Երբ լույսեր էին տեսնում, նռնակներ էին նետում. պատմում են լրագրողները (տեսանյութ)

Երբ լույսեր էին տեսնում, նռնակներ էին նետում. պատմում են լրագրողները (տեսանյութ)

Մենք կանգնած էինք զորքի և ժողովրդի մեջտեղում, մեզ ասացին` անցեք մի քիչ աջ, որովհետև այդտեղ վտանգավոր է, մինչև գնացինք, «գրանատները» տրաքացրին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում պատմեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում գտնվող «Լայֆնյուզ» ռուսական լրատվականի մեր գործընկեր Տիգրան Գասպարյանը: Նա ստացել է բեկորային վնասվածքներ:



Բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկը Տիգրանը կիսում է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանի հետ: «Նռնակի պայթյունի հետևանքով նման վնասվածքներ են առաջացել, բժիշկները կապել են, ախտահանել, հույս ունենք` կարճ ժամանակհատվածում կկարողանամ քայլել, այս պահի դրությամբ դեռ ոտքի վրա չեմ կարողանում մնալ ցավի պատճառով: Մի պարադոքս, լրագրողներին ասացին` գնացեք այս տարածք և երբ խմբով գնացինք այդ տարածք, առաջին պայթյունները հենց լրագրողների շրջանում էին: Իմ դիտարկմամբ` լրագրողները թիրախավորված էին, միգուցե միտումնավոր էին առանձնացնում, առավելապես ագրեսիվ էին այն լրատվամիջոցների նեկայացուցիչների նկատմամբ, ովքեր տեսաձայնագրող սարքեր ունեին, երբ լույսեր էին տեսնում, նռնակներ էին նետում: Չեմ կարող ասել, չեմ հաշվել, քանի պայթյուն է եղել… երբ արդեն վիրավոր էինք, մի քաղաքացի ասաց` կօգնեմ ձեզ, կտեղափոխեմ հիվանդանոց, մենք էլ ուրախացանք, բայց ճանապարհին կանգնացրին ոստիկանները, չնայած ասացինք, որ «Ա1+»-ի անձնակազմն է, համապատասխան վկայականը ցույց տվեցինք, ուղղակի մեզ դուրս շպրտեցին մահակների կիրառմամբ, այդպես փողոցում մնացինք միայնակ»:



Նշենք, որ երեկ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի պատճառով վնասվել էին բազմաթիվ մարդիկ, այդ թվում ԶԼՄ ներկայացուցիչներ, նրանց մի մասը հոսպիտալացվել է: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր էջում գրել էր. «ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»: 



Մանրամասները` տեսանյութում