Ճիշտ կլինի՝ թեկնածուներից ոմանք իրենց պարտքերը, վարկերն ու թավանները փորձեն այլ ճանապարհով մարել

Ճիշտ կլինի՝ թեկնածուներից ոմանք իրենց պարտքերը, վարկերն ու թավանները փորձեն այլ ճանապարհով մարել

Աշտարակի գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանն արդեն կամաց-կամաց հավաքում է իրերը։ Սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններով նրա աշխատասենյակը քաղաքի այլ ղեկավար կզբաղեցնի։ Իր կաբինետից նա իր հետ տանելու է իր գրքերն ու կավից պատրաստված անվանական սափորն իր բաժակներով, որը նվեր է կավագործ մի ընտանիքից։ Գումարած նաև չորս տարվա իր հիշողությունները, ավագանու հետ թեժ բանավեճերը՝ աշտարակցիներին թողնելով իր ղեկավարման չորս տարիների ընթացքում լուծված ու չլուծված բազմաթիվ խնդիրներ։



Նշենք, որ նա ևս առաջադրվել էր Աշտարակի համայնքապետի թեկնածու, սակայն մի քանի օր անց ինքնաբացարկ հայտնեց։ Ինքնաբացարկի պատճառների մասին նա պարզաբանել է Աշտարակի պաշտոնական կայքում։



Hraparak.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե չի ափսոսու՞մ, որ հրաժարվեց պայքարից, պարոն Անտոնյանն ասաց․ «Իհարկե ափսոսում եմ: Ափսոսում եմ, որ շատ և շատ գործերի հիմք է դրված և կարելի էր հաջորդ տարիների ընթացքում կատարել: Սակայն լավատես եմ, հաջորդ նորընտիր իշխանությունը կշարունակի գործընթացը և ավելի շատ ու լավ գործեր կկատարի: Հենց դրա համար էլ պետք է չսխալվել և ընտրել նորմալ թեկնածուի: Ոչ մի տեղ, ոչ մի իշխանություն անփոխարինելի չէ»։



-Կորցնելու բան չունե ՞ք:



-Իհարկե ունեմ. շատ մեծ բեռ: Հիշեցի Կառլ Մարքսի խոսքերը՝ պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու, բացի շղթաներից: Ես իրոք կորցնելու բան չունեմ: Երբեք կառչած չեմ եղել այդ պաշտոնից: Իմ ուղերձում փորձել եմ նկարագրել դրա ծանրությունը և գտնում եմ, որ այդ պաշտոնում պետք է աշխատի ոչ թե անձնական շահի, այլ քաղաքի ընդհանուր շահին նվիրված թեկնածու: Եվ մենք` աշտարակցիներս, մեր անձնական շահը մի կողմ դնելով, ամեն ինչ պիտի անենք, որ ընտրվի հենց այդպիսի թեկնածուն:



-Ի ՞նչ խորհուրդ կտաք ընտրողներին:



-Ես հեռու եմ այն մտքից, որ իմ կամ ինչ-որ մեկի ասելով կամ խորհրդով պետք է բնակիչը ընտրի: Ընտրողի համար չափանիշ պետք է լինի այն, թե թեկնածուներից քաղաքին ով օգուտ կտա և ոչ թե վնաս: Չեմ վախենում վնաս բառը օգտագործելուց, որովհետև մտավախություն ունեմ, որ որոշ թեկնածուներ ձգտում են իշխանության, ոչ թե քաղաքին նվիրվելու, ոչ թե աշխատելու, այլ իրենց խոսքերով ասած` փող աշխատելու համար:



-Ամեն դեպքում՝ թեկնածուներից ու ՞մ եք տալիս Ձեր նախապատվությունը:



-Թեկնածուների մասին շատ է գրվել և խոսվել: Հարց է առաջանում` ինչու ՞ են ձգտում իշխանության` անձնակա՞ն, թե՞ քաղաքի խնդիրները լուծելու: Ես յուրաքանչյուրի մասին կարող եմ դատել կատարած կամ չկատարած գործերով: Օրինակ՝ բոլորն էլ քաղաքում ունեն սեփական և վարձակալած տարածքներ: Մենք կարող ենք համեմատել՝ ինչպես են նրանք տիրապետել, օգտագործել, շահագործել և եթե նույն կերպ պիտի վերաբերվեն համայնքային սեփականությանը, ապա իմ կարծիքով՝ ճիշտ կլինի նրանցից ոմանք հրաժարվեն իրենց ամբիցիաներից և իրենց անձնական խնդիրները (պարտքեր, վարկեր, թավաններ) փորձեն այլ ճանապարհով լուծելու:
Առավելություն եմ տալիս այն թեկնածուին, ով նախընտրական պրոցեսում պաշտոններ չի բաժանում, ավելորդ խոստումներ չի տալիս և ընտրվելուց հետո, եթե քաղաքին օգուտ չտա, վնաս էլ չի տա՝ ի տարբերություն մյուս թեկնածուների, որոնք աչք են դրել քաղաքի բյուջեի վրա:



-Ինչո՞վ եք զբաղվելու սեպտեմբերի 18-ից հետո, Ձեզ որևէ պաշտոն առաջարկե ՞լ են:



-Նախ ասեմ, որ իմ լիազորություններն ավարտվում են 2016թ-ի հոկտեմբերի 22-ին: Չգիտեմ, թե մինչև հոկտեմբերի 22-ը կաշխատեմ, թե ավելի շուտ հրաժարական կտամ, բայց փորձելու եմ նորընտիր համայնքապետին կիստ-պռատ գործեր չհանձնել: Ինձ ոչ ոք որևէ պետական կամ համայնքային պաշտոն չի առաջարկել: Եթե առաջարկություն լինի, կմտածեմ: Սակայն կարծում եմ, որ կանցնեմ ոչ պետական, մասնավոր կառույցում աշխատանքի:



-Չորս տավա Ձեր քաղաքապետության ընթացքում ի՞նչ ձեռքբերում կամ գուցե ձախողում կառանձնացնեք։



-Չզարմանաք, բայց ամենամեծ և ամենակարևոր գործը, որ ես կուզեի մատնանշել, մարդկանց, բնակիչների գիտակցության մեջ փոփոխություն մտցնելն է: Խոսքը վերաբերում է բնակիչների հարկերը, վարձերը, տուրքերը վճարելուն: Իհարկե, դա բավականին դժվար և ծանր աշխատանք է եղել: Ինչքանով է դա ինձ հաջողվել, չեմ կարող ասել, միայն նշեմ, որ քաղաքի բյուջեն սեփական եկամուտների մասով 4 տարվա ընթացքում կրկնապատկվել է:



-Ի՞նչ կարծիք ունեք ընդհանրապես ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, հատկապես որ հաճախ դրանք վերածվում են քաղաքական թունդ պայքարի, մինչդեռ քաղաքապետը պաշտոնը քաղաքական պաշտոն պետք չէ, որ լինի։



-Ընդհանրապես ժողովրդավարության, ընտրությունների, մասնավորապես ՏԻՄ ընտրությունների /համայնքապետ, ավագանի/ մասին, Վիլյամ Սարոյանի խոսքերով ասած, ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է: Այդ մասին կարելի է բավականին երկար խոսել , քննարկել, թողնենք մի ուրիշ առիթով:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ