Շարմազանովն այս պատերազմից հետո հասկացել էր, որ իրավունք չունի սխալվելու Երևանում

Շարմազանովն այս պատերազմից հետո հասկացել էր, որ իրավունք չունի սխալվելու Երևանում

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին։ 



Hraparak.am-ի հարցին, թե Լավրովի այցը կարո՞ղ է որոշակի երաշխիք հանդիսանալ, որ Ադրբեջանը մի նոր ագրեսիա չի սանձազերծի Արցախի նկատմամբ, Շարմազանովն ասաց․ «Մենք չենք սկսել ագրեսիան, ոչ էլ Լեռնային Ղարաբաղը կամ համանախագահներն են սկսել, որ մենք երաշխիքներ տանք։ Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես կռվի։ Ես իմ վրա չեմ կարող վերցնել մի պատասխանատվություն՝ խոսելու մի պետության երաշխիքների մասին, որի պետական քաղաքականությունը հակահայկականությունն է»։



Շարմազանովը ընդգծեց, որ դրական է համարում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ նշում են, որ պատերազմ չի կարող լինել։



«Մենք պետք է կարողանանք բոլորս և՛ ռազմական ոլորտում, և՛ դիվանագիտական ոլորտում լինել միասնական։ Մեր հովանավորը տեր Աստվածն է և մեր միասնությունը։ Եվ այս պատերազմը կոնկրետ ինձ ցույց տվեց մի բան, որ ես իրավունք չունեմ այստեղ՝ Երևանում, սխալվելու։ Ո՛չ մեծ սխալի իրավունք ունեմ, ո՛չ փոքր սխալի իրավունք։ Մենք պիտի ավելի ուշադիր աշխատենք, ավելի սրտացավ լինենք, մենք պիտի քսան անգամ չափենք, մի անգամ կտրենք»,- նշեց Շարմազանովը։



Մենք նկատեցինք, որ Մեդվեդևի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը բավականին կոշտ հայտարարություններ արեց՝ իր դժգոհությունը հայտնելով, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, այս անգամ կարծես թե նման սուր հայտարարություններ, գնահատականներ չհնչեցին։



Ի պատասխան՝ Շարմազանովն ասաց․ «Ես կարծում եմ, որ ամեն օր նույն գնահատականները հնչեցնելը․․․ Քաղաքականությունն ունի հրապարակային մաս և ոչ հրապարակային։ Ես հուսով եմ, որ Լավրովի այս այցից հետո հայ-ռուսական հարաբերություններում կլինի զարգացում, և բոլոր ոլորտներում մենք կարող ենք ունենալ առաջընթաց։ Պատահական չի, որ ՌԴ արտգործնախարարը նշեց, որ Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է։ Սա լուրջ մեսիջ էր նաև ռուսական միգուցե լրատվամիջոցներին, միգուցե Ադրբեջանին, միգուցե նաև միջազգային հանրությանը։ Բայց եկեք ընդունենք, որ արտգործնախարարն այն մարդը չէ, որ պատահական հայտարարություններ անի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ