Վլադիմիր Վոլֆովիչի ինքնափարատումը

Վլադիմիր Վոլֆովիչի ինքնափարատումը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, որ ակտիվանում է հատկապես տոն և հիշատակության օրերին, մայիսի 1-ին հայտարարել էր, որ մինչև Ղարաբաղում և Հարավային Կովկասում ռուսական դրոշը չծածանվի, խաղաղություն չի լինի: Իհարկե, շատ վիճելի բան է ասում Վլադիմիր Վոլֆովիչը:



Հասարակ մի հարց տանք իրեն. կարո՞ղ է նա այսօր նշել աշխարհի վրա մի կետ, որտեղ ծածանվում է Ռուսաստանի դրոշը և խաղաղություն է տիրում: Թերևս մի կետ միայն` Հարավային բևեռը: Սիրիա, Ղրիմ, Դոնբաս, Չեչնիա, Դաղստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Բալթիկ ծով… Կուբայում քանի դեռ ռուսական դրոշն էր ծածանվում, պայթյունավտանգ իրավիճակ էր, հանեցին այն` Օբաման այցելեց Կուբա, վերականգնվեց կղզու հետ օդային հաղորդակցությունը, գնալ-գալ սկսվեց, առևտուր… մի խոսքով` կյանքը մտավ կղզի:



Ժիրինովսկին գուցե Խորհրդային Միության հովերով է տարված, երբ խոսում է Կովկասին խաղաղություն բերելու մասին: Այլապես Ռուսաստանի պատմությունից էլ է հայտնի, որ ռուսներին Հարավային Կովկասի ժողովուրդները սկսել են ճանաչել ռուս-պարսկակաան և ռուս-թուրքական պատերազմներով: Այսինքն այնպես էլ չէ, որ Ռուսաստանի դրոշով Կովկասում երբևէ խաղաղություն է հաստատվել: Իսկ ինչ վերաբերում է Խորհրդային Միության 70 տարիների խաղաղությանը, ապա բոլորին է հայտնի, թե դա ինչ խաղաղություն էր: Բանտում էլ ամեն ինչ խաղաղ է, բայց բավական է բանտապահը աչքը կպցնի ու…



Խորհրդային Միությունը չլուծեց իր կազմում հայտնված ժողովուրդների ազգային հարցերը: Ավելին, Խորհրդային Միությունը կայացավ բացառապես ազգային հարցերի ոտնահարման վրա` բոլորին ԽՍՀՄ քաղաքացի դրաձնելով, մեկի հողը մյուսին տալով, արհեստական ազգեր ու հանրապետություններ ստեղծելով և այլ այլանդակություններով: Եթե Ժիրինովսկին հենց սա նկատի ունի, երբ երազում է Ռուսաստանի դրոշը տեսնել Ղարաբաղում, ապա նախ այդ դրոշը պետք է ծածանվի Բաքվում, ինչպես դա եղավ 20 թվին, և հետո միայն հասցվի Ստեփանակերտ, որովհետև ճաշը, որ եփել են Ժիրինովսկու բոլշևիկ պապերը, հենց դա է ենթադրում:



Իսկ հիմա պատկերացնենք, որ ղարաբաղցիները «խելահասություն» են ցուցաբերում և մի գեղեցիկ օր Ստեփանակերտում բարձրացնում են ռուսական եռագույնն ու փողոցներում վանկարկում` «Լենին-Պուտին-Ժիրինովսկի»: Ի՞նչ տեղի կունենա: Ի՞նչ է անելու Ռուսաստանը, կարո՞ղ է տեր կանգնել Ժիրինովսկու մեծ-մեծ խոսքերին, թե՞ հերթական անգամ բզկտելու է Արցախը և խալաթի տեղ նվիրելու է Բաքվի խաներին, որպեսզի նրանք կրկին թեքվեն Ռուսաստանի կողմը:



Մնում է Ժիրինովսկուն ասել` դե փախար… Այս մարդը 20 տարուց ավելի է պտտվում է ռուսական գահի շուրջը գեթ մեկ բանի համար` որպեսզի իր հիմար-հիմար հայտարարություններով աշխարհին ծանուցի Կրեմլի երազանքը: Նրան դատի են տվել Կովկասի և Միջին Ասիայի շատ ժողովուրդներ, բայց ժամանակն է, որ նրան դատի տա հենց ռուս ժողովուրդը: Կարելի է հիշել նրա ստորաքարշ հայտարարությունները «եղբայրական» Թուրքիայի և Հեյդար Ալիևի արժանավոր զավակ Իլհամ Ալիևի ստեղծած հզոր պետության մասին, քանի դեռ Էրդողանը, Ռուսաստանի քթիծ բռնած, թղթի վրա գազամուղ էր կառուցում «Թուրքական հոսք» անվամբ: Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ «եղբայրական» Թուրքիան ռուսական ինքնաթիռ խոցեց: Մի՞թե սա փաստ չէ, որ Ժիրինովսկին խաբել է իր ժողովրդին:



Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանի նշանավոր շփումները և այցերը տեղավորվում են բավականին նեղ աշխարհագրական տիրույթում` մի քանի այց Բաքու, Կիև, շփումներ Ադրբեջանի, Ուկրաինայի իշխանությունների և Ղրիմի թաթարների չճանաչված ղեկավարների հետ: Այսքանից հետո Պուտինը բավարարվում է Էրդողանի զանգերին չպատասխանելով և Պետդումայի պատգամավորներին արգելում մեկնել Արցախ: Կարո՞ղ է Ժիրինովսկին բացատրել, թե ինչպես պետք է Ղարաբաղում ծածանվի ռուսական դրոշը, երբ պատերազմի օրերին ԵՄ պատգամավորներն ու առանձին երկրների պաշտոնական պատվիրակություններն Արցախում էին, իսկ ռուսները ներկա էին միայն լրագրողական մակարդակով, այն էլ ադրբեջանական կողմում:



Պատմում են, որ մի անգամ Ժիրինովսկին ժամանել է երկաթուղային կայարան, և պարզել, որ իր գնացքը «բուկվալնը» 5 րոպե առաջ մեկնել է արդեն: Նա իրեն չի կորցրել. «Լավ է, շատ չեմ ուշացել…»: Ռուսաստան-Կովկաս գնացքը մեկնել է 25 տարի առաջ, բայց աննկուն Ժիրինովսկին դեռ նույն կերպ է իրեն հանգստացնում:



Էդիկ Անդրեասյան