Որոշել եմ թեկնածուներից որևէ մեկին չաջակցել, որ հետո, որպես ավագանու անդամ, ավելի անկախ գործեմ

Որոշել եմ թեկնածուներից որևէ մեկին չաջակցել, որ հետո, որպես ավագանու անդամ, ավելի անկախ գործեմ

Սեպտեմբերի 18-ին Աշտարակ համայնքում ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու ընտրություններ են։ Այս քաղաքի ավագանին վերջին տարիներին մշտապես եղել է մամուլի ուշադրության կետրոնում, քանզի իր գործունեությամբ հասցրել է ձեռք բերել ընդդիմադիր ավագանու իմիջ՝ դեմ լինելով մի շարք «իշխանական» նախագծերի։ Աշտարակի ավագանին կարողացավ իր օրինակով ձևավորել և զարգացնել իրական ավագանու ինստիտուտը, այն դպքում, երբ շատ այլ քաղաքներում ավագանու ադամների մեծամասնությունն ուղղակի քաղաապետին հպատակ անպտուղ դեմքեր են, որոնք կոչված են քաղաքապետի բերած նախագծերն առանց քննարկելու, միաձայն անցկցնելու համար։ Մինչդեռ Աշտարակում նիստերն անցնում էին բուռն բնաավեճերով, դեմ քվեարկություններով, արդյունքում քաղաքապետը հաճախ չէր կարողանում անցկացնել այնպիսի նախագծեր, որոնք բխում էին անհատ իշխանավորների շահերից և հակասում Աշտարակի և աշտարակցու շահերին։ Իր դիրքորոշմամբ հաճախ տարբեր հարցերում ընդդիմացող ավագանու անդամներից մեկն էլ Մուշեղ Տաշչյանն է, ով նորից առաջադրել է իր թեկնածությունը։ Առաջին մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժ է, այժմ սովորում է Կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժնում։



«Կարծում եմ՝ անցած չորս տարիների ընթացքում Աշտարակ համայնքի համար բավականին գործ եմ կատարել՝ որպես ավագանու անդամ, և հիմա մտադիր եմ շարունակել աշխատել իմ քաղաքի համար առաջիկա չորս տարիներին ևս, եթե ընտրվեմ։ Չեմ ուզում ավելորդ խոստումներ տալ, ժամանակից առաջ ընկնել, միայն կնշեմ, որ այն, ինչ կախված է լինելու ինձնից, որ պետք է մի բան արվի հօգուտ համայնքի, դա անպայման կարվի»-Hraparak.am-ի հետ զրույցում իր առաջադրման փաստն այսպես մեկնաբանեց Մ․ Տաշչյանը։



-Աշտարակի ավագանին հասցրել է աչքի ընկնել իր ընդդիմադիր իմիջով, քանզի ձեզանից շատերը հաճախ դեմ էին արտահայտվում այն «իշխանական» համարվող նախագծերին։ Հիմա ինչպե՞ս եք կարողանալու նոր ավագանու կազմով պահպանել այդ ամենը։



-Ես իմ մասով ասեմ՝ ես իմ էությամբ ընդդիմադիր կամ իշխաամետ չեմ, ես ընդդիմանում եմ միայն այն բաներին, որոնք հակասում են համայնքի շահերին։Ես ոչ ընդդիմադիր կուսակցության անդամ եմ, ոչ իշխանական, ձգտում եմ լինել չեզոք գոտում, որտեղից կարողանում եմ լավ հետևել թե՛ ընդդիմադիրների աշխատանքին, թե՛ իշխանությունների։



Իսկ այն, որ Դուք ասում եք՝ մենք ընդդիմադիր ենք, իրականում այդքան էլ այդպես չէ։ Մենք ոչ թե ընդդիմություն ենք եղել, այլ արել ենք ամեն ինչ հանուն քաղաքի շահերի, ինչը համարել ենք, որ լավ չէ, դեմ ենք արտահայտվել։ Երբ 2012 թվին ընտրվեցի ավագանու անդամ, իմ գաղափարներով ընտրվեցի, ինձ ոչ ոք խորհուրդ չի տվել՝ սա վնաս է՝ մի արա, սա օգուտ է՝ արա։ Ուղղակի տեսել եմ հարցը, հասկացել եմ հարցի էությունը, ու ըստ այդ իմ որոշումը կայացրել եմ։ Այս չորս տարիներին էլ, որ ընտրվեմ, իմ սկզբունքներն առաջ եմ տանելու որպես մարդ։ Ես առաջինը մարդ եմ, շփվում եմ իմ համայնքի բնակչության գրեթե մեծ մասի հետ՝ սկսած իմ մասնագիտությունից, ավարտած համայնքի ավագանու անդամի կարգավիճակով։ Տիրապետում եմ համայնքի խնդիրներին։ Հետևաբար, հույս ունեմ, որ ժողովուրդը ինձ կընտրի նորից, որպեսզի համայնքային շահերն առաջնահերթ դառնան ու դրանք բարձրացվեն քաղաքապետարանում։



-Ավագանու ընտրությունների hետ մեկտեղ` ձեզ մոտ նաև քաղաքապետի ընտրություններ են։ Կա չորս թեկնածու՝ երկուսը երիտասարդ գործարարներ, երկուսը՝ տարիքով ավելի ավագ և փորձառու կադրեր, այդ թվում՝ նախկին քաղաքապետը։ Դուք ու՞մ հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունեք և ինչպե՞ս եք գնահատում պայքարը նրանց միջև, հատկապես, որ իշխանությունները որևէ մեկին չեն պաշտպանում։



-Նախ շատ լավ է, որ իշխանությունները կոնկրետ մեկին չեն պաշտպանում, ես չորս թեկնածուներին էլ հարգում եմ և կուզենամ քաղաքապետ ընտրվի նա, ով իսկապես տրամադրված է քաղաքի համայնքի խնդիրները լուծելուն։ Անձամբ ես որևէ թեկնածուի հանդեպ հատուկ համակրանք չեմ տածում, բոլոր չորս թեկնածուներն էլ ինձ համար գտնվում են հավասար նժարներին։ Ես էլ, որպես ավագանու անդամ, եթե նորից ընտրվեմ, չեմ ուզենա քաղաքապետը լինի այն թեկնածուն, որին ես օգնել եմ դառնալ քաղաքապետ կամ կողքին կանգնել եմ ընտրությունների ժամանակ։ Դրա համար ես որոշել եմ թեկնածուներից որևէ մեկին չաջակցել, որպեսզի, եթե հետո դառնամ ավագանու անդամ, ավելի անկախ գործեմ ու որևէ մեկի շահը չներկայացնեմ, ներկայացնեմ զուտ համայնքի շահը։ Բայց իմ գաղտնի ընտրությունը ես կկատարեմ։



-Եթե նոր ընտրված քաղաքապետն իշխանությունների կողմից լուրջ աջակցություն ունենա և փորձի իր կանոնները թելադրել ավագանու վրա, իսկ նոր ավագանին էլ իր նախկին «ընդդիմադիր» կազմով ներկայացված չլինի, ինչպե՞ս եք կարողանալու այդ պայամններում աշխատել։



-Նախորդ ավագանին ձևավորելիս հատուկ պլանավորած այդպիսի ավագանու կազմ չենք ունեցել։ Ընթացքում է այդպես դարձել ավագանին։ Այսօր նորից առաջադրված ավագանու անդամի թեկնածուների մեծ մասը նախորդ, այսինքն՝ դեռևս գործող ավագանու անդամներ են, իմ կարծիքով՝ նրանք բավականին լուրջ մարդիկ են, և իրենց անցնելու դեպքում այդ, այսպես ասած, «ընդդիմադիր» կազմը էլի առաջվա պես կաշխատի։ Էնպես որ, էս պարագայում ես խնդիր չեմ տեսնում քաղաքապետի հետ աշխատելու հարցում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ