Խաչից, հավատքից մինչեւ ԱԼՄ, հանրահավաք եւ երթ (տեսանյութ, ֆոտոշարք)

Խաչից, հավատքից մինչեւ ԱԼՄ, հանրահավաք եւ երթ (տեսանյութ, ֆոտոշարք)

ՊՊԾ գունդը մոտ կես ամիս իրենց ենթակայության տակ պահած «Սասնա Ծռեր» խումբը ոտքի հանեց շատերին։ Դրա ապացույցն էլ կազմակերպված եւ այժմ էլ կազմակերպվող հանրահավաքներն ու երթերն են։ Հասարակության մի ստվար հատված շարունակում է սատարել մերօրյա ծռերին անգամ իշխանությանը հանձնվելուց հետո: Այսօր էլ բացառություն չէր...:



Հարթակում են



Թերևս այսօրվա հարթակը տարբերվում էր մնացած օրերից: Ելույթ ունեցողները շատ էին` հիմնականում հասարակությանը անհայտ անձիք:



Հանդես եկավ ակտիվիստ Անի Նավասարդյանը, ով կոչ արեց բոլոր մասնակիցներին վաղը հանրահավաքին գալ «Սասնա Ծռեր»-ի տղաների նկարներով, յուրաքանչյուրը իր հետ բերի 20-30 նկար և անպայման «սկոտչ»` Երևանի տարբեր մասերում փակցնելու համար:
Վարդգես Գասպարի - «Այսօր գրեթե բոլոր կալանավորվածները պահվում են Նուբարաշենում, կալանավայրերը հանդիսանում են գործող իշխանության ամենահուսալի, ամենավստահելի հենարանը։ Կալանավայրերի հանցագործ տարրերին իշխանությունը օգտագործում է, որպես վերջին միջոց ընդդեմ քաղաքական եւ քաղաքացիական գործընթացները ճնշելու»։



Ելույթով հանդես եկավ մի քաղաքացի, ով մարդկանց ոգևորելու համար կարդաց բանաստեղծություն, սա վարակեց մյուսներին, այլ ասմունքողներ էլ եղան, սակայն հրապարակում հավաքվածները պոեզիա չէին ուզում լսել, ներկաներից մեկն անգամ կատակեց` «ԱԼՄ» են սարքել: Խոսքն այստեղ տրամադրվում է յուրաքանչյուրին, ով ասելիք ունի, հանկարծ հարթակում հայտնվում է մի կին, բարձրախոսով սկսում խոսել Հիսուս Քրիստոսից, խաչից, հավատքից, պատմում իր երազներից, որտեղ Աստված իրեն հայտնել է ճշմարտության բանալու հասցեն: Ժողովուրդը նրան չընդունեց, հեռացրին բարձրախոսի մոտից, սակայն նա իրենն էր պնդում: Այս կինը, ով ավելի շուտ գնչուհու հագուկապ ու դիմագծեր ունի, նախկինում հայտնվում էր ակցիաների, երթերի ժամանակ ու խոսում նույն թեմայից. հավաքվածները նրան սադրիչ էին համարում, ավելին` ասում էին, թե նրան գումար են վճարում այդ ամենը անելու համար:



Երթ կենտրոնական փողոցներով



«Սասնա Ծռեր» խմբի գրեթե բոլոր անդամների անունները, «Սերժիկ հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Սասնա Ծռեր» և նմանատիպ այլ վանկարկումներով երթը սկվեց Ազատության հրապարակից` անցնելով Հյուսիսային պողոտայով, Հանրապետության Հրապարակով, Մաշտոցի պողոտայով: Վերջին կայարանն էլ Ազատության հրապարակն էր: Երթի ողջ ընթացքում մասնակիցներն իրենց ձեռքում էին պահել խմբի անդամների նկարները և «Սասնա Ծռերը հայ ժողովրդի հերոսներն են» մակագրությամբ թռուցիկները: Հայրենասիրական երգերը, վանկարկումները, սուլոցները բնակարանների պատշգամբ էին հանել մարդկանց, սեւեռել սրճարաններում գտնվողների ուշադրությունը, իսկ ճանապարհին հանդիպած օտարերկրացիներն էլ շտապում էին նկարահանել ցուցարարներին: Որքան էլ զարմանալի էր` այս անգամ երթը ուղեկցող ոստիկաններ գրեթե չէին նկատվում, միայն դիմացից նրանց ուղեկցում էին ոստիկանական երկու մեքենաներ: Ճանապարհին երկու անգամ մի քանի րոպեով նստացույց արեցին, ասում էին` «մեր երկիրն ա ժողովուրդ, նստեք», կրկին կանգնում ոտքի ու շարժվում առաջ, բոլորը միասին ձեռքերը զարկում էին իրար ու վանկարկոմ` «հու-հու-հու», սա կարծես ոգևորում էր մասնակիցներին ու տանում առաջ, ավելին` այս մեթոդը վերջերս դարձել է իրականացվող երթերի անբաժան մասնիկը:



Ցուցարարներին այս անգամ ևս մենակ չէր թողել արդեն իսկ հայտնի շունը` «Սպիտակը», նրա հետ ընկերացել են հավաքի բոլոր մասնակիցները, նա ամենասիրված «ակտիվիստներից» է: