Դեռ պետք է բանակի «բացերը» լրացնել, նոր անցնել կորցրած դիրքերի խնդրին

Դեռ պետք է բանակի «բացերը» լրացնել, նոր անցնել կորցրած դիրքերի խնդրին

800 հա տարածք հակառակորդին տալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ մի կերպ չի մարսվում հասարակության որոշ խմբերի եւ հատկապես զինվորականների կողմից։ Վիեննայից վերադարձի ճանապարհին Սերժ Սարգսյանն ասել էր, որ հայկական կողմը կարող էր վերականգնել ստատուս քվոն եւ հետ բերել այդ տարածքները, սակայն ռազմավարական եւ մարտավարական առումով այդ տարածքները մեծ նշանակություն չունեն, ուստի ինքը, իբրեւ գերագույն գլխավոր հրամանատար, որոշել է, որ չարժեր զոհեր տալ դրա համար:



Այս մոտեցումն ըմբոստության ալիք է բարձրացրել Արցախի ազատամարտին մասնակցած հրամանատարների շրջանում, որոնք բազում մահեր են տեսել եւ մարդկային կյանքը հողից վեր չեն դասում։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման գործողությունները։ Ավելին՝ լուրեր կան, որ ընթանում է կամավորականների ցուցակագրում, իսկ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել, կարծիքներ հնչեցին, թե հնարավոր է զինվորականներն ընդվզեն Սերժ Սարգսյանի որոշման դեմ եւ հետ վերադարձնեն կորցրած տարածքները։



Երեկ այս թեմայով զրուցեցինք «Ապարան» ջոկատի հրամանատար, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Նա ապրիլյան պատերազմի օրերին կամավորական ջոկատների հետ միասին մեկնել էր Արցախ՝ սահմանները պաշտպանելու։



- Պարոն Պետրոսյան, հասարակության կարծիքը կորցրած տարածքների հարցով միանշանակ չէ, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այդ տարածքներն անմշակ հողեր են, ստրատեգիական նշանակություն չունեցող, հակառակը պնդողներն էլ վստահեցնում են, որ սահմանամերձ Թալիշն ու հարակից գյուղերը, կորցրած դիրքերի պատճառով, հակառակորդի անմիջական նշանառության տակ են գտնվում։ Ի՞նչ եք կարծում Դուք։



- Որպես քաղաքացի, իհարկե, չեմ ուզենա, որ մի թիզ հող, որ մեր ընկերների կյանքի գնով է ձեռք բերվել, ազատագրվել, հիմա մնա հակառակորդին։ Բայց, որպես զինվորական, պիտի հրաման լինի, նման որոշում։ Ես միշտ եմ ասել, որ ինքնագործունեությունը սխալ է։ Բայց, որպես նախկին զինվորական ու կամավորական, միշտ պատրաստ եմ, եթե անհրաժեշտ լինի, հրաման լինի, մեծ սիրով գործողություն ծավալել եւ մասնակցել։



- Կորցրած տարածքներն ի՞նչ նշանակություն ունեն, ճի՞շտ է այն հակառակորդին թողնելը, թե՞ պետք է ամեն գնով ետ նվաճել։



- Ամբողջ խնդիրն այն է, որ ինքս էլ եղել եմ այդ տարածքում, Թալիշի հատվածում, եւ շատ հանգիստ հնարավոր է գործողություն ծրագրել ու հետ բերել դիրքերը։ Բայց մենակ դիրքեր բերելը չէ։ Մենք կարող էինք լուրջ գործողություն իրականացնել, պահը ճիշտ ընտրեինք, նոր տարածքներ ազատագրեինք, վերցնենք ու էլ ավելի ամրապնդենք խաղաղությունը։ Ադրբեջանցին համոզվեց, որ մեզ հետ հնարավոր չէ, մանավանդ որ հայ զինվորն այսօր ապացուցեց, որ մեր արժանի հետնորդն է։ Բայց պետք է ոչ թե պահի ազդեցությամբ գործել, հռետորական հայտարարություններ անել, այլեւ զուտ իրական նայել։ Ես չգիտեմ՝ այդ քաղաքական հանդիպումների ընթացքում ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, կարելի՞ է այդ պայմանավորվածությունը խախտել, կամ ինչքանո՞վ է դա մեզ համար ավելի շահեկան, բայց ինքնագործունեությունը մեզ համար շահեկան չէ։



- Խոսվում է, որ կորցրած դիրքերի պատճառով Թալիշն ու հարակից շրջանը հակառակորդի թիրախում են, Դուք տեղյա՞կ եք այդ մասին։



- Բոլոր դեպքերում, շատ ավելի լավ կլիներ, որ բոլոր դիրքերը, որոնք թողել էինք, հետ վերցնեինք, հենց այն, որ դիրքը թողել եւ հետ ենք եկել, արդեն հոգեբանական ճնշում է։ Ես էլ եմ հակված, որ դրանք պիտի դառնան մերը, պիտի ազատագրենք։ Պետք է ճիշտ պահը գտնել ու ոչ միայն վերականգնել նախկին տարածքները, այլեւ նոր տարածքներ վերցնել։ Եթե մենք մի երկու շրջան վերցնենք Ադրբեջանից, հաստատ մի 20 տարվա խաղաղություն կունենանք։ Հստակ պետք է ծրագրել սա, որպեսզի հակառակորդը եւս մեկ անգամ սխալվի, տա այդ հնարավորությունը, մենք իրագործենք։



- Ժիրայր Սեֆիլյանն է ըմբոստացել այդ դիրքերի կորստի համար եւ պատրաստակամություն է հայտնել ստանձնել Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրամանատարությունը։ Ըստ լուրերի, նա այս թեման քննարկել է նաեւ Կոմանդոսի հետ։



- Ես պատրաստ եմ իմ մարտական ընկերների հետ հանդիպել, քննարկել, հստակեցնել, բայց կողմ չեմ ինքնագործունեությանը։ Ես վստահ եմ, որ ճիշտ պահի դեպքում բանակի հրամանատարությունը, որոնք էլ մեր մարտական ընկերներն են, համատեղ կարող ենք այդ խնդիրը վերցնել մեր վրա։ Ճիշտ է՝ որպես կամավորական, մենք մի քիչ այլ մոտեցում ունենք, բայց բանակի հրամանատարությունն ավելի լավ է տարբերում՝ որն է ավելի առաջնային, որը՝ ոչ։ Իսկ եթե մենք համոզվենք, որ բանակի հրամանատարությունը չի տեսնում առաջնային խնդիրը, մենք իր առաջ կդնենք այդ հարցը։ Հիմա մենք ավելի լուրջ խնդիրների մասին պետք է մտածենք, ոչ միայն այդ մի քանի դիրքերի, այլ ավելի գլոբալ խնդիրների, դրանց հասնելուց առաջ մենք դեռ պետք է բանակի բացերը լրացնենք։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ