Ուզում եք տնտեսե՞լ՝ կրճատեք խորհրդականներին

Ուզում եք տնտեսե՞լ՝ կրճատեք խորհրդականներին

Ընդունված է կարծել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն ամուր պաշտպանություն է ապահովում քաղծառայողների համար։ Օրենքում կան դրույթներ, որոնք գրեթե բացառում են նրա աշխատանքից ազատումն իր կամքին հակառակ։ Անգամ պետական մարմինների վերակազմակերպումը քաղծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ։ Իսկ հաստիքների կրճատման ժամանակ նշանակություն ունեն դասային աստիճանը, քաղծառայության բարձր ստաժը, մինչեւ 3 տարեկան երեխա խնամելու հանգամանքը եւ այլն։ Սպասելի էր, որ ապարատի կրճատում ազդարարելով, կառավարությունը խնդիր է ունենալու «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հետ եւ կփոխի այն։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հայտարարեց, որ արդեն այս տարի կունենանք քաղծառայության մասին նոր օրենք, որը հաստիքների համալրման եվրոպական մոդելն է ընդունելու որպես հիմք, այսինքն՝ պարբերաբար գնահատվելու է չինովնիկների աշխատանքի արդյունավետությունը։



«Յուրաքանչյուր քաղծառայող ոչ թե 3 տարին մեկ պետք է գա եւ իր աշխատանքի կարեւորությունն ապացուցի, այլ նրա աշխատանքը պետք է գնահատվի յուրաքանչյուր օր»,- ասել է Բադալյանը: Իսկ առայժմ գնահատման պարտականությունը հանձնարարված է մարմինների ղեկավարներին։ Նրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրելու է, թե որ հաստիքներն իրեն այլեւս պետք չեն, եւ աշխատողներին կրճատելու առաջարկներ է ներկայացնելու վարչապետին։ Վերջինս, որքան էլ բոցաշունչ ելույթներ ունենա կամ ապավինի ղեկավարների խղճին, չի կարողանալու համոզել, որ առաջին հերթին տուժելու են «անտերները», այսինքն՝ ամենաանպաշտպան չինովնիկական դասը, որը 9-6-ն աշխատում է, ծրարներ շեֆից չի ստանում եւ եթե նրան տեսնելու կարիք ունի, շաբաթներով ընդունելության է սպասում։



Մինչդեռ պետական ապարատի օպտիմալացումը պետք է սկսել խորհրդականներից եւ օգնականներից, որոնք սնկի պես աճել են նախարարություններում։ Այդ պաշտոնների նշանակում են մարդկանց, որոնց գործից հանել են, «սպիսատ» են արել, բայց չեն ուզում նեղացնել եւ մի տաքուկ պաշտոն են տալիս, կամ էլ նրանց, ովքեր կապեր ունեն եւ չեն ուզում «անգործ» մնալ։



Նույն կառավարությունում «հանգրվանել» են Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը։ Ի դեպ, վերջինս «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի բիզնես-մրցակիցն է Վայոց Ձորում, նույնիսկ, կարելի է ասել, բիզնես-թշնամին։ Ջերմուկում՝ հենց Աշոտ Արսենյանի «Արմենիա» հյուրանոցի դեմդիմաց նա «Ջերմուկ հայաթ» հյուրանոցը բացեց, նաեւ Մոսկվայում «Արարատ հայաթի» տերն է: Նա է գնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող Արհմիությունների շենքը, եւ ժամանակին լուր տարածվեց, որ հյուրանոց է ուզում սարքել, բայց շինարարությունը կանգնեց, քանի որ հայ օլիգարխներից մեկը փայ էր ուզել այդ հյուրանոցից։ Մի խոսքով, հասկանալի չէ, թե ինչ խորհուրդներ կարող է տալ բիզնեսմեն Սամվել Սարգսյանը վարչապետին, որը բիզնեսի հարցերում, ինչպես հայտնի է, ոչ պակաս ձիրք ունի։ Իսկ եթե նրան կրճատեն, ոչ սոցիալական մեծ խնդիր կլինի, ոչ օգտակար խորհուրդների դեֆիցիտ։ Ընդհանուր առմամբ, վարչապետը 10 խորհրդական ունի, 9-ը՝ նախագահը, 8-ը՝ ԱԺ նախագահը։ Սրանք դեռ ոչինչ։ Սոցապնախարարն ունի 4 տեղակալ, 3 խորհրդական, 3 օգնական եւ տեղակալի օգնական։ Էդվարդ Նալբանդյանը 4 տեղակալ ունի, 5 խորհրդական, մեկ օգնական։ 5 տեղակալ, 3 խորհրդական-օգնական էլ ունի գյուղնախարարը։



Ամենաքիչ խորհրդականներն ունի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Բայց նա էլ 4 տեղակալ եւ 2 օգնական ունի։ Առողջապահության նախարարը 5 խորհրդական ունի, որոնց թվում է իր նախորդից «ժառանգություն» մնացած Ռուզաննա Խաչատրյանը՝ Սեյրան Օհանյանի կինը։ Նա իր ժամանակի մի մասը ֆոտոսեսիաներին է նվիրում, մյուսը՝ ՊՆ-ում եւ իր ՀԿ-ի աշխատասենյակում նկարվելուն եւ հաստատ ժամանակ չունի առողջապահության նախարարություն գնալու եւ խորհուրդներ տալու։ Այնպես որ, Օհանյանի կնոջը «օպտիմալացնելուց» ոչ համակարգը կտուժի, ոչ նախարար Մուրադյանը, ոչ էլ, կարծում ենք, Պնախարարի երեխաները եկամտից կզրկվեն։ Նախարարների խորհրդականները, տեղակալները, վարչության ու բաժինների, այլ ստորաբաժանումների պետերն ունեն նաեւ վարորդներ, քարտուղարուհիներ՝ առաջին եւ երկրորդ հերթափոխին սուրճ դնող, նրանք էլ համակարգիչներ եւ գույք ունեն։ Մի խոսքով՝ կրճատելով այս բոլորին, մեծ միջոցներ կտնտեսվեն պետբյուջեից։



Նրանց, ովքեր մեր առաջարկը որպես լրագրողական չարամտություն են որակում, հիշեցնենք, որ խորհրդականներին եւ օգնականներին կրճատելն օպտիմալացման ընդունված ձեւ է։ 2013 թվականին ՌԴ նախագահ Պուտինը կրճատեց իր խորհրդականներին՝ համարելով, որ նույն պարտականությունները կատարում է քարտուղարությունը։ 2010 թվականին Ֆրանսիայի նախագահ Սարկոզին իր նախարարներին առաջարկեց կրճատել խորհրդականներին՝ բյուջեն տնտեսելու համար։ Իհարկե, ֆրանսիական եւ ռուսական ապարատներն անհամեմատ մեծ են մերինից եւ ճյուղավորված, բայց մեր երկիրն էլ փոքր երկիր է՝ 35 տոկոս աղքատությամբ, եւ դա կրճատելու համար արժե հետեւել մեծ տերությունների օրինակին։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ