Իմ առնչությունը առաջին նախագահի հետ այն է, որ իր հորդորով եմ պատգամավորներ ընտրել

Իմ առնչությունը առաջին նախագահի հետ այն է, որ իր հորդորով եմ պատգամավորներ ընտրել

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մշտապես այնտեղ է, ուր ծավալվում են քաղաքական ակցիաներ, հանրահավաքներ, երթեր: Բացի դրանից նա գրեթե ամբողջ տարին միայնակ պիկետներ է անցկացնում: Վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններից ևս անմասն չմնաց: Վարդգես Գասպարիի հետ զրուցեցինք իր կողմից անցկացվող պիկետի, դրա հետևանքների և առաջիկա քայլերի մասին:



- Պարոն Գասպարի, օրեր առաջ Ձեր բնակարանի դիմաց գոմաղբ էին լցրել, ինչ որ մեկի դեմ բողոքեցի՞ք և նույնը կրկնվե՞լ է:



- Չէ, ի՞նչ իմաստ ունի, տարիներ է՝ բողոքում եմ: Մինչև այսօր դեռ չի կրկնվել, չնայած որ ես բողոքի ակցիաները ամեն օր անում եմ:



- Բաց նամակով դիմել էիք ՄԻՊ-ին, խնդրելով, որ Սերժ Սարգսյանին հորդորի այդպես այլևս չվարվել: ՄԻՊ-ից պատասխան ստացե՞լ եք:



- Չէ, դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել:



- Ձեզ այդ օրը բերման էին ենթարկել, պատճառը ո՞րն էր:



- Ստույգ չեմ կարող ասել, քանի որ ես ոչ մի հարցի չեմ պատասխանել, որ մի բան չեմ ստորագրել: Գուցե ինձ պատճառները ներկայացրել են, բայց ես չեմ էլ լսել:



- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հավաքվածներիին կոչ արեցիք Ձեզ միանալ, ինչ որ արձագանք եղա՞վ:



- Ոչ ոք ինձ չի միացել, միայնակ եմ շարունակում պիկետը:



- Ամենօրյա Ձեր պիկետները դեռ ինչքա՞ն եք շարունակելու, այն ինչ որ արդյունք կտա՞ կամ գուցե տվե՞լ է:



- Իհարկե արդյունք կա և արդյունք արդեն տվել է: Մարդիկ այդ ամենի միջոցով իրազեկվում են, հետո ինչ որ մարդիկ, թեկուզ անցնելիս վախեցած բարևում են, որոշները այնպես են բարևում, որ ուրիշները չտեսնեն, դրանից գուցե վախենում են: Ավելի համարձակները մոտենում են:



- Ամեն օր Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկին և Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան դիմաց պիկետներ եք անում: Գուցե շուտո՞վ հերթը հասնի երկրորդ նախագահին:



- Իմ առնչությունը առաջին նախագահի հետ այն է, որ իր հորդորով եմ պատգամավորներ ընտրել, որոնց համար կրում եմ պատասխանատվություն, գործող նախագահը բնականաբար պատասխանտու է ամեն ինչում, իսկ Քոչարյանի հետ, այսպես ասած, առանձնապես առնչություն չունեմ, փաստացի ինքը գործող, դերակատար անձնավորություն չի: Իսկ ինչ վերաբերում է իր կուսակցությանը, Օսկանյանի պարագայում կրկնել եմ Փաշինյանի կարծիքը, որ ինքը՝ մարտի 1-ի դատավճիռներ հրապարակող մարդը, քաղաքականության մասին խոսելու իրավունք չունի, ինքը միայն դատարանում խոսելու իրավունք ունի:



Աննա Պապիկյան