Սեյրան Օհանյանի օգնականն Ավանում դղյա՞կ է կառուցում

Սեյրան Օհանյանի օգնականն Ավանում դղյա՞կ է կառուցում

Պաշտպանության նախարարի օգնական Աշոտ Սամիրի Բալասանյանը հրապարակային դեմք չէ, աղմկոտ պատմությունների մեջ չի ընկել, եւ ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաների ցուցակներում, որոնք պարբերաբար հայտնվում են ԶԼՄ-ներում, նման անուն-ազգանուն չի հիշատակվում։ Բայց օրերս մեր այս պաշտոնյան հայտնվեց «Հրապարակի» տեսադաշտում։ Երեւանի Ավան համայնքի Քուչակ թաղամասում զիլ շինարարություն է ընթանում։ Քարե պարիսպը դեռ կանգնեցված չէ, եւ կարելի է տեսնել, որ սա ոչ թե տուն է, շենք, այլ իսկական դղյակ՝ որեւէ օլիգարխի պատկանող։ Թաղամասի բնակիչները պատմում են, որ շենքի տերը հենց վերոնշյալ պաշտոնյան է՝ Սեյրան Օհանյանի համեստ օգնական Աշոտ Բալասանյանը։ Շինության տպավորիչ չափերից առավել մեզ զարմացրեց այն, որ շինարարության վրա աշխատում են զինվորական համազգեստով բանվորներ։ Ովքե՞ր են։ Զորամասերից բերված ժամկետային զինծառայողնե՞ր, որոնց անվճար շահագործելը սպայական անձնակազմի որոշ ներկայացուցիչների համար սովորություն է։ Թե՞ նախարարի օգնականն այնքան բանակայինի համազգեստ ունի, որ բանվորներին է բաժանել՝ նրանց շինարարական աղբից պաշտպանելու համար։ Իսկ գուցե սրանք նախարարի օգնականի ընկերնե՞րն են, որոնք ծառայությունից ազատ ժամանակ բանվորություն են անում հարազատ ընկերոջ համար։



ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ շինություն է պատկերված այս լուսանկարում, որն ուղարկել էինք նրան, եւ պատկանո՞ւմ է արդյոք Բալասանյանին։ Գրավոր հարցում ուղարկելու պարագայում խոստացավ ճշտել։ Իսկ զինվորական համազգեստով բանվորների մասին ասաց․ «Զինվորներ հաստատ չեն կարող մասնակցել շինարարությանը։ Զինվորական հին հագուստ այսօր շատ կա շատերի ձեռքում։ Հատկապես այս կամավորների հոսքից հետո տասնյակ հազարավոր օգտագործված համազգեստ կա մարդկանց ձեռքերում։ Իսկ նկարում անգամ հստակ չէ, թե ներկայի՞ս համազգեստն է, թե՞ մեկ այլ նման համազգեստ»։ Ահա ռեբուս՝ ՊՆ խոսնակից։



Փորձեք ճշտել, իսկ Սեյրան Օհանյանի օգնականի առնչության վերաբերյալ խոսնակի պատասխանին սպասում ենք, չնայած լավ կլիներ, որ առանձին դեպքերում պաշտպանության նախարարությունը հաներ ԶԼՄ-ների հետ շփվելու խիստ սահմանափակումները եւ թույլ տար ենթականերին անձամբ պատասխանել ԶԼՄ-ների հարցերին, մանավանդ այն հարցերին, որոնք վերաբերում են ՊՆ պաշտոնյաների ճոխ ունեցվածքին՝ տներին, դղյակներին։ Մամուլի հետ ավելի ազատ շփվելու գործելաոճը ցույց կտար, որ նախարարության պայքարը կոռուպցիայի դեմ այնքան էլ ձեւական չէ։ Չնայած, մենք հասկանում ենք, որ իր պաշտոնյաների ոչ աշխատանքային եկամուտների դեմ իրական պայքարը Սեյրան Օհանյանն ստիպված կլիներ սկսել ինքն իրենից եւ, ասենք, քանդել տար իր Սեւանի դղյակը կամ Վահագնի թաղամասում կառուցված իր առանձնատունը, որը, ասում են, խաթարել է թաղամասի յուրօրինակ ճարտարապետական տեսքը։ Կամ, ասենք, հրամայեր իր կնոջը՝ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզան Խաչատրյանին, վաճառել կամ աղքատներին բաժանել 2-3 հազար եվրո եւ ավելի արժեցող շորերը եւ պարզ, պաշտոնյային հարիր հագուստ կրել, կամ՝ թանկարժեք ժամացույցները, որոնք մի տանկային դիվիզիայի արժողության են, եւ որոնց հավաքական լուսանկարը հայտնվեց համացանցում։ Բայց մենք գիտենք, որ այս ամենը կարող է տեղի ունենալ միայն երազում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ