Երաշխիք չկա, որ նույն սուպերմարկետներում մսի վրա փռշտացողներ չեն եղել

Երաշխիք չկա, որ նույն սուպերմարկետներում մսի վրա փռշտացողներ չեն եղել

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և ասոցիացիայի փոխնախագահ Մելիտա Արիստակեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում էին մսի, պաղպաղակի և կաթնամթերքի շուկայում իրենց կատարած ստուգայցերի արդյունքները։ Ստուգայցն իրականացվել է «Աշտարակ կաթ» «Չանախ», «Թամարա», մսի ասպարեզում՝ «Մուշ», «Բեկոն», նաեւ «Մաքուր ջուր», «Գրանդ Քենդի» ընկերություններում։ «Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ նրանց արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին՝ թե լաբորատոր ասպարեզում, թե ելնելով տեխնիկական պայմաններից։ Մենք ուսումնասիրում ենք սկսած շրջապատից, շենքի կառուցվածքից, տեխնիկական հագեցվածությունից եւ ամենակարեւորը՝ հումքը, թե հումքի մեջ ի՞նչ է օգտագործվում, որից հետո անցնում ենք պատրաստի արտադրանքին, այնտեղ հենց փափուկ վիճակում դեգուստացիա ենք կատարում եւ տալիս ենք մեր գնահատականները ըստ բալային համակարգի»,-ասում է Մելիտա Հակոբյանն ու եւս մեկ անգամ նշում, որ համարյա թե թերացումներ չեն գտել «Աշտարակ կաթ» «Չանախ», «Թամարա» ընկերություններում եւ տեսել են որ վերջիններս օգտագործում են թարմ կաթ, նաեւ կարագ։ Ինչ վերաբերում է փողոցներում վաճառվող լցնովի պաղպաղակներին, ապա խորհուրդ տվեց հեռու մնալ դրանցից, քանի որ պատրաստման եղանակը պարզ չէ։  



Մելիտա Հակոբյանի այն խոսքերը, որ մեր արտադրողները լավագույնն են անգամ աշխարհի մակարդակով, բայց այսօր նրանք գտնվում են շատ ծանր վիճակում, քանի որ սպառողների քանակը շատ է քչացել, միանգամայն կարելի էր գովազդային քարոզչության շրջանակներում ընկալել։ Մեր այն հարցին, թե այդ ընկերությունները տեղյա՞կ են եղել, թե երբ ենք իրենք ստուգայցերի գնալու, Հակոբյանը նշեց՝ այո, թե որքանով է այդ դեպքում դա իրական պատկերն արտացոլում եւ ավելի լավ չէ՞ր լինի հստակ օր չասել եւ հանպատրաստից իրականացնել այդ ստուգայցերը, Հակոբյանը նշեց, որ հանպատրաստից ոչ մեկին, նույնիսկ պետական մարմիններին չեն թողնի գնան այդ ընկերություններ։    



Մսի հետ կապված էլ նա խորհուրդ տվեց դրսում տեղակայված բաց տաղավարներից չգնել միս-մսամթերք, որովհետեւ դրանց վրա բավականաչափ մեծ քանակի շմոլ գազեր են նստում եւ հետո չգիտես, թե ով է փռշտացել դրանց վրա։ Մելիտա Հակոբյանը խորհուրդ տվեց, բայց միաժամանակ չերաշխավորեց, թե նույն խանութներում, սուպերամարկետներում, փռշտացողներ չե՞ն լինում մսի վրա։ Ինչ վերաբերում է փողոցային սննդի թունավորումներին եւ նրանց գործառույթներին, ապա. «Փողոցներում մեր ամբողջ սննդի անվտանգությունն աշխատում է, միլիցիան աշխատում է, նրանք չեն կարողանում նրանց վզից բռնել, մե՞նք պիտի գնանք նրանց վզից բռնենք...»։



Սպառողների ազգային ասոցիացիայի 7-10 հոգանոց հանձնախումբը արձանագրել է նաեւ այնպիսի արտադրողների, որոնց արտադրանքը շատ վատն է, բայց Մելիտա Հակոբյանը չշտապես դրանց անունները բարձրաձայնել, նշելով որ դեռ ստուգումների փուլում են։