«Երեւանջրի» վարձակալը հաղթել է, եթե ֆորս մաժոր չլինի

«Երեւանջրի» վարձակալը հաղթել է, եթե ֆորս մաժոր չլինի

Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող մեկ միասնական օպերատորը, ըստ ամենայնի, լինելու է «Երեւանջուր» ընկերության վարձակալությունն ստանձնած ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը։ Հենց այս ընկերությունն է հաղթել երեք տարբեր փուլերով անցկացված մրցույթում, որի կազմակերպումն սկսվել էր դեռ անցյալ տարեվերջից։ «Վեոլիան» չորս ընկերություններից միակն է, որը մնացել է մինչեւ վերջ։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Հայաստանի խմելու ջրի միակ մատակարարը դառնալու ցանկություն ունեին, բացի «Վիոլիայից», երեք ընկերություններ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող «Էյ Ի Ջի Սերվիս» ընկերությունը, որը կոնսորցիում էր կազմել երկու ջրամատակարարների հետ, «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարիչ ֆրանսիական «Սաուրը» եւ իտալական «Աչեան»։ Վերջինս եւ «Սաուրը» երկրորդ փուլում հրաժարվեցին հետագա մասնակցությունից, երբ ստացան ՀՀ կառավարության տեխնիկական առաջադրանքը։ Երրորդ փուլում էլ, որն անցկացվեց հուլիսին, դուրս մնաց կոնսորցիումը՝ Կարեն Կարապետյանի կազմակերպությամբ հանդերձ։ Վերջինս չէր հաղթահարել պահանջվող չափանիշների նվազագույն շեմը։ Այժմ մնացել է մեկ ընկերություն՝ «Երեւանջուր» ընկերության վարձակալ «Վեոլիան»։ «Մենք ստացել ենք բավարար միավորներ եւ անցել ենք նաեւ սակագների շուրջ բանակցային փուլը,- ասաց ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը։- Բոլոր պայմանավորվածությունները կան, ու մնում է, որ կնքվի պայմանագիրը, եւ պաշտոնական հայտարարություն արվի»։ Ջրային տնտեսության կոմիտեում նոր է ղեկավար փոխվել, եւ, հավանաբար, այն ավելի կարեւոր գործերով է զբաղված։ Սպասվում է, որ պայմանագիրը կկնքվի հոկտեմբեր-նոյեմբերին, քանի որ նախատեսված է մրցութային գործընթացներն ավարտել դեկտեմբերի վերջին, եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ