Պետք է ընդդիմադիր գործիչներս գնանք ու փոխարինենք ոստիկանության աշխատակիցներին

Պետք է ընդդիմադիր գործիչներս գնանք ու փոխարինենք ոստիկանության աշխատակիցներին

Պարզվում է՝ չնայած ընդդիմադիր գործիչների իզնութոզը չի երեւում երկրում ստեղծված ծայրաստիճան լարված օջախի մոտակայքում, հատուկենտ մարդիկ են, որ այս օրերին հայտնվում են ժողովրդի կողքին, սակայն նրանց մեծ մասը խիստ մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակով։



«Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ տարածքի գրավումը, երկրում ստեղծված իրավիճակը ընդդիմադիր կոչվողներին արթնացրել է քնից։ Երեկվանից լուրեր են տարածվում, թե այսինչ գործիչը, այնինչ կուսակցությունը հանդիպում, քննարկում է գործընկերների հետ, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր որոնում։ Նախ հայտնի դարձավ, որ «Հայազն», «Առաքելություն», «ԳԱԼԱ» կուսակցությունների նախաձեռնությամբ ձեւավորվում է խորհրդակցական հարթակ՝ «ստեղծված փակուղային իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ելքեր գտնելու նպատակով», հետո «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնությունը, որը մի քանի օր է՝ հանդիպում է տարբեր ուժերի հետ ու քննարկում իրավիճակը, դուրս գալու ելքերը։ Մենք զրուցեցինք Իսագուլյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է նա պատկերացնում հանգուցալուծումը։ Երեկվա դրությամբ ԱԱԿ նախագահը հանդիպել էր «Համախմբում», «Ազատ դեմոկրատներ», «Ալյանս» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, թե երբ կյանքի կկոչվի այդ նախաձեռնությունը, Իսագուլյանը չի կարող ասել։



- Պարոն Իսագուլյան, ո՞ւմ հետ եք հանդիպել, ի՞նչ կարող եք անել։



- Եկեք անուններ չտամ, խնդիրը հետեւյալն է. ըստ էության, բոլոր կուսակցությունները հանդես են եկել դիրքորոշումներով, հիմա մեր ամբողջ խնդիրն այն է, որ ոչ թե միասնաբար հայտարարենք, որ պատրաստ ենք ամեն ինչ անել, որ գործընթացն ունենա խաղաղ հանգուցալուծում, այլ այդ հայտարարություններից հետո կոնկրետ գործողությունների պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Բոլոր ուղղություններով են այդպիսի քննարկումներ գնում։ Մենք երեկ հավաքվել էինք «ԱԴ»-ում, որտեղ էին նաեւ Բագրատյանի «Ազատությունը», «Համախմբումը», «Հայազնը», խոսել ենք նաեւ խորհրդարանական ուժերի հետ, այսօր կապվել ենք «Հայազնի» ղեկավարության հետ, առաջարկել ենք նախաձեռնությունները միացնել, եւ կարողանանք ընդհանուր հայտարարի գալ։ Կան տարբեր առաջարկներ։ Մեր կուսակցությունն առաջարկում է՝ կուսակցությունների առաջին դեմքերով կամավոր գնանք այդ տարածք, մտնենք ներս, ոստիկաններին ազատ արձակեն, ոստիկաններն էլ իրենց լավ կզգան, որ իրենց կոլեգաներն այլեւս պատանդի կարգավիճակում չեն, ներսում գտնվող տղաները հայրենասեր տղաներ են, կարծում եմ՝ կհամաձայնեն, նրանք իրենց հայրենասիրությունը Ղարաբաղի պատերազմի ժամանակ ցույց են տվել, ոստիկաններն էլ մեր այսօրվա սպաներն են, որոնք ծառայում են հայրենիքին։ Երկու կողմն էլ հայրենասեր զավակներ են։ Կբացառենք բախումը, մինչեւ կքննարկվեն մնացած հարցերը։ Մենք կապի մեջ ենք նաեւ իշխանության հետ, բոլոր կուսակցություններն իրենց ներսում քննարկում են տարբերակներ, հուսով եմ՝ հաջողության կհասնենք։



- Կարծում եք՝ «Սասնա ծռեր» խումբը կընդունի՞ ձեր միջնորդությունը, կհամաձայնի՞ այդ տարբերակին։



- Մեր տղաներն ահաբեկիչներ չեն, եթե հիմա, որպես անվտանգության երաշխիք, իրենք իրենց մոտ պահում են բարձրաստիճան ոստիկանների, չեմ կարծում, որ եթե մենք կամովին այնտեղ լինենք, ավելի քիչ անվտանգության երաշխիք ենք լինելու, քան սպաները։ Այդպիսով հոգեբանորեն շատ մեծ խնդիր նաեւ լուծած կլինենք թե տղաների, թե դրսում կանգնած ոստիկանների համար։ Այո, կարող են ասել՝ Գառնիկին չենք ընդունում, Նիկոլին ընդունում ենք, բայց ընդհանուր, կարծում եմ՝ չեն մերժի, Ղարաբաղի շատ հերոսներ էլ պատրաստ են այդ խմբի մաս կազմել։ Պետք է, հերթափոխելով միմյանց, մնալ այնտեղ, մինչեւ լուծում գտնվի։



- Պարոն Իսագուլյան, բայց այդ խմբի քայլը ցույց չի՞ տալիս, որ այլեւս մերժում են ընդդիմադիրներին, հույս չեն կապում որեւէ ուժի հետ եւ այդ պատճառով էլ ինքնուրույն ծայրահեղ քայլի են դիմել։



- Մենք այս ամենը չենք անում, որպեսզի որեւէ կուսակցություն դիվիդենտ շահի, մենք առաջարկում ենք մեր ներկայությունը՝ որպես անվտանգության երաշխիք։ Եվ քանի որ իրենց պահանջները քաղաքական են, շատ լավ կլինի, որ ներսում լինեն քաղաքական գործիչներ։ Եթե ես գնամ ու ինձ փոխանակեմ որեւէ սպայի հետ, գուցե իմ նկատմամբ ավելի շատ հակակրանք կա, քան համակրանք, բայց տղաներն ավելի ազատ կլինեն իրենց քայլերում, դրսից էլ բախումը կկանխվի, իշխանությունն էլ, կարծում եմ՝ բախում չի ուզում, այլապես վաղուց գնացած կլիներ։



- Արդեն մի քանի օր է՝ երկրում լարված վիճակ է, բայց քաղաքական գործիչներից հատուկենտ մարդիկ են հայտնվել ժողովրդի շարքերում, ինչո՞ւ պիտի ընդունեն Ձեզ։



- Դուք էլ չեք գնացել, չէ՞, ես կարծում եմ՝ Ձեր պես գեղեցիկ 10 թղթակցուհի էլ եթե գնար, հարցը կլուծվեր։ Եկեք հիմա չասենք՝ ինչ չեն արել։



- Իսկ, Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք էր այս ապստամբությունը, եւ ի՞նչ քայլեր պետք է անի իշխանությունը։



- Հայաստանում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական խելահեղ խնդիրներ կան, ու պայքարի տարբեր միջոցներ են եղել, որոնք արդյունքի չեն բերել։ Հասարակությունն էլ չի կարողանում սահմանադրական իր իրավունքներն իրականացնել, կուսակցություններն ու քաղաքական համակարգը չեն կայացել, կուսակցություններն աշխատում են հընթացս գործընթացների, կարող են մի ժամանակ դառնալ ընդդիմադիր, հետո՝ դիմադիր, այդ տղաները կարող էին անբավարարության զգացողություն ունենալ ու գնալ նման քայլի, իհարկե, դա արդարացնող հանգամանք չէ, բայց այս պահին պետք է լուծում տալ իրավիճակին։ Իշխանությունները պետք է կամք դրսեւորեն եւ գնան համագործակցության։ Իմ օրինակը կարող եմ բերել, երբ իրավիճակի փոփոխության արդյունքում գործը կարճվեց, հիմա էլ կարող են նման քայլի գնալ՝ հաշվի առնելով, որ տղաներն ուղղակի այլ ելք չեն տեսել։



- Դուք աշխատել եք գործող եւ նախկին նախագահների անվտանգության գծով խորհրդական, հնարավո՞ր էր կարեւորագույն կառույցն այդպես հանգիստ գրավել։ ԱԱԾ չունե՞նք։



- Քանի որ ես օպերատիվ տվյալների չեմ տիրապետում, եկեք այդ հարցերը թողնենք։ Չմոռանանք մի քանի կարեւոր հանգամանքներ, որ այդ օրն այստեղ ազատ վիճակ էր, երկու նախագահները գտնվում էին Արցախում, եւ անվտանգության աշխատակազմի մեծ մասը գնացել էր այնտեղ՝ անվտանգության խնդիրներ լուծելու։ Այսինքն հնարավոր է՝ մյուս կողմից շատ արագ կողմնորոշվել են, որ հարձակվող խումբը ոչ թե այլ երկրի դիվերսիոն խումբ է, այլ մեր երկրի, ցավոք սրտի, մեկ զոհ ունենք։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ