Մուծեմ, Արփինե ջան, հարց չկա

Մուծեմ, Արփինե ջան, հարց չկա

Արդարադատության նախարար ունենալը լավ բան է, իսկ եթե նա նաև կին է, այն էլ գեղեցկուհի, դա վերջն է.



Ծով են աչքերը մեր արդար դստեր,



Ու կորչում է մարդ նրա հայացքում,



Ճակատը` ճերմակ էն ձյունից էլ դեռ,



Որ Արագածի գագաթն է ծածկում...



Ինչու եմ առավոտ գիշերով հիշել Արփինե Հովհաննիսյանի՞ն` պատճառը շուտով կիմանաք, իսկ առայժմ նկատեմ միայն, որ ամեն մարդ առավոտյան մի բան հիշում է կամ մի ուղղությամբ մտածում, ծրագրում օրն ու անելիքները: Ամեն ինչ նորմալ է: Այսօր հիշել եմ մեր արդարադատության նախարարին, որովհետև այս հոդվածը վերջացնելուց հետո գնալու եմ բանկ և ունեցած-չունեցածս գրավի տակից հանեմ: ԴԱՀԿ-ն իր ոողջ արսենալով գրոհել է: Կալանք են դրել բանկային հաշիվներիս, գույքիս ու ամեն ինչիս վրա, և ես, որպես բանկային հաշիվ չունեցող քաղաքացի (երբեք չեմ ունեցել) գնում եմ բանկ, որպեսզի հոգիս ազատեմ ԴԱՀԿ-ի ու արդարադատության նախարարությունից:



Սա առաջին դեպքը չէ իմ կյանքում, որ հայրենի արագաչափի նշանակած տուգանքը ուշացրել եմ: Բայց սա առաջին դեպքն է, որ արագաչափի աշխատակիցները, այսինքն` ոստիկանությունը, չի բարեհաճել ինձ տեղեկացնել խախտման մասին և ուղիղ դիմել է արդարադատությանը, որպեսզի ինձնից ստանա Վլադիմիր Գասպարյանի հալալ քրտինքով վաստակած 9 հազար դրամ տուգանքը: Իսկ արդարադատության գեղեցկուհի նախարարն էլ, հո գիտեք, ձրի գործ չի անում: Ինքն էլ իր հերթին է «վենա» մտել 4.5 հազարի չափով, և, որպեսզի Հայաստանից չթռնեմ,ԴԱՀԿ-ով  կալանք է դրել ամեն ինչիս վրա:



Այսքանը լավ մտապահեք:



Իսկ հիմա` իմ կարգազանցության մասին: ՀՀ իշխանությունների քառակուսի մտածելու կարողությանը ոչ ոք չի կասկածում, չէ՞: Նրանք ոչ մի շեղում չունեն: Որոշել են, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի հալածված և վերջ: Երկիրը ծածկել են տեսախցիկներով, մեզ հետևում են սոցցանցերով, հեռախոսներով, անգամ արդուկով, եթե այն միացված է: Վերջերս էլ ոստիկանների վրա են տեսախցիկ դրել և, երբ ոստիկանը փորը դեմ է տալիս մեքենայիդ բաց ապակուն, նկարվում է անգամ մեքենայի ներսը` իր ողջ պարունակությամբ: Ի՞նչ երկարացնեմ` գերի ենք մեր երկրում:



Եվ ուրեմն ապրիլի առաջին օրերին (հիշեք այդ օրերը) հերոս գյուղ Երասխավանի արագաչափը ինձ նկարել է այն պահին, երբ արագությունս գերազանցել է թույլատրելի նորման 9 կմ ժամով: Իսկ թե ինչ էի կորցրել այդ կողմերում ապրիլի առաջին օրերին, թողնում եմ մեր իշխանությունների քառակուսի մտածողությանը: Ասեմ միայն, որ այդ կողմերում ես լինում եմ բացառապես Արցախ գնալիս կամ այնտեղից վերադառնալիս: Ինչևէ:



Երասխում կատարած քաջագործությանս մասին ես չեմ տեղեկացվել: Դա եղել է ապրիլի 10 -ին, իսկ ես ԴԱՀԿ-ից կալանքի մասին նամակ եմ ստացել հոկտեմբերի 31-ին: Այդ ընթացքում ԴԱՀԿ-ը հասցրեց խայտառակ լինել, պետ փոխեցին, կառավարություն փոխվեց, ոստիկանապետն ու արդարադատության նախարարը, որ հայ-հայ էր պիտի թռնեին, անլուր մաքառումների գնով մնացին իրենց պաշտոններում: Կարճ աած` ոչ ոք ժամանակ չուներ ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրեասյանին տեղեկացնելու, որ խախտում է կատարել Երասխավանում: Ահավասիկ նոր կառավարությունը ձևավորվեց, սիրտները տեղն ընկավ ու դարձյալ թև թևի տված ոստիկանությունն ու արդարադատությունը (մի պահ պատկերացրեք Վովային ու Արփինեին միասին) կրկին հայտնվեցին` ձեռնաշղթաներով, կալանքի որոշումով, սպառնալիքներով, որ եթե 3 օրում իրենց նշանակած գումարը չվճարեմ` եղած-չեղածս կտանեն:



Ահա և գնում եմ վճարելու: Բողոքելու տեղ չկա, արդարության մասին չեմ էլ մտածում, որովհետև գործ ունեմ արդարադատության միջնաբերդի տիրուհու հետ:



Էդիկ Անդրեասյան