Եթե հորս հետ վատ բան լինի, նրա բժիշկները քավության նոխազ են դառնալու

Եթե հորս հետ վատ բան լինի, նրա բժիշկները քավության նոխազ են դառնալու

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 11 ամսում 4 հազար դեղահաբ է ընդունել՝ նշանակված ՔԿՀ բժիշկների կողմից, բայց արդյունքն այն է, որ նա այսօր չի կարողանում քայլել։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հավատացնում է, որ իր հետ հանդիպելու համար նա խցից մինչեւ տեսակցության սենյակ՝ այդ 50 մետր տարածքը ձեռնափայտով եւ բանտապահի ուղեկցությամբ է անցնում։ 15 րոպեից ավելի Շիրխանյանը չի կարողանում նստած մնալ եւ զրուցել պաշտպանի հետ: «Փաստ ասաց, որն ինձ ցնցեց,- պատմում է Ալումյանը։- Երեք ամիս չի կարողացել լոգանք ընդունել, որովհետեւ դրա համար անհրաժեշտ է մի հարկ իջնել եւ ցնցուղի տակ կանգնել, իսկ ինքն ի վիճակի չէ»։ Նա չի պատկերացնում, թե ինչպես է Շիրխանյանը կարողանալու մասնակցել դատաքննությանը, որը շուտով սկսվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։ Իսկ հայ հասարակության մեծ մասը չի պատկերացնում, թե հազիվ ոտքերը շարժող 70-ամյա գեներալն ինչով է վտանգավոր, որ նրան թույլ չեն տալիս գոնե տանը, հարազատներով շրջապատված սպասել դատավճռին։ Մանավանդ, երբ մյուսներին թույլ են տվել: 



Օրինակ՝ Արթուր Վարդանյանի խմբի հետ անմիջական կապ ունեցող, ըստ բազմաթիվ վկայությունների, նրան ֆինանսավորող «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանին՝ ընդամենը չբացակայելու մասին ստորագրություն վերցնելով։ Լավ են արել, որ հումանիզմ են դրսեւորել հայր Անտոնի նկատմամբ: Բայց եթե նրան կարելի էր բաց թողնել, Վահան Շիրխանյանն ինչո՞վ էր վատը: Նրանով, որ Հռոմի պապը չէ՞ր բարեխոսել նրա համար: Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում, որը բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրվող տարեց գեներալը (հանցավոր համագործակցությանը մասնակցելու, իշխանության յուրացման, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել-պահելու) օրերս «Հրապարակ» եւ «Ժողովուրդ» թերթերի միջոցով փոխանցեց ԶԼՄ-ներին եւ որը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցով մեկ, գեներալ Շիրխանյանն այսպես է նկարագրում իր վիճակը․ «Ինձ բանտարկեցիր առողջ վիճակում, երբ կարողանում էի ժամերով քայլել թոռնիկիս հետ՝ երբեմն գրկելով նրան: Հիմա չեմ կարողանում քայլել: Պարգեւել ես թոքի ինֆարկտ: Մարմնիս մեջ 30 սանտիմետր մետաղական առարկայով, գլխուղեղիս վրա տրոմբի գնդիկներով եւ այլն: Այս տեմպերով եթե գնա, շուտով պատրաստվիր պարգեւատրելու քննչականի պետ Համբարձումյանին ու էլի մի քանիսին՝ քո կողմից նրանց առջեւ դրված ինձ սպանելու խնդիրը «պատվով» կատարելու համար»:



Ինչո՞ւ են գեներալը, նրա ընտանիքի անդամները, պաշտպանը համոզված, որ ՔԿՎ-ն նրան մահվան հասցնելու հրահանգ է ստացել։ Գեներալի որդին՝ Գոռ Շիրխանյանը, պատասխանում է․ «Որովհետեւ՝ նախ, ինքը եղել է ամբողջությամբ առողջ։ Կալանավորվելուց մոտ երկուսուկես ամիս առաջ մենք նրան համալիր ստուգման ենք ենթարկել, եւ նա որեւէ լուրջ խնդիր չուներ։ Մարտ ամսից սրվեց տրոմբոզը, ու մենք անընդհատ ասում էինք կալանավայրի բժիշկներին, որ հայրս տրոմբոզ ունի։ Բայց նա բուժում չէր ստանում, մինչեւ որ ստացավ թոքի կաթված։ Կաթվածահար վիճակում էլ նրանց բժիշկները ոչ մի քայլ չէին անում, որ նրան հանեին։ Հայրս փրկվեց պատահաբար։ Նրա խցակիցները ոտքերով դռանը հարվածելով՝ ահազանգել էին, որ գան-տեսնեն, թե ինչ վիճակում է։ Նրան տարան վիրահատեցին ու մյուս օրը վերակենդանացման բաժին տեղափոխելու փոխարեն նորից տարան ԱԱԾ պադվալ, երբ մարդը չէր կարողանում քայլել ու խոսել։ Թոքաբորբ ուներ, տաքության մեջ, դեղեր չտվեցին։ Դրանից հետո վիճակը վատանում էր, բայց ամեն անգամ մի բժիշկ էր հայտնվում, որը գրում էր, որ ամեն ինչ նորմալ է»։ Շիրխանյանի հարազատները հավաքել են բոլոր փաստաթղթերը, որոնք ուղարկելու են առաջատար եվրոպական մասնագետների։ 



«Եթե հորս հետ մի վատ բան լինի, մենք հատ-հատ գործեր ենք հարուցելու այն բժիշկների դեմ, որոնք, քաղաքական պատվեր կատարելով, սխալ եզրակացություններ են տվել նրա առողջության վերաբերյալ։ Առաջինը նրանք են քավության նոխազ դառնալու»։ Դատապարտյալների հիվանդանոցի մասնագետներին Շիրխանյանները չեն վստահում։ «Նախ՝ այնտեղ անոթային բաժանմունք չկա, երկրորդն էլ՝ հայտնի է, թե ինչ վիճակ է տիրում»։ Գեներալի ընտանիքին 6 ամիս թույլատրված էր տեսակցել նրա հետ, այնուհետեւ ամառվանից թույլ տվեցին ամիսը երկու անգամ մեկ-մեկ ժամանոց հանդիպումներ, որոնց մշտապես ներկա է լինում ՔԿՀ աշխատակիցը։



Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը որեւէ կերպ չեն արձագանքել Շիրխանյանի գրավոր նամակներին։ «Մենք ունենք ԱՆ եւ ՔԿՎ, որոնք ամիսներ շարունակ իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել նամակների՝ ոչ թե մերժել կամ վերահասցեագրել։ Այսպիսի փնթի աշխատանք որեւէ այլ նախարարությունից, կազմակերպությունից, թաղապետից կամ համայնքապետից չեմ հանդիպել իմ վերջին տարիների պրակտիկայում»,-ասում է փաստաբան Հայկ Ալումյանը՝ գնահատելով ՄԻ պաշտպանի վերաբերմունքը, «որը կոմպենսացրեց այն երկու սուբյեկտների փնթիությունը»։ Ինչպես հայտնի է, Թաթոյանն իր կողմից ընդունված որոշմամբ հաստատված է համարել, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում Շիրխանյանի իրավունքները խախտվել են, եւ առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարին Շիրխանյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, կազմակերպել նրա անհրաժեշտ խնամքը, բացառել, որ այն կատարվի ազատազրկված այլ անձի կողմից, պատասխանատվության ենթարկել Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը խախտելու մեջ մեղավոր պաշտոնյաներին։ Իսկ մի քանի օր առաջ տեղեկացանք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ գանգատը քննել առաջնահերթության կարգով: Մինչ այդ՝ երեկ, արդարադատության նախարարությունն արձագանքեց փաստաբանի ասուլիսին՝ հայտարարելով, որ Շիրխանյանի առողջական վիճակն ստուգող հանձնաժողով են ձեւավորել, որը եզրակացրել է, որ նրան հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա։ Ավելին՝ ԱՆ-ն հորդորել է փաստաբանին՝ «հավատարիմ մնալ իր մասնագիտությանը, զբաղվել միայն մասնագիտական գործունեությամբ եւ ոչ թե բժշկությամբ»:



ՀԳ․ Արդյո՞ք Հայաստանին պատիվ կբերի գեներալի մահը բանտում։ Այս հարցին պետք է պատասխանի թերեւս ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ մի կողմ դնելով իր անձնական վերաբերմունքը Վահան Շիրխանյանի նկատմամբ, ինչպես նաեւ վերջինիս՝ իրեն հասցեագրված կծու խոսքերը․ «Քո բանտում սպանվելն ավելի պատվաբեր է, քան թուրքի գնդակից... Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր պաշտոնյա կալանավորն եմ: Անարդարության, այսինքն՝ քո չափանիշների մեջ դա չի տեղավորվում: Զավակներիցս երկուսը գործազուրկ են, մեկն էլ վարձով է ապրում: Ուղարկիր իմ մոտ 1-2 վարչապետ (դղյակավոր, օֆշորավոր) կամ գոնե Նժդեհի նորագույն ուսմունքի հեղինակներիդ, ԱԺ նախագահ, նման բան. կարող է 70 տարեկան հասակում այդ երիտասարդներն ինձ ինչ-որ բան բացատրեն: Միեւնույն է, դրանց վերջն այստեղ է, եթե ոչ քո հրամանով, ապա ժողովրդի վճռով»:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ