Վա՜յ քեզ Սևանից հանողի...

Վա՜յ քեզ Սևանից հանողի...

Ինստիտուտում սովորելու ժամանակ իմացա, որ հնդեվրոպական լեզվաընտանիքում հայոց լեզուն պարսկերենից հետո ամենահարուստն է: Դե, որ այդպես է, եղբայր, ինչու՞ ենք ընտրում ու գործածում այնպիսի բառեր, որ հետո կրակն ենք ընկնում: Վերջերս շատ եմ մտածում, թե ինչպես, ինչու, երբ գործածության մեջ դրվեց «իշխանություն», «իշխանավորներ» բառերը: Երևի վերջին «հեղափոխությունից» հետո: Ճիշտը որ ասենք, այստեղ մեծ մեղք ունենք լրագրողներս: Թող մեկը հիշի սովետի ժամանակ այդ բառերն ասպարեզում կա՞յին: Չէ, չկային: Միայն պատմավեպերում: Վերին կոմունիստները հիմար չէին. իշխում էին, բայց այդ բառերը չէին օգտագործվում:



Հասկանու՞մ եք, բառն այնպիսի բան է, որ մարդը դրա իմաստն ընկալում, ընդունում է այնպես, ինչպես բառի էությունն է: Ասում ենք հաց, մի՞թե ուրիշ բան ենք հասկանում, կամ էլ քար: Կոշտ ու կոպտության խորհրդանիշ է, քար` ուրիշ բան չես էլ պատկերացնում:
Հիմա գանք իշխանություն բառին: Իշխան` իշխել է հասկացվում: Իշխանը, գիտեք, այն մարդն է, որը համ ունևոր է, հարուստ, կալվածքների տեր, համ էլ մարդկանց տեր, հրամայող, չենթարկվողներին պատժող: Ասեք, եղե՞լ է մի իշխան, որ իր համար աշխատողներին, ծառայողներին պետք եղած (չեղած) ժամանակ մաշկահան չի արել: Իշխել բառն էլ իր նշանակությամբ մի բան է ենթադրում` եղած-չեղածին տիրել:



Բացատրական բառարան չեմ կազմում, ոչ էլ որևէ մեկին գրագիտություն եմ սովորեցնում: Լրագրողներիս ասպարեզ բերած ու ամեն երկրորդ տողում օգտագործվող այս բառերը, այնուամենայնիվ, բոլորիս համար տխուր հետևանքներ են առաջացնում: Ասեմ` ինչու: Դրանց գործածության պատճառով եղել է այն, որ մարդիկ, ովքեր այսօր դարձել են իշխանավոր, բառը հասկացել ու հասկանում են ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես դրա էությունն է:



Սկզբից նայենք: Վերջին «հեղափոխությունից» առաջ բոլորս գրեթե հավասար վիճակում էինք: Գրեթե բոլորս տուն ունեինք, ավտոմեքենա կամ ամառանոց, նաև գործ: Մեկս մի քիչ ավելի, մեկս մի քիչ պակաս: Մի քանիսն էլ մի քիչ շատ (այն էլ թաքնված): Հիմնականում հավասար էինք: Եկեք անկեղծ լինենք, իշխան չկար: Համենայն դեպս, անգամ առաջին քարտուղարը քաղկոմի բուֆետից տուն տանելու համար նրբերշիկը պարտքով էր վերցնում, որ աշխատավարձին փակի: Ձևացնու՞մ էր... Ինչևէ: Այդպես հավասար եկանք ու, առը հա, իշխանավորներ: Սրանցից առաջինները կոֆե, էժանագին գինի խմողներ էին, իրոք, արտակարգ ոչինչ չունեին: Ինչպե՞ս վերջացրին: Էլ ապարանք, էլ կալվածք, էլ գործարան, էլ... Ի՞նչ է, չորս-հինգ տարում վաստակեցին: Չէ, ուղղակի իշխանության գլուխն անցան, ճիշտ հասկացան բառի էությունը, ընկալեցին ու իշխեցին, այսինքն` տիրեցին: Վայրկյան չկորցրին:



Հետո եկան ուրիշները` արդեն ավելի ճիշտ հասկացած ու ընկալած: Թող մեկն ասի, թե իր հարստությունը պապից, ծայրահեղ դեպքում` տատից է մնացել: Սովետական 70 տարում ում պապ ու տատն էր մնացել իր ոսկու պուլիկով: Կամ էլ ով հույս ուներ, թե այդ կարասում եղածը պետք է գալու:



Ուղղակի դարձան պաշտոնավորներ, տեսան բառը չի բռնում, մեջտեղ բերին մեկ ուրիշ բառ` իշխանավոր, ու սկսեցին: Եվ հիմա ավելորդ կլինի անունները տալով թվարկել, թե երեկվա որ «տկլորն» է իր ունեցվածքը ժողովրդի ներկայացուցիչ դառնալուց առաջ ստեղծել: Համենայն դեպս, իմ իմացածներից ոչ մեկն այդպիսի օրինակ չի ներկայացնում: Թող կանգնի վանաձորցի ընտրյալներից մեկն ու ասի` ոնց «տկլոր» եղել եմ, այնպես էլ մնում եմ: Գոնե ես ներողություն կխնդրեմ:



Էլ չեմ ասում ուրիշների մասին: Թող գտնվի հայաստանյան մասշտաբի մի միլիոնատեր, որ սկսել է դատարկ գրպանով` առանց իշխանությունում լինելու, առանց այդ լծակներից օգտվելու: Անկեղծ ասած, իրենց չեմ մեղադրում, մեղավորը բառերն են: Մարդիկ ճիշտ են հասկացել` հաց ասելիս, միթե՞ ջուր ենք տեսնում:



Սակայն դժբախտությունը (մեզ համար) միայն տիրելով չի վերջանում: Այդ «անիծյալ» բառերի պատճառով մարդկանց բնավորությունը, բնույթն էլ է փոխվում: Ընտրյալներից մեկը պատգամավոր դարձավ (հիմա նախարար է) խոստումներ տալով: Բայց ոնց դարձավ: Կամ որ խոստումը կատարեց` սպասում ենք նրա մոտենալուն:



Մի անձնագրային բաժնի պետի հանդիպեցի: Մայորը նստած էր, գրասեղանի առջև էլ մի աթոռ էր դրված: Ասում են, երբ նոր էր պետ նշանակվել, այցելուներին գրեթե ստիպում էր ոտքի վրա չկանգնել` նստել: Հիմա, երբ կարգին զգացել է, որ ինքը իշխանավոր է, ոչ մի «պատահական» այցելողի նման առաջարկություն չի անում: Մեկ ժամ հերթ կանգնեցի նրա առանձնասենյակի բաց դռան առջև` ոչ ոք նստելու պատվի չարժանացավ: Ինձ էլ հարց ունեի, պատասխանեց (բավարար) ու մեկ էլ... ոչ ավելի, ոչ պակաս հարցրեց. «Հիմա դու ի՞նչ ես ուզում ինձնից»: Մեկ ասի` մի կարգին բան ուզեմ, հետո` «Ոչինչ էլ Ձեզնից չեմ ուզում, ինձ կարգն էր հետաքրքրում» ասացի: Ես իր հետ Դուքով, ինքը... Հետն էլ նա նստած, ես կանգնած: Նա Աթոռին, ես` ոտքի վրա: Ես տարիքով մեծ, նա պաշտոնով: Ասում են` սկզբում այդպիսին չէր, նույնիսկ ժպտում էր:



Մտե՞լ եք դատավորների մոտ: Այնպես են դիմավորում, կարծես մենք ենք մեղավոր, որ իրենք դատավոր են: Մռայլ, անտրամադիր, կոպիտ: Կարո՞ղ ա, մենք ենք մեղավոր: Բա վճիռները: Դրանց մասին չխոսեմ, երկար պատմություն է` խայտառակ, իշխանական, իրեն հայացողությամբ: Հնչում է` «դատարանը գալիս է», բայց ներս է մտնում փիլոն հագած մեկը և այնպիսի բան որոշում, որ հետո գլուխդ որ պատին էլ խփում ես, բան դուրս չի գալիս: Սրանց արածի տակից յոթ փութ մեղրով էլ չես փրկվի: Ինչ ուզում եք ասեք, ինձ համար մինչև հիմա էլ անհասկանալի է այդ «դատարանը գալիս է» արտահայտությունը: Շենքի ճակատին գրված է. այսինչ կենտրոնի դատարան: Ներս ես մտնում` լսում ես.... գալիս ա: Վախից կծկվում ես` ախր, դատարանը ոնց կարա գա` ժաժք է, ինչ է:
Հիմնարկի պետերը: Դու ժամերով ընդունարանում կսպասես, իսկ մի ուրիշ իշխանավոր կգա, կմտնի, ժամերով քա՜հ-քա՜հ կծիծաղեն, ու չեն էլ հիշի, որ սպասող (մարդ) կա: Կարո՞ղ ա, մենք ենք մեղավոր: Կարող ա:



Թե չէ ինչու՞ է այսքան տարօրինակ ստացվում: Մենք ժողովուրդ կոչվածներս, մեր գլխին փորձանք ենք ստեղծում: Ընտրում ենք պատգամավորներ` ժողովրդի ներկայացուցիչներ: Նրանք` իշխանություններ, սրանք` ստորադրյալներ: Մենք ընտրում ենք, նրանք ջոկում են, նշանակում, որ բոլոր իշխանավորներով մեզ (ժողովուրդ) սպասարկեն, ծառայեն, բայց հենց տեղ են հասնում, թե չէ, մեզ են ծառա դարձնում: Մեր փողերով բոլորն աշխատավարձ են ստանում (մեզնից մի քանի անգամ շատ)/, հետո, երբ գնում ենք մոտները մի հարց լուծելու, մոռանում են, որ մեր փողերով են աշխատավարձ ստանում, որ մեզ են ծառայում, գործն այնպես են ներկայացնում, այնպես հասկացնում, որ առանց լրացուցիչի ոչինչ չի լուծվի: Լրացուցիչն էլ, գիտեք, մեր հարուստ բառապաշարում կոչվում է «կաշառք», ավելի նուրբ ասած` նվիրատվություն:



Հա, մենք մեր գլխին պատիժ ենք ստեղծում: Երբ մենք ենք պետք` ժողովուրդ ենք կոչվում, մեր օգնությանն են դիմում, աղաչում: Երբ չէ` անհատ, քաղաքացի ենք: Այդ ինչպե՞ս եղավ, որ դուք միշտ իշխանավոր եք կոչվում, մենք` մեկ ժողովուրդ, մեկ էլ (զատ-զատ) բնակիչ, այցելու, խնդրատու, հայցվոր, դիմող:



Նկատե՞լ եք, շատ հետաքրքիր է և ով է հորինել այս ձևը. երբ «ժողովուրդն» է դիմում գրում, մշտապես պետք է ավարտի «խնդրում եմ» ականջ շոյող արտահայտությամբ, իսկ երբ իշխանավորն է որոշում կայացնում, շեշտում է` «հրամայում եմ», «կարգադրում եմ», «պահանջում եմ»:



Ինչու են մինչ պաշտոնյա (իմա` իշխանավոր) դառնալն այդ բախտավորները մեզ աղաչում-պաղատում են, երդվում, հավաստիացնում` հավատարմորեն ծառայել, իսկ հետո, երբ «գահ» են բարձրանում-նստում, նրանց բղավոցը, ծղրտոցը աշխարհն է բռնում: Կամ, երբ բարձրաստիճանն է սխալ թույլ տալիս, դա բացատրվում է «թյուրիմացություն է» եզրույթով, իսկ երբ շարքայինն է նման քայլ կատարում, անպայման առաջ է մղվում «պատժել» բառը:



«Ժողովրդի համար, հանուն ժողովրդի» ասելով, այնպիսի որոշումներ, օրենքներ են ընդունում, կարգ հաստատում, որ երբ «ժողովուրդով» գնում ենք դրանցից օգտվելու, պատին ենք դեմ առնում: Գլխով խփում ենք, խփում, այս ու այն կողմ ընկնում` մոլորված տուն ենք դառնում: Օրենքը (անգամ լավագույն), պարզվում է` քող է, դիմակ, ցուցադրանք: Կատարողները, պարզվում է, իրենց օրենքն ունեն` մեկը մյուսի թաթը չկծելով, միմյանց բռնած, ժողովրդին սխալ են հանում, մինչև «ժողովուրդը» լիքը գրպանով չի վերադառնում նրանց պայծառափայլ օֆիսները: Այ, այդ ժամանակ էլ օրենքը գործում է, անհնարինը հնարավոր դառնում, կարգն էլ է մեջտեղ գալիս, կանոնն էլ է հայտնվում, կատարողն էլ է փափկում, դառնում է ժպտերես, մարդամոտ, ախպերական, նույնիսկ ժամանակ է գտնում քեզ ընդունելու, կարգին լսելու, ցավակից լինելու (ձևացնելու):



Իսկ եթե հանկարծ կոտոշ ցույց տանք… Վախկոտի ատելությամբ, օգտագործելով բոլոր բիրտ ուժերն ու ձևերը, սկսում են անգամ իրենց ծնողի (ժողովրդի) ընդվզումները դաժանորեն ճնշել, իրենց իշխանական իսկական դեմքը ցույց տալ: Հենց այդ ժամանակ էլ «բիրտին» աղավնու փետուրներ են հագցնում, իսկ «ժողովրդի» բանտ նետում: Զնդանի բանալիներն իրենց ձեռքին է:



Մեր տղերքին բանակ են տանում, զինվոր, ոստիկան, սև բերետավոր դարձնում, ապա` տեղն ընկած պահին նրանց հրամայում` խփիր հորդ ու մորդ, եղբորդ ու քրոջդ, նրանք խռովարարներ են, երկրի հիմքերն են քայքայում: Երկրի՞, թե՞ իրենց ունեցվածքի:
Եթե ճիշտ չեն բոլոր ասածներս, հռետորական հարց` այդ ինչպե՞ս է լինում, որ իշխանավորներն ակնթարթային ժամանակամիջոցում հարստանում են, իսկ ժողովուրդը (սնողը) շարունակ մնում է աղքատ: Մի՞թե դարերով հայտնի «ծծում են ժողովրդի արյունը» արտահայտությունը դրա պատասխանը չէ: Ծծողներին (արյուն, ավիշ, նեկտար) կենդանական աշխարհում անվանում են տզրուկներ: Սրանք գոնե առողջացնելու յուրահատկություն ունեն: Մարդկայինները միայն մահացու հետևանք են թողնում: Հանրապետությունում 2015 թ. կախվել է 133 մարդ: Երակ կտրողներն էլ կան, ջուրը գցվողներ, կամրջից նետվողներ էլ: Իսկ քանիսն են կախվելու հավակնորդներ: Ախ, հույս, հույս… Խաբկանք:



Իշխանավորներից ոչ մեկը դեռևս չի կախվել: Նրանցից ոմանց երբեմն սպանում են, վրան կրակում:



Բառեր, բառեր: Իշխել, իշխանություն, ինքնիշխան, իշխանամետ, իշխանատենչ, իշխանավորներ..... Ինչ հաճելի հնչողություն ու գործածություն ունեք: Նրանք քիչ ու շատ հզոր, մենք բազմահազար ու շատ անզոր:



Ահա թե ինչ է դառնում, երբ բառերը տեղին չենք օգտագործում: Հիմա մտածում եմ` հարուստ լեզու ունենք, ինչու՞ իշխանավոր բառն առաջ բերեցինք: Վա՞տն են ղեկավար (ղեկավարություն), առաջնորդ (առաջնորդություն) բառերը: Կարելի է այդ մարդկանց կնքել ավանգարդայիններ (առջևից գնացողներ) և այլն: Լրագրողներին առաջարկում եմ այսուհետ այս բառերը օգտագործել: Հիշու՞մ եք Շուրիկի խոսքերը (մի քիչ ձևափոխենք). «Մենք նրանց իշխանավորներ կոչեցինք, մենք էլ նրանց այլ կերպ կանվանենք»:



Հավատացած եմ, երբ կգտնենք, կօգտագործենք մեկ այլ հարմար բառ, ինչպես, ասենք, առաջնորդները, մեր բոլորիս կյանքը կփոխվի: Նրանք ընդունակ են. բառը կընկալեն ըստ էության և նմանատիպ պահվածք կունենան:



Թե չէ գտել ենք «դեմոկրատիայի» թարգմանությունը` ժողովրդավարություն: Ի՞նչ է, չե՞նք հասկանում, թե սա ինչ է նշանակում` ժողովրդին վարել: Ու վարում են, ով ինչպես կարող է, բերքն էլ հավաքում: Տեսե՞լ եք հողը վարեն, ցանեն, վերջում` բերքը հավաքելուց հետո, հողին, բացի դարմանից, ուրիշ բան թողնեն: Հիմա էլ ժողովրդին (հասկացիր` հող) վարում են, մաշկում (ներեցեք` մշակում), վերջում երեք մատի «ֆոկուսը» ցույց տալիս: Իսկ եթե մենք «դեմոկրատիան» փոխակերպենք ժողովրդական բառով, տանելի կլինի: Այդ բառը նոր չէ: Մեր բառապաշարում այդպես էլ հնչում է` ժողովրդական, մարդամոտ մարդ է: Թե չէ ժողովրդավար, մի գուցե կոչենք` ժողովրդահան (կամ` «քամ»):



Մի բառ էլ կա, որ լավն է, հնչեղ, բայց կարծես թե ժամանակից շուտ եք այն օգտագործում: Արդարադատություն: Եթե մեր երկրում դեռ արդարություն չկա, ինչու՞ ենք գործածում: Մինչև արդարության հաստատվելն, ինչու՞ արդար բառը ժամանակավորապես մի կողմ չդնենք: Ինչու՞, օրինակ, այդ նախարարությունը չանվանենք դատության: Դատության նախարարություն` միթե՞ սխալ է հնչում:



Բառը սուրբ է, բառը նշանակություն ունի, էություն, շունչ, արդյունք: Մեր քաղաքի տաղանդաշատ բանաստեղծն ամեն մի լուրջ բառի ընտրության վրա տքնում էր, ծնում: Իսկ մենք բառերը շպրտում ենք, շաղ տալիս, արդյունքում հարցնում` այս ինչպե՞ս եղավ...
Վերջում մի անեկդոտ եմ ուզում հիշեցնել: Տարիներ առաջ մերքաղաքում մի ավտոտեսուչ կար: Երևանցու է կանգնեցնում: Որ շատ է «թարախոտում», վարորդը հարցնում է.
- Ախպեր, անունդ ի՞նչ է:
Սա թե.
- Իշխան:
Երևանցին.
- Վա՜յ քեզ Սևանից հանողի...



Ներող կլինեք, անեկդոտ է: Սովորական, ժամանակին ուրախ, հիմա` տխուր: Չգիտեմ, թե մեր իշխանավորներից որին են մեր կապուտակ լճից հանել, բայց որ շատերին «խակ» վիճակում են բռնել, երևի կասկածելի չէ: Գուցե սխալն էլ հենց այստեղից է ծնունդ առել: Եթե Սևանում իշխան չլիներ, դրա համը ով կիմանար:




Ներսես ԿՈՍՏԱՆՅԱՆ
Լրագրող
ք. Վանաձոր