Միայն հզորանալով մենք կկարողանանք վարել արդյունավետ բանակցություններ

Միայն հզորանալով մենք կկարողանանք վարել արդյունավետ բանակցություններ

Թվում էր, թե ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պետք է երկրներին դրդեր արագորեն լուծել ղարաբաղյան խնդիրը, ավելի ինտենսիվ դիվանագիտական ջանքեր գործադրել։ Իրականում, սակայն կատարվեց հակառակը՝ չնայած տարբեր բարձրաստիճան հանդիպումների և միջնորդների ակտիվ այցելությունների, կոնսուլտացիաների և տեղազննությունների, բանակցային գործընթացը, փաստորեն, կանգնեց։ Ոչ մի նոր առաջարկ չի հնչում, իսկ Հայաստանում ավելի շատ խոսում են լավ զինվելու, նոր զենք-զինամթերք ունենալու մասին։ Անգամ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահող Ուորլիքի բանակցությունները անհապաղ վերսկսելու կոչը շատերը ընկալել են որպես ադրբեջանամետ հայտարարություն։ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, օրինակ, բացառում է, որ այս փուլում հնարավոր է արդյունավետ բանակցություններ վարել։ Նրան խնդրեցինք մեկնաբանել իրավիճակը։



-Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Թե ադրբեջանական հարձակումը և թե միջնորդների բառապաշարի փոփոխությունը տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ առաջացել է վերջին տարիներին Հայաստանի դիվանագիտության ձախողումների, միջազգային կազմակերպություններում հակայակական բանաձևերի ընդունման հետևանքով: Եթե միջազգային կազմակերպությունները, մեկը մյուսի հետևից և վերջինը ԵԽԽՎ-ն՝ իր խայտառակ բանաձևով իրենց ներդաշնակությունն են հայտնում ադրբեջանական տեսակետի հետ և անտեսում հայկականը՝ նման զարգացումը սպասելի էր: Առնվազն դիվանագիտական հարթության վրա Հայաստանի նահանջը չէր կարող Ադրբեջանին չգայթակղել շարունակել նախահարձակ քայլերը՝ նախ հրաժարվել բանակցություններից, ապա դիմել ուժային միջոցների: Միայն մեր բանակի արդյունավետ և անձնուրած գործողություններով կարողացանք զսպել և պատժել չափերն անցած թշնամուն: Այսօր դժվար կլինի ակնկալել բանակցային ակտիվացում:



-Կարո՞ղ ենք ասել, որ վերջին օրերի ռազմական գործողությունների արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել։ Եթե այո, ապա ու՞մ օգտին է այն՝ Հայաստանի, թե՞ Ադրբեջանի։ 



- Առաջին հերթին մենք ունեցանք բազմաթիվ զոհեր, հարյուրից ավելի վիրավորներ, մեր տներ եկան սուգն ու խորը ցավը: Մեր հետախուզությունը չկարողացավ պատշաճ մակարդակի վրա գտնվել՝ կանխելու գիշերային հարձակումները: Այսօր ես ձեռնպահ կմնամ ռազմական վերլուծություններից` թողնելով այն առավել պատեհ ժամանակների:



-Երեկ ԱԳՆ փոխնախարարը հայտարարեց, որ մենք հիմա նախ, պետք է վերահաստատենք 94 թվականի զինադադարի պայմանագիրը, ապա բանակցենք Մադրիդյան փաստաթղթի շուրջ։ Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ։ Ի՞նչ պետք է անել հիմա։



- Հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու պետությունների զինվորականների միջև: Ղարաբաղը այնտեղ չկար։ Մենք կրկին չկարողացանք ապահովել Ղարաբաղի ներկայությունը կարևորագույն որոշումների կայացմանը: 1994-ի փաստաթուղթը ստորագրել էր հենց Ղարաբաղը, Մադրիդյան փաստաթղթում ԼՂՀ դերակատարում նախատեսված չէ: Շավարշ Քոչարյանի ասածը սոսկ ցանկություն է։ Ես չեմ ակնկալում, որ կլինեն առարկայական բանակցություններ այս փուլում:



-Մինսկի խմբից կարո՞ղ ենք սպասել նոր առաջարկների, թե՞ փակուղին, որում հայտնվել է բանակցային պրոցեսը, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներով։



- Առաջարկները անում են կողմերը։ Նրանք են շահագրգիռն ու նախաձեռնողը: Մինսկի խմբի համանախագահները պարզապես միջնորդում են այսօր արդեն երկու կողմի առաջարկությունները: Համանախագահների դերը հակամարտության կարգավորման հարցում պետք չէ ուռճացնել: Նրանք ջանում էին ԱՄՆ-ում կազմակերպել բարձր մակարդակի հանդիպում՝ արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ զոհերով պատերազմական իրավիճակ: Մինչև մենք չվերականգնենք ուժերի՝ ռազմական և դիվանագիտական հավասարակշռությունը, բանակցությունները չեն լինի առարկայական:



-Այսինքն, դուք բացառու՞մ եք, որ այս փուլում արդյունավետ բանակցություններ կարող են լինել։



-Բանակցություններն արդյունավետ են այն ժամանակ, երբ կա ուժերի բալանս, Հայաստանն իրեն ինքնավստահ է զգում և կարողանում է լիարժեքորեն պաշտպանել իր շահերը։ Այս փուլում մենք շատ հարցերում զիջել ենք և գտնվում ենք ավելի վատ վիճակում։ Այդ առումով բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, և ես բացառում եմ, որ Հայաստանը կարող է արդյունավետ բանակցություններ վարել առաջիկայում։ Միջնորդները կփորձեն դա անել, և ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա դրա վկայությունն է։ Պարզապես, Հայաստանի այսօրվա իրավիճակը, այդ թվում այս իրադարձությունները, այսքան զոհերը, ավերածությունները, ադրբեջանցիների ներթափանցումը մեր տարածք չեն ստեղծում նպաստավոր պայմաններ լիարժեք և մեզ համար շահավետ բանակցություններ վարելու համար։



- Այդ դեպքում այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ԼՂՀ հարցի լուծումը։



- Հայաստանի այսօրվա ղեկավարության ամեն լրացուցիչ օր մնալը իշխանության նշանակում է նահանջ Հայաստանի համար: Միայն կույր պետք է լինել, չնկատելու, թե ինչ ձախողումներ տեղի ունեցան վերջին տարիներին դիվանագիտական ասպարեզում: Հիմա էլ արդեն հողի վրա մենք չենք կարողանում ապահովել մեր բնակավայրերի անվտանգությունը, մեր զինվորների կյանքը, Ադրբեջանի գրոհայինները մտնում են մեր գյուղեր ու սպանում խաղաղ քաղաքացիներին: Քանի դեռ չի մարել իրենց ոգևորություն նման արարքներով, քանի դեռ նրանք ի վիճակի են նման ցավ մեզ պատճառելու՝ չի լինելու ԼՂ հարցի արդարացի հանգուցալուծում: Միայն Հայաստանի և ԼՂՀ հզորացումով մենք կկարողանանք պարտադրել մեր կամքն ու վարել արդյունավետ բանակցություններ:



- Կուզեի նաև ԵՏՄ վարչապետների հանդիպման մասին հարցնել, թե կարո՞ղ է այն օգտակար լինել մեզ համար, կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունը և Ղազախստանի և Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ:



- ԵՏՄ վարչապետների հավաքի տեղափոխումը Մոսկվա վատ ուղերձ է Հայաստանին: Ես ակնկալում եմ ՀՀ պաշտոնական արձագանքը։ Մենք նախագահողն ենք, և մենք պետք է առաջարկեինք օրակարգը: Սա շատ մտահոգիչ զարգացում է։ Պաշտոնական Երևանի լռությունը ևս մեկ դիվանագիտական սխալ է: Սրանով նաև Ադրբեջանն է լկտիանում, հասկանալով, որ կարող է ցանկացած պահի ձախողել կարևորագույն միջոցառման անցկացումը Հայաստանում: Այն անարձագանք չպետք է մնա։



Սյուզան Սիմոնյան