Ադրբեջանցիներն սպառնացել են Բրյուսելի ցուցասրահի տնօրինությանը

Ադրբեջանցիներն սպառնացել են Բրյուսելի ցուցասրահի տնօրինությանը

«Արցախի օրերը», որոնք պետք է անցնեին Բրյուսելում՝ նոյեմբերի 15-20-ը, սահմանափակվեցին մեկ մշակութաբանական ցուցահանդեսով։ «Արցախ՝ Լեռնային Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որն անցկացվեց Tour&Taxis ցուցասրահների համալիրում, նախաձեռնել էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակը՝ համագործակցելով Արցախի իշխանությունների հետ: Բացմանը ներկա են եղել 200-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ Բելգիայի դաշնային, շրջանային եւ ֆլամանդական խորհրդարանների պատգամավորներ, գիտության եւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախագահ Ժյուլի դը Գրոտն իր ելույթում ասել է, որ «Արցախը սիրված գանձ է», եւ ոչ մի քաղաքական շեշտադրում չի հնչել: ԼՂՀ-ից եղել են միայն էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները։ Ոչ նախագահ Բակո Սահակյանը, ոչ էլ ԼՂՀ արտգործնախարարը Բրյուսել չեն գնացել։ Մինչդեռ նախօրոք պլանավորված էր, որ նրանք պետք է մեկնեին Եվրախորհրդի մայրաքաղաք, հանդիպումներ ունենային Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, քաղաքական գործիչների, վերլուծաբանների, գիտակրթական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումները ծրագրված էին, դահլիճների վարձակալության վերաբերյալ պայմանավորվածությունները՝ ձեռք բերված, բայց վերջին պահին ինչ-որ բան խանգարել է, եւ Արցախի նախագահը չի մեկնել Բրյուսել։ Պայմանավորվածությունները չեղյալ են համարվել։ 



Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես այս չեղարկումն իր դիվանագիտական հաղթանակը համարեց եւ սկսեց գոռալ իր ԶԼՄ-ներով, որ կարողացել է կանխել «հայկական պրովոկացիան Բելգիայում», եւ այդ գործում մեծ ներդրում է ունեցել Բելգիայի ադրբեջանական համայնքը։ Մեր կողմը լռում էր, իսկ ԼՂՀ արտգործնախարարությունում շատ տարօրինակ կեցվածք որդեգրեցին՝ նույնիսկ մեզ հորդորեցին չգրել այս մասին, որովհետեւ «ցանկալի չէ»։ Բնականաբար՝ ձախողումների մասին հրապարակումներ կարդալը հաճելի չէ։ Սակայն այս լռակյացությունն ադրբեջանական մամուլի շատախոսության կողքին առնվազն կասկածելի է եւ կարող է հիմք տալ ենթադրելու, որ բելգիական իշխանություններից մերոնք անակնկալ մերժում են ստացել եւ ձախողվել, որի մասին նախընտրում են լռել։



Ինչո՞ւ Բակո Սահակյանը չգնաց Բրյուսել։ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը պարզաբանում է, որ չկա նման բան։ «Ամեն ինչ եղել է ծրագրավորված, նախապատրաստված, բայց, հաշվի առնելով, որ հակառակորդն այդ ժամանակահատվածում աննախադեպ ծավալով զորավարժություններ էր իրականացնում, որոնց մի պատկառելի մասը տեղի է ունենում հենց Արցախի Հանրապետության սահմանների երկայնքով, որոշում է կայացվել, որ հանրապետության նախագահը եւ արցախյան հանրապետության զորքերի գերագույն համանատարը լինի հանրապետությունում։ Զորավարժությունները 18-19-ին են վերջացել, իսկ Արցախի օրերը Բելգիայում պետք է տեղի ունենային նոյեմբերի 15-20-ը»,- ասաց խոսնակը։
Բայց Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը տարածել է, թե, իբր, հանդիպումները տեղի չեն ունեցել, որովհետեւ իրենք աշխատանք են կատարել Բրյուսելում դեսպանատան հետ։ «Սուտ է, դա որեւէ ձեւով չի համապատասխանում իրականությանը։ Բուն պատճառը ես Ձեզ ասացի»,- պնդում է Բաբայանը։ Բելգիական կողմն ինչպե՞ս է վերաբերվել ԼՂՀ նախագահի այց կազմակերպելու գաղափարին։ «Իհարկե, բոլորն ըմբռնումով են մոտեցել ու շատ են ուզել, որ այդ հանդիպումները տեղի ունենան, նաեւ բելգիական կողմը, բայց ի՞նչ արած։ Վիճակն այնպիսին է, որ այդ միջոցառումները տեղի չեն ունեցել, բայց դա չի նշանակում, որ դրանք լրիվ են չեղարկվել։ Դրանք տեղի կունենան քիչ ուշ, իսկ թե երբ, մենք կասենք»։



Դավիթ Բաբայանը նաեւ հիշեցրեց, որ նման հանդիպումներ միշտ էլ տեղի են ունենում։ Այնուամենայնիվ, այս անգամ ամեն ինչ այնքան էլ հարթ չի անցել։ Անգամ միակ մշակութային միջոցառումը, որն անցկացվել է Արցախի օրերի շրջանակներում, ադրբեջանցիները փորձել են «հարամել»։ Ցուցահանդեսի բացման ժամանակ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն իր ելույթում ասել է, որ Tour&Taxis ցուցասրահների ադմինիստրացիային սպառնացել են։ «Չնայած Ադրբեջանի իշխանությունների հիստերիային, բոյկոտելու կոչերին եւ այդ թվում Tour&Taxis-ի ադմինիստրացիայի հասցեին ուղղված սպառնալիքներին՝ այս ցուցադրությունն ընթանում է մեծ հաջողությամբ, ինչի մասին վկայում են մեծ հետաքրքրությունը եւ հյուրերի մեծաքանակ թիվը: Սա եւս մեկ ապացույց է, որ Ադրբեջանի իշխանությունների՝ եվրոպացի որոշում կայացողներին, սովորական քաղաքացիներին սպառնալու եւ թելադրելու քաղաքականությունը ձախողվել է»,- ասել է Գասպար Կարապետյանը։ Այսպիսով, պատկերը հետեւյալն է. ադրբեջանցիներն սպառնում են, անպատեհ պահի զորավարժություններ են անցկացնում, լարվածություն են ստեղծում սահմանին, իսկ մենք չեղարկում ենք հանդիպումները, հրաժարվում ենք այցելություններից, լռում ենք եւ հորդորում ենք լռել ԶԼՄ-ներին, որ հանկարծ մի նոր զորավարժություն չանցկացնեն, կամ հայությունը չիմանա իրենց ձախողումների մասին։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ