Իսկ Զովունիում զով չէ

Իսկ Զովունիում զով չէ

Հոկտեմբերի 2-ին Զովունիում համայնքապետ եւ ավագանի են ընտրելու: ՏԻՄ ընտրություններն այստեղ միշտ լարված են անցել: Մոտ 20 տարի գյուղը ղեկավարող Սերժիկ Ավետիսյանն այս անգամ էլ մտադիր չէ աթոռը զիջել: Քվեաթերթիկում էլ նրա անվան դիմաց գրված է մոգական հապավումը՝ ՀՀԿ: Այս անգամ Սերժիկ Ավետիսյանը մրցակից ունի՝ ի դեմս անկուսակցական, ինքնառաջադրված Վրույր Սիմոնյանի` Զովունի սովխոզի նախագահ Մանուկ Սիմոնյանի որդին, որին գյուղը լավ է հիշում:



«Ես մի պարզ բան եմ ասում՝ եկել եմ աշխատելու, եկել եմ, որ միասին աշխատենք, արժանապատիվ կյանք ապահովենք մեր գյուղում: Ասում եմ՝ ամոթ է, որ Երեւանին կպած գյուղն այնպիսի խնդիրներ ունենա, որոնք հեռավոր գյուղերում վաղուց են հաղթահարվել»,- մեր զրույցի ընթացքում ասում է Վրույր Սիմոնյանն ու թվարկում կուտակված խնդիրները, որոնք, իր ասելով, փոքրիկ ցանկության դեպքում հաղթահարելի են հենց գյուղի միջոցների հաշվին:



- Մեր խմելու ջրագիծը շուտով իր 45-ամյակը կբոլորի: Խողովակները վաղուց են փտել, կոյուղաջրեր են խառնվում, գյուղի մի մասը միայն կոյուղի ունի, այն էլ՝ ավելի անմխիթար վիճակում, քան խմելու ջրագիծը: Նոր կառուցված տներից ով ինչպես կարողացել է, նոր կոյուղագծեր են միացրել վթարային վիճակում գտնվող կոյուղուն, կեղտաջրերը լցվում են բակերն ու նկուղները, իսկ գյուղապետարան ասես չկա էլ: Աղբահանության մասին ընդհանրապես չարժե խոսել, որովհետեւ նման բան չի իրականացվում: Լի պարկերով աղբն օրերով մնում է փողոցներում դրված, լավագույն դեպքում հեռացնում են մինչեւ գյուղի հարակից ձորակը, որն արդեն արոտավայրից վերածվում է աղբանոցի, ու այնտեղ նույնիսկ Երեւանից են աղբ բերում: Դա ուղղակի պատուհաս է դարձել Ամո թաղամասի ազգությամբ եզդի մեր համագյուղացիների համար, որոնք անասնապահությամբ են զբաղվում: Չլիներ զովունեցիների անձնական ներդրումը, գյուղի շատ փողոցներ ընդհանրապես անանցանելի կլինեին: Այդուհանդերձ, անձրեւների ու ձյան ժամանակ մարդիկ մեծ դժվարությամբ են կենտրոնից իրենց թաղամասերը հասնում: Այս ամենը, նաեւ գիշերային լուսավորության հարցը կարելի կարգավորել գյուղի բյուջեով՝ առանց պետության ողորմածությանն սպասելու: Պարզապես ցանկություն է պետք:



- Ժամանակին աղմուկ էր բարձրացել, որ Զովունիի մանկապարտեզի մի մասը վերածել են ոչ այն է՝ հարսանյաց, ոչ այն է՝ սգո սրահի: Ինչպե՞ս վերջացավ այդ պատմությունը:



- Ինչպե՞ս, շատ պարզ. պատի մի կողմում հոգեհաց են տալիս կամ հարսանիք անում, իսկ մյուս կողմում երեխաներն են վազվզում: Խայտառակություն, ուրիշ բառով չես բնութագրի: Գյուղին այդպիսի սրահ, որտեղ կարելի է կազմակերպել բազմամարդ արարողություններ, պետք էր, բան չունեմ ասելու, բայց ոչ մանկապարտեզին կից եւ դպրոցի հարեւանությամբ: Զովունիում երեխաներից խլել են ամեն ինչ՝ սկսած խաղահրապարակներից, որոնց մի մասն արդեն սեփականաշնորհված է, իսկ մի մասն էլ դարձյալ աղբանոցի է վերածվում:



- Գյուղը շատ խնդիրներ ունի, որի՞ց եք սկսելու ընտրվելու դեպքում:



- Զովունեցիներին ասել եմ արդեն, ձեզ էլ ասեմ: Սկսելու ենք աշխատելուց, շարժվելուց, թմբիրը թոթափելուց: Աշխատելու ենք բոլորս եւ միասին: Միասին քննարկելու ենք խնդիրները, լուծման ձեւերն ենք ճշտելու, պատասխանատուներ ենք նշանակելու, կոնկրետ ժամանակացույց ենք սահմանելու եւ գնալու ենք առաջ: Լիահույս եմ, որ հաջողելու ենք: Փոքրիկ հաղթանակները՝ մի փողոցի, մի շենքի, մի թաղամասի որեւէ հարցի լուծում, մեծ արժեք ունեն, երբ ձեռք են բերվում համայնքի անդամների մեծ ներգրավվածությամբ:



- Խոսակցություններ կան, որ Ձեր մրցակիցը լրջորեն է տրամադրված եւ ոչինչ չի խնայելու վերընտրվելու համար: Ինչպիսի՞ն են Ձեր շանսերը, մանավանդ, երբ դիմացինի թիկունքում ՀՀԿ-ն է՝ իր ողջ արսենալով:



- Ես այնքան էլ համամիտ չեմ այն խոսակցություններին, թե ՀՀԿ-ն, կներեք արտահայտությանս համար, «վիզ է դրել», որ Սերժիկն անցնի: Ես քաղաքից եկող-գնացող, փոշի հանող ՀՀԿ-ականների այս ընթացքում չեմ տեսել գյուղում: Բայց մարդը, որը 20 տարի ղեկավարել է գյուղը, թույլ մրցակից չի կարող լինել: Այդ տարիներին նա լավ ուսումնասիրել է մարդկանց հոգեբանությունը, թույլ տեղերը: Ես մի տեղ բակային հանդիպում եմ ունենում, մարդկանց բացատրում, ասում-խոսում, իսկ նա իմ հետեւից մտնում է նույն բակը, սկսում այդ մարդկանց հիշեցնել ինչ-որ մանր-մունր լավություններ, սպառնում, որ կմերժի դիմումները, գործից կհանի, պրոբլեմներ կլինեն: Այսինքն՝ նույն գործին է, ինչ արել է տարիներ շարունակ ու վերընտրվել: Ես նման լծակներ չունեմ, բայց փոխարենն ինձ սատարում են հարեւաններս, մեր մեծ գերդաստանը, ընկերներս, ՀՀԿ-ից բացի՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Իսկ իմ ամենամեծ հույսը զովունեցիներն են, որոնց հետ ապրել եմ ողջ կյանքս, որոնց աչքի առաջ է իմ ընտանիքը եւ մեր ընտանիքի պատմությունը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ