Հետմահու պարգեւների արժանացած հերոսի ընտանիքն ապրում է աղքատիկ պայմաններում

Հետմահու պարգեւների արժանացած հերոսի ընտանիքն ապրում է աղքատիկ պայմաններում

Այնթափի 20 փողոցում բնակվող Զոհրաբյանների տանը սգո տրամադրություններ են տիրում։ Նրանք օրերս են հրաժեշտ տվել Լեռնային Ղարաբաղում` Մարտունիի զորամասում ծառայող իրենց 25-ամյա որդուն՝ Աշոտին, որը զոհվել է դիպուկահարի կրակոցից։



Աշոտը դպրոցը ավարտել էր գերազանց, հետո ավարտել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, կադրային սպա էր, իրեն մինչեւ վերջ նվիրել էր զինվորական գործին եւ, ինչպես հարազատներն են նշում, կյանքն առանց ծառայության չէր պատկերացնում։ «Շատ էր սիրում իր զինվորներին, կապված էր նրանց հետ։ Որ զանգում էր, մեզ հետ քիչ էր խոսում, ասում էր, որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Աշոտը իմ մեծ տղան էր, նշանվել էր ղարաբաղցի մի աղջկա հետ, պատրաստվում էր, որ ամռանը պետք է ամուսնանան։ Ինքը պայմանագրային ծառայող էր, պատրաստվում էր, որ պետք է տեղափոխվի Հայաստան եւ այստեղ ծառայի։ Զինվորական ծառայությունն իր համար կոչում էր»,- պատմում է մայրը՝ Անահիտը։



Աշոտը, ընտրելով զինվորական ծառայությունը, գնացել է քեռու՝ փոխգնդապետ Իգոր Աբրահամյանի հետքերով։ Իգոր Աբրահամյանը Արցախյան պատերազմի տարիներին մասնակցել է Լաչինի միջանցքում, Քելբաջարում, Օմարում ընթացող մարտերին։ Նա կարողացել է օրինակ ծառայել իր քրոջ որդու համար, որն, իր ասելով, «աչքը բացել է՝ համազգեստ է տեսել»։Աշոտի քեռին պատմում է, որ հենց զինվորական գործերի մասին հաճախ է խորհրդակցել իր հետ, երբեմն չի համաձայնել իր տված խորհուրդների հետ՝ ասելով, որ հիմա ժամանակներն ուրիշ են, ռազմական գործում այլ բաներ են պահանջվում։
«Երեք տարեկանից, դեռ 1994 թվականից ես Աշոտին հետս տարել եմ սահման»,- հիշում է մեր զրուցակիցը։ Իգորի համար ողբերգություն է ամեն օր զոհերի մասին տեղեկանալը։ «Օր չկա, որ չլսենք հերթական զոհի մասին։ Իսկ դա ի՞նչ է նշանակում, որ ամեն մի զոհը մի ընտանիք է քանդում, մի երիտասարդ կյանք է խլվում։ Հայկական կողմը շատ է զիջող, չպետք է այդպես պահի»,- ասում է Իգոր Աբրահամյանը։



Աշոտի կրտսեր եղբայրը՝ 23-ամյա Արթուրը, պայմանագրային զինծառայող է, նա ապրիլյան պատերազմի օրերին եղել է Թալիշում։ Փորձում ենք հետաքրքրվել, թե ինչ տպավորություններ է ստացել Թալիշից, լռում է, նախընտրում է չխոսել այդ մասին։ Աշոտի երկու հորեղբայրների երկու որդիները նույնպես զինվորականներ են։



Իգոր Աբրահամյանը անդրադառնում է վերջերս հաճախ շրջանառվող այն խոսակցություններին, թե ինչու պաշտոնյաների եւ մեծահարուստների որդիները չեն ծառայում, չեն մեկնում առաջին գիծ։  «Հայրենասիրությունը մարդու մեջ պետք է լինի՝ անկախ այն բանից պաշտոնյայի որդի՞ է, թե՞ ոչ։ Մենք պետք է պաշտպանենք մեր մի թիզ հողը»,- ասում է նա։ 



«Մեզ համար հպարտություն է, որ իմ որդին հերոս է, նվիրված էր իր հայրենիքին։ Իրեն հերոսի պես են հողին հանձնել՝ պահակախմբով, արկեստրով։ Թող իմ տղան լինի վերջին զոհը»,- հավելում է Աշոտի մայրը՝ տիկին Անահիտը։



Իսկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հետմահու Աշոտ Զոհրաբյանին պարգեւատրել է «Մարտական ծառայության» մեդալով։



Թագուհի Հակոբյան