Պետք է ֆիքսվեք ոչ թե օլիգարխների, այլ համընդհանուր հարկային արդարության վրա. Վարդան Արամյան

Պետք է ֆիքսվեք ոչ թե օլիգարխների, այլ համընդհանուր հարկային արդարության վրա. Վարդան Արամյան

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ կառավարության նոր ծրագրում շատ կոնկրետ ներկայացված միջոցառումներ են, այդ թվում հարկային և մաքսային ոլորտում, դրա մասին վարչապետը ընդհանուր շրջագիծը կներկայացնի, որից հետո մանրամասն կներկայացնեն այն հարցերը, որոնք հուզում են մարդկանց. «ՓՄՁ-ները արդեն հարկային օրենսգրքի մեջ կարգավորումներ ունեն և նաև մենք մտածում ենք որոշակի գործիքակազմի մասով, դա գտնվում է նորաստեղծ նախարարության ներքո, կարծում եմ՝ այս հարցերը պետք է ուղղեք Կարայանին»:



-Բարձրաձայնվեց  տնտեսական աղետի մասին, դուք նման կանխատեսումներին ինչպե՞ս եք վերաբերում:



Ոչ, ես նման կանխատեսում չունեմ: 2014-ից գլոբալ տնտեսությունում առկա են արտաքին աշխարհից ներթափանցող շոկեր։ Ես զեկույցով հանդես եկա, ներկայացրի զարգացումները 2014 թ-ից այս կողմ՝ ի՞նչ է տեղի ունեցել և մենք ինչպե՞ս ենք արձագանքել: Ապագային նայելով՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն, դա նշանակում է, որ աճի տեմպերը պետք է մեղմվեն: Դրա մասին ես մանրամասն խոսել եմ, ավելին՝ ես խոստացա, որ պետք է ստեղծենք պլատֆորմ, որի շրջանակում ներկայացրած ձեր հարցադրումների մասով մենք հանդես կգանք մանրակրկիտ զեկույցով: Ես կարծում եմ՝ քանի որ մենք ունենք նմանատիպ թեմա առանձին հարկաբյուջետային, պարտքի կայունության, պարտքի կառուցվածքի և մեր քաղաքականության մասին ձեզ ավելի մանրակրկիտ զեկույց կներկայացնենք, իսկ դեֆոլտի մասով չեմ կարծում, որ իրավաչափ է այս պահին, որ մենք խոսենք, թե վտանգված ենք:



-Սերժ Սարգսյանը ասում էր, որ օդում կախված լուրերի համաձայն, շատերը հարկային պարտավորություններ չեն կատարում, դուք կկարողանա՞ք օլիգարխների մոտ ստուգումներ իրականացնել:



Ես այդ մասով արդեն ասել եմ: Դուք ոչ թե պետք է ֆիքսվեք օլիգարխների, այլ ֆիքսվեք համընդհանուր հարկային արդարության և սկզբունքների վրա: Ամբողջ աշխարհում, երբ խոսում ենք օլիգարխների, մենաշնորհների մասին, նմանատիպ դրսևորումներ կան, որոնք կոչվում են գերիշխող դիրք: Հիմնական կարգավորումը պետք է կայանա նրանում, որ պետք է ստեղծես արդար մրցակցության համակարգեր և այն տնտեսվարողները, որոնք ունեն գերիշխող դիրք, նրանք չկարողանան իրենց գերիշխող դիրքը չարաշահել:



-Հնարավոր համարո՞ւմ եք միջին խավի ընդլայնման համար եկամտահարկը նրանց համար բարձրացնելը:



Մենք եկամտային հարկի մասով ոչ թե ընդհանուր բարձրացում ենք արել, այլ կատարել ենք վերաբաշխում, ընդհանուր առումով, եթե եկամտային հարկով հավակնում ենք 300 մլրդ եկամուտ, այդ վերաբաշխման արդյունքում հանրության առումով բեռի ավելացում չի լինելու: Լինելու է վերաբաշխում, այսինքն՝ ցածր եկամուտով մարդիկ, ովքեր 150 հազար դրամից ներքև են գտնվում, նրանք պետք է ավելի ցածր բեռ ունենան և այն մարդիկ, ովքեր ավելի բարձր եկամուտով են լինում, պետք է ավելի բարձր բեռ ունենան: Սա ամբողջ աշխարհում է այդպես:



-Սա թույլ կտա՞ Հայաստանում միջին խավը ընդլայնել:



Միջին խավի ընդլայման համար այլ ձևաչափ է պետք, պետք է ունենանք տնտեսական հիմքերի ուժեղացում, պետք է ներդրումների վրա աշխատենք: Միջին խավի լավագույն օգնության հարթակը դա տնտեսական աճն է, իսկ եկամտային հարկը պետք է լինի պրոգրեսիվ: