Ես Ռոբերտ Ամիրխանյանի քաջալերանքի կարիքը չունեմ. Աշոտ Պետրոսյան

Ես Ռոբերտ Ամիրխանյանի քաջալերանքի կարիքը չունեմ. Աշոտ Պետրոսյան

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի առողջական վիճակը լավ է, ժամանակ առ ժամանակ ցավեր է ունենում, բայց ընդհանուր ինքնազգացողությունը բավարար է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը: Վերջինս նրան տեսակցել է այսօր և վրա է հասել այն պահին, երբ Աշոտը հենակներով քայլելիս է եղել:



Փաստաբանի խոսքերով՝ Պետրոսյանը տեղյակ է կառավարության հրաժարականի և նոր վարչապետի նշանական մասին, ասել է՝ դա դեռ չի նշանակում, որ իրենց պահանջները կատարվել են. «Փոփոխմամբ դա դեռ չի նշանակում, որ մեր երկրում խնդիրները լուծվեց կամ Հայաստանը դարձավ այն երկիրը, որի համար իրենք պայքարի են դուրս եկել, համակարգային փոփոխության կարիք ունի մեր երկիրը, ոչ թե անձերի փոփոխման»:



Փաստաբանի խոսքերով՝ Աշոտ Պետրոսյանը տեղեկացել է Ռոբերտ Ամիրխանյանի այն մեկնաբանությանը, որ ինքը չի կարող գնալ ու քաջալերել մի մարդու, ում պատճառով հայի արյուն է թափվել, Աշոտը ցանկացել է մեկնաբանությանը արձագանքել, սակայն տեսնելով հրապարակումները, ծանոթանալով հանրության արձագանքին, նշել է, որ այդքանն էլ բավական է. «Ես Ռոբերտ Ամիրխանյանի քաջալերանքի կարիքը չունեմ, և ծռերից ոչ մեկը: Ինքը իզուր է ենթադրում` պիտի գար և ինձ քաջալերեր: Այն արձագանքը, որը եղել է, բավական է, որ հասկանար՝ ճիշտ չի վարվել»,- փաստաբանի հետ զրույցում հայտնել էր Աշոտ Պերոսյանը:



Նշենք, որ օգոստոսի 4-ին Աշոտ Պետրոսյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով հանդիպում-առանձնազրույց կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Ամիրխանյանը սկզբում  հայտնել էր, ոչ մի պատճառ չունի Աշոտ Պետրոսյանին չտեսակցելու, բայց նա այդպես էլ չէր այցելել նրան: Տիգրան Մանսուրյանը տեսակցել էր Պետրոսյանին, ունեցել էին առանձնազրույց, որի մասին կողմերից ոչ մեկը չբարձրաձայնեց:



Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ իրացնելը), այժմ, սակայն, նրան մեղադրում են խմբին օժանդակելու մեջ։