու շահերով իրար բզկտող հասարակության համար բավական էր, որ հնչեր գուժկան, թե Արցախում կռիվը վերսկսվել է, եւ միանգամից ամեն բան կողք դրվեց` ցանկացած պահանջ, նկրտում, եւ զարմանալի արագությամբ ինքնակազմակերպվեցինք` արտաքին թշնամուն դիմադարձելու համար: Դեռեւս տասը օր առաջ ահագնացող արտագաղթ ունեցող երկիրը դարձավ մեկ ընդհանուր ռազմական ճամբար:



Իհարկե, այս համախմբվածությունը կարեւոր է երկրի ներսում եւ հուշում է, որ տեսակի պահպանության կամ ինքնապահպանման բնազդը մեր մեջ դեռեւս ուժեղ է նստած: Սակայն պակաս կարեւոր չէր նաեւ Սփյուռքի դերակատարությունը, որ ունեցավ այս օրերին եւ ունի ցայսօր: Բողոքի ակցիաներ աշխարհի տարբեր քաղաքներում, հայկական կազմակերպությունների, ավանդական կուսակցությունների եւ այլ կառույցների հայտարարություններ, հասարակական ընդգրկուն ճնշում իրենց երկրորդ հայրենիք պետությունների իշխանությունների վրա. սրանք պակաս կարեւոր գործոններ չեն, որոնք նույն նպատակին են ծառայում. Ի վերջո, ճակատը միայն առաջին գիծը չէ, եւ պատերազմը ողջ թափով ընթանում էր նաեւ դիվանագիտական եւ քարոզչական հարթակներում, բոլոր հնարավոր ռեսուրսների օգտագործմամբ: Եվ այստեղ եւս, կարծես թե, հաջողությունը մեր կողմն է, փաստ, որի մասին խոսում է նույնիսկ թշնամին:



«Վերջին իրադարձությունների զարգացման ֆոնին հայկական սփյուռքը եւ լոբբիստական կազմակերպությունները սկսել են հակաադրբեջանական քարոզչություն իրականացնել: Մենք պետք է խանգարենք այդ քարոզչությանը: Մեր փյուռքը եւս պետք է ցուցաբերի ուշադրություն եւ ձեռնհասություն, իսկ երիտասարդությունը` ակտիվանա սոցցանցերում: Կարեւոր է նաեւ տեղեկատվական պատերազմում հաղթանակը»,- հայտարարել է Միլլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւան, հայտարարություն, որն ուղղակի խոսում է այս դաշտում եւս ադրբեջանական պարտության մասին:



Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ