Փոխըմբռնման հուշագիր՝ ՏԿԶ նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի միջև

Փոխըմբռնման հուշագիր՝ ՏԿԶ նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի միջև

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է Փոխըմբռնման եռակողմ հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը:



Հուշագրի նպատակն է նպաստել համայնքային ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձևավորմանը, կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկմանը` §Ամբողջականության (Integrity) հիմունքները տեղական ինքնակառավարման համակարգում¦ վերապատրաստման ծրագրի պարբերական իրականացման միջոցով, համայնքային ծառայողների մոտ գործնական հմտությունների խորացմանը, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության թերությունների և բացերի վերհանմանը, ինչպես նաև աջակցել համայնքային ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ համայնքային ծառայողների և քաղաքացիների միջև ծագած փոխհարաբերությունների որակի բարձրացմանը:



Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ կողմերի սերտ համագործակցությամբ հուշագրի հոդվածներով սահմանված բոլոր գործողությունները իրականություն կդառնան, ինչով կապահովվի նաև ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքային ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխման գործընթացի շարունակական բնույթը: «Կարևորելով ՀՀ համայնքային մարմինների աշխատակազմերի համայնքային ծառայողների մասնագիտական վերապատրաստման գործընթացի կազմակերպումը, հույս եմ հայտնում, որ այն կնպաստի մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ առավելագույնս մոտեցնելով միջազգային չափանիշներին»,-նշել է նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացին մասնակցելու և օժանդակելու համար:



ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը հույս է հայտնել, որ համատեղ նախաձեռնությունը կնպաստի կառավարության ջանքերին՝ Հայաստանում իրականացնելու հակակոռուպցիոն ռազմավարությունը և խթանելու արդյունավետ և հաշվետու կառավարում:



«Մենք ունենք շարունակական համագործակցության լավ պրակտիկա քաղաքացիական և համայնքային ծառայության ոլորտի հետ և ուրախ ենք խթանելու կոռուպցիոն ռիսկերի, շահերի բախման, բարեվարքության վերաբերյալ քաղծառայողների գիտելիքները և մեծացնելու քաղծառայողների ներգործությունը՝ պետության կողմից որակյալ և հաշվետու ծառայություններ մատուցելու գործում»,- իր խոսքում նշել է Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը:
Կողմերը, շնորհավորելով միմյանց հուշագրի ստորագրման կապակցությամբ, փոխգործակցությանը մաղթել են հաջող ընթացք:



Այս մասին տեղեկացնում են ՏԿԶ նախարարության պաշտոնական կայքից: