Բավական է պայքարենք, պայքարելու ժամանակ մենք տեսանք` ինչքան անմեղ մարդու ձերբակալեցին

Բավական է պայքարենք, պայքարելու ժամանակ մենք տեսանք` ինչքան անմեղ մարդու ձերբակալեցին

Ազատության հրապարակում վերջին շրջանում մշտապես տեղի են ունենում հանրահավաքներ, երթեր: Հարթակից ելույթ ունեցողների մեջ իր ուրույն տեղը ունի հասարակական գործիչ, կինոռեժիսոր Գայանե Գասպարյանը: Նրա սուր ելույթները հաճախ հավաքվածների ողջյուններին են արժանանում: Տիկին Գայանեի հետ զրուցեցինք վաղը կայանալիք մեծ հանրահավաքի, այնտեղ իր մասնակցության և այլ թեմաներով: 



-Տիկին Գայանե, Ազատության հրապարակում տեղի ունեցող յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ ելույթ եք ունենում: Ի՞նչը Ձեզ բերեց Ազատության հրապարակ:



Իմ և իմ հայրենակիցների մարդու իրավունքը, որ մարդ իր երկրում պետք է ապրի լիարժեք քաղաքացու իրավունքով:



-Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ այդքան էլ աչքի չընկաք, ելույթներ անգամ չունեցաք:



Քաղաքում չեմ եղել, այդ ժամանակ ես եղել եմ քաղաքից դուրս: Ես մի շարք գործեր եմ ունեցել, գնացել եմ այնտեղ և վերադարձել եմ: Մենք երեք ընկերուհի տանը նստած էինք, ինձ հայտեցին, որ այսօր Ազատության հրապարակում ժողովուրդը հավաքվելու է: Ես, ճիշտ է, ուժասպառ եղած էի, հոգնած, ճանապարհից եկած, բայց հենց նույն այդ օրը գնացի ու մասնակցեցի, միացա իմ ժողովրդին:



-Տիկին Գայանե, հանրահավաքներին մասնակցողների թիվը գնալով նվազում է: Դա չի՞ հանգեցնի շարժման մարմանը:



Շարժումը այսօր կմարի, վաղը կմարի, բայց հիմնական այդ գաղափարը երբեք չի մարի, որովհետև ժողովրդին կարող են խեղճացնել, հուսալքել, վախի մեջ պահել, բայց լուծվելու է ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով: Ժողովուրդը մի օր կարթնանա, ինչպե՞ս է լինում, մարդը գնում է հիվանդանոց՝ հիվանդ, հյուծված, բայց ինքը առողջանում է: Տեսեք մարդու հոգեբանությունը, մարդու գաղափարը, մարդու պահանջը, մի օր ինքը պետք է պոռթկի: Դա այդքան էլ գաղափարի հետ կապված չի, դա հենց ծնունդից, ծնված պահից մարդ պետք է լինի ազատ: Ես հավատում եմ դրան, որ մի օր պահանջը պետք է իրականացվի:



-Հանրահավաքները, երթերը առաջնորդների կարիք ունե՞ն, ի վերջո այսպես մարդկանց թիվը նվազում է, գո՞ւցե լիդերները կարողանան համախմբել մարդկանց:



Մեր ազգը 25 տարվա մեջ այդ առաջնորդներից շատ վատ փորձ ունի: Առաջնորդներ եղել են, ազգի մարդիկ եղել են, բայց հիմնականում եղել են մարդիկ, որոնք փառամոլ, չկայացած մարդիկ են եղել, ովքեր ուզել են հասնել իրենց չկայացած երազանքներին: Եղել են մարդիկ, որ այնպիսի խոսքեր են ասել, կարելի էր ասել, որ Աստծո կողմից ուղարկված մարդիկ են եղել, ժողովուրդը հավատացել է, բայց հենց նստում են այդ անիծված աթոռին, բավական է, ոչինչ չեն անում: Դրանից հետո առաջնորդ բառը վատ տպավորություն է թողնում ինձ վրա: Առաջնորդը պետք է լինի հենց ժողովուրդը, բայց ես դեմ չեմ, որ մեր ժողովրդի քաղաքակիրթ, ազգասեր, լիարժեք ազգային պատկանելիություն կրող մարդիկ գան, հանդես գան, բարձրանան բեմահարթակ, միանան պայքարին, ես միշտ ասում եմ՝ խոսելով չի լինում ոչինչ:



-Այս ընթացքում Ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, կամ ձեզ բերման ենթարկե՞լ են:



Բավական է մեկը բերանը բացի, կամ չբացի էլ, ներկայանա միտինգին, բռնում են անօրեն ձևով, դրա համար էլ ժողովուրդը վախեցած է, ինչի՞ է վախեցած, վախեցնելով չի, չի լինի: Ճիշտն ասած` ես չէի ուզի իմ անձի մասին խոսել, որովհետև իմ անձի նշանակության մասին չէ խոսքը: Բայց պետք է ասեմ՝ փորձեր սկսվել են, բայց չստացվեց, անկեղծ մեկ բան ասեմ, այն մարդու խոսքը, որին ժողովուրդը ընդունում է, ժողովրդի սրտին մոտ խոսք է ասում, սկսում է գնալ հետևից, այդ մարդկանց սկսում են խոշտանգել: Սկսում են գտնել այդ մարդկանց ամբողջ կյանքի գործունեության հետևանքով առաջացած թերությունները, ման գալուց հետո, երբ չեն գտնում, սկսվում է ողորմելի շանտաժը, այդ շանտաժը այնքան ողորմելի է, այնքան ծիծաղելի, որ առաջին հերթին ապացուցում է այդ մարդկանց խուճապի մատնված կարգավիճակը… Ես երբեք կուսակցական չեմ եղել, ես այստեղի քաղաքացիություն չունեմ, ո՞նց կարող եմ կուսակցական լինել: Ամեն անգամ տենց մի երկու բան տարածելով` հենց դրանք են սադրիչները, դրանք են կաշառվածները:



-Վաղը մեծ հանրահավաք է նախատեսված իրականացնել: Մտավախություն չկա, որ տեղի չի ունենա: Դեռ Խորենացի փողոցից փաստեր կան, որ երբ անգամ մեկ մարդ էր լինում հավաքի վայրում, բերման էին ենթարկում:



Չեն կարող, նախ գոյություն ունի օրենք, օրենքով խաղաղ ցույցի իրավունք ունի ցանկացած ազգ. Ազգի մասին է խոսքը, ոչ թե խմբի, երկրորդը՝ մեր ցույցին միանում է մեր Սփյուռքը, Հայաստանից արտասահման գաղթած հայերը: Մենք հեղաշրջման, հեղափոխության նպատակ չունենք, վաղուց եկել է այն ժամանակը, որ կառավարությունը պետք է գիտակցի իր չկայացած, իր ապազգային քաղաքականությունը, արդյունքում իր վերջակետը պետք է դրվի: Մենք չունենք ցանկություն պայքարելու, մեր պայքարը գաղափարախոսական և մարդու իրավունքից բխող պահանջ է. պայքար չէ, սա պահանջ է, բավական է պայքարենք, պայքարելու ժամանակ մենք տեսանք` ինչքան անմեղ մարդու ձերբակալեցին: Եվ դա ո՞վ է անում, հայ տղամարդը հայ կնոջ, մոր հանդեպ, դրանից մեծ խայտառակություն, ստորացում գոյություն չունի: