Բաբակեխյանից փորձել են 6 հազար դոլա՞ր շորթել

Բաբակեխյանից փորձել են 6 հազար դոլա՞ր շորթել

Գրավատան տնօրեն Արտակ Գալստյանին, որը, ըստ իրավապահների, կասկածվում է իր տնօրինության տակ գտնվող կայքերի միջոցով՝ «analitik.am», «crimenews.am», «armcrimenews.com», շորթում կատարելու մեջ, կալանավորել են, իսկ նրա փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը, բողոքարկել է կալանքի որոշումը։ Նա պահանջում է, որ կալանավորումը փոխեն գրավով։ Արտակ Գալստյանն անցնում է նույն վարույթով, ինչ «analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ու նրա աշխատող Վարդիթեր Գիշյանը։ Նրանց նույն՝ շորթման մեղադրանքն է առաջադրված (Քրօր. 182 հոդված)։ Երեկ Անի Հովհաննիսյանը ԶԼՄ-ներին գրություն է ուղարկել, որում տեղյակ է պահում, որ չի վստահում քննչական խմբին, որը «ձեռնահասություն չի ցուցաբերել անգամ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունների արտահոսքը բացառելու եւ որեւէ կերպ կանխելու համար»:



Անի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ բացարկի հիմքերն ունի, սակայն իր գրության մեջ ոչ մի հստակ հանգամանք կամ հիմք չի նշում։ Նրա փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը միաժամանակ պաշտպանում է եւ Անիին, եւ Արտակ Գալստյանին, փորձում է բացատրել Անիի դժգոհության պատճառը․ «Տեղի չունեցած քննչական գործողությունների մասին տեղեկություններ են հայտնվել մամուլում, թե իբր Ուրիխանյանի եւ Անի Հովհաննիսյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել։ Սակայն առերեսում չի եղել։ ՀՔԾ կայքում հրապարակած հաղորդագրության մեջ էլ Անիին ներկայացրել են որպես հաստատված հանցագործի»։



Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանի դեմ իրավապահներին բողոքել էր ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, այն բանի համար, որ Անին փորձել է իրենից ամսական 300 հազար դրամ շորթել վարկաբեկող նյութերի տարածումը դադարեցնելու դիմաց։ Ըստ փաստաբան Սուսաննա Սարգսյանի, Անի Հովհաննիսյանի եւ Արտակ Գալստյանի ցուցմունքներում ոչ մի հակասություն չի եղել։ Նրանք իրար ճանաչում են՝ «այսօր հանրապետության 90 տոկոսն իրար ճանաչում է», բայց Արտակ Գալստյանը չի տնօրինել եւ կազմակերպել «analitik.am», «crimenews.am», «armcrimenews.com» կայքերը։ «Այսօր ՀՔԾ-ն որեւէ հիմք չունի հայտարարելու, որ Արտակ Գալստյանը կապ ունի այս կայքերի հետ։ Ես չեմ հասկանում՝ այդ քամին որտեղի՞ց է փչում, եւ ինչո՞վ են հիմնավորում, դրանց հետ բերում-կապում մարդուն: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որեւէ մեկը ցանկացել է «պլինտուսից» մի քիչ վերեւ սողոսկելով բարձրանա, եւ որոշել է դրա համար Արտակ Գալստյանի անունը շահարկել։ Մարդը ոչ պաշտոնյա է, ոչ քրեական հեղինակություն է, ոչ չգիտեմ ինչ, ինչի՞ համար են իրեն թիրախ ընտրել»,- ասում է փաստաբանը, կարծես հանցագործություն միայն պաշտոնյաներն ու քրեական հեղինակություններն են գործում։



Սուսաննա Սարգսյանը հերքեց մամուլում հայտնված տեղեկությունը, թե կայքերի միջոցով Արտակ Գալստյանը փորձել է 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանից շորթել Բաղրամյան 77/8 հասցեում գտնվող տարածքը, որն Արտակ Գալստյանը նախկինում վաճառել է, սակայն գումար չի ստացել։ Սա «բուրգի» գործի դրվագներից մեկն էր։ «Տարածքը կայքերի միջոցով շորթելու կարիք Արտակ Գալստյանը չուներ,- վստահեցնում է Սուսաննա Սարգսյանը։- Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ, որ դատավճիռ կար քրեական գործով, որ այդ տարածքը խարդախությամբ հափշտակված է, եւ քաղաքացիական գործով էլ արդեն քաղհայց ունենք, որի շրջանակներում դատարանը կալանք է դրել Բաղրամյանի այս տարածքի վրա։ Ի՞նչ ուներ կայքի միջոցով շորթելու։ Այսպես, թե այնպես, արդեն դատական ակտով հաստատված հանգամանք կա, եւ այդ տարածքի նկատմամբ Գալստյանի իրավունքի վերականգնումն ընդամենը ժամանակի խնդիր է, եւ ոչ մի դատարան չի առարկում դատարանի վճռով հաստատված հանգամանքները»։



Մեր տեղեկություններով, Կարեն Բաբակեխյանի հաղորդման մեջ նշված է, որ Արտակ Գալստյանը փորձել է իրենից 6 հազար դոլար շորթել։ Կարեն Բաբակեխյանը հրաժարվեց շփվել մեզ հետ: Հարցին, թե ինչու է հաղորդում տվել, եթե չի ցանկանում բացահայտել հանցագործներին, նա պատասխանեց. «Դրանք միանգամայն տարբեր բաներ են: Ես չեմ ցանկանում խմբագրությունների հետ առնչություն ունենալ»: Մենք այլ հարցեր էլ էինք ուզում ուղղել Բաբակեխյանին, քանի որ նա նախկին ոստիկան է, իսկ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ կայքերի գործի քննությունը դուրս է գալու ոստիկանության պաշտոնյաների վրա: Համենայնդեպս, որոշ շրջանակում սպասում են, որ այս գործում ոստիկանական հետք է ի հայտ գալու, ինչի մասին ԱԺ ամբիոնից խոսեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նախապես նա խոստացել էր կայքերի հովանավորների մասին խոսել, բայց անուններ այդպես էլ չհնչեցրեց: Նախկին ոստիկան Կարեն Բաբակեխյանը, որին 2 տարի առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատեց Շիրակի ոստիկանապետի պաշտոնից եւ ուղարկեց ռեզերվ, բավարար հիմքեր ունի չսիրելու ներկայիս ոստիկանապետին, եւ այս իմաստով նրա ի հայտ գալը գործում կարող է եւս օրինաչափ լինել:



Ի դեպ, Արտակ Գալստյանը մի շրջան մասնակցել է ոստիկանությունում գործող կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին՝ որպես «Ֆիդես» ՀԿ-ի ներկայացուցիչ։ Այս ՀԿ-ն ղեկավարում է հենց փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը եւ ժամանակին լիազորել է Արտակ Գալստյանին, որպես «Ֆիդես»-ի իրավաբանական խորհրդի ղեկավար, այս մարմնին անդամակցելու։ Ոստիկանությունից պարզաբանեցին, որ այդ հանձնաժողովը գործել է մինչեւ փետրվար, իսկ այժմ նոր կազմ է ընտրված։



ՀԳ. Ավելի ուշ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ, ի թիվս վերը նշված տեղեկությունների, գրված էր, որ «Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. աշնանն Ա. Գալստյանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ա. Գալստյանը դրդել է Անի Հ.-ի ազգականին, իր միջոցով, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձին` Անի Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու համար: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրօր. 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ