Իրենց քաշով մեկ պատվոգրեր, գովասանագրեր եվ մրցանակներ ունեմ

Իրենց քաշով մեկ պատվոգրեր, գովասանագրեր եվ մրցանակներ ունեմ

Երեկ գրել էինք, որ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում լուրջ կոնֆլիկտ է հասունացել, խնդիրը թատրոնի տնօրենի թափուր պաշտոնն է, որի մրցույթը նշանակված է դեկտեմբերի 23-ին։ Ինչ վերաբերում է հավակնորդներին, դրանցից մեկը դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է, որին ընդդիմանում է թատրոնի կոլեկտիվի մի ստվար զանգված, քանի որ աբելյանցիները մտավախություն ունեն, որ, ի դեմս նրա, թատրոնն այսուհետ ամբողջությամբ կղեկավարի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ Թե թատրոնի նախկին տնօրեն Հովիկ Չախմախչյանը, թե կոլեկտիվի մեծ մասը հույս են փայփայել, որ տնօրենի պաշտոնում կառաջադրվի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, որին ծափահարություններով են ընդունել։ Բայց, ինչպես մեզ հետ զրույցում նշել էր Պապինյանը, իրեն տարբեր մակարդակներով հասկացրել են, որ չարժե առաջադրվել, քանի որ «շատ վերեւներից ասված է Ագնեսայի համար»։



Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է բացատրում այն լարվածությունը, որ կա թատրոնի կոլեկտիվի կողմից իր հանդեպ։ «Կարծում եմ՝ ոչ մի պարսավելի բան չկա, որ հայտարարվել է մրցույթ, եւ ես ցանկություն ունեմ այդ մրցույթին մասնակցելու, վերջիվերջո, կոշկակար չեմ կամ էլ կթվորուհի, ունեմ համապատասխան կրթություն եւ մասնագիտություն ու ուզում եմ ինձ այստեղ էլ փորձել, իսկ ինչո՞ւ ոչ։ Ես զարմանում եմ, թե ինչու է նման աժիոտաժ»,-ասում է Ագնեսան ու նշում, որ իրեն էլ զանգահարել են նույն այդ կոլեկտիվի անդամներից եւ հորդորել ուշադրություն չդարձնել մամուլում շրջանառվող հոդվածներին ու նամակներին. «Եթե իրոք մեծամասնությունը դեմ լինի, ես իմ թեկնածությունը կհանեմ, բայց մեծամասնությունը, ինչքանով ես տեղեկացված եմ, լավ է տրամադրված եւ սատարում է ինձ»։ Այդուհանդերձ, լարվածություն կա իր առաջադրման հետ կապված, ո՞րն է խնդիրը, ի՞նչ է մտածում։ «Բոլոր մահկանացուներին, որոնք ուզում են որեւիցե քայլ անել, լինում են կամ հակա, կամ կողմնակից, անհնար է, որ 100 տոկոսով բոլորն էլ ուզենան, որ ես լինեմ, եւ, որպես գիտակից մարդ, ես հասկանում եմ դա»։



Նախկին տնօրեն Հովիկ Չախմախչյանի անունը լսելուն պես Ագնեսա Շահնազարյանն այլեւս չլսեց հարցի շարունակությունն ու անմիջապես հակադարձեց. «Իսկ Չախմախչյանն ի՞նչ է արել առհասարակ իր կյանքի ընթացքում, ո՞վ է Չախմախչյանը, նա նաեւ ասում է, որ Վահե Շահվերդյանը սպառված ռեժիսոր է, դա նշանակում է, որ իրականությանը համապատասխանո՞ւմ է, դա իր սուբյեկտիվ կարծիքն է»։



Ագնեսա Շահնազարյանը նաեւ ասում է, որ ուզում է Վանաձորի թատրոնին ծառայել, եւ իր գնալու նպատակը միայն ու միայն թատրոնը վերականգնելն է։ Մեր դիտարկմանը, թե թատրոնի ներսում, ինչպես նաեւ թատրոնից դուրս մտահոգված են, որ ինքը չունի կառավարման այն հմտությունները, որ կարողանա նման մեծ թատրոն ղեկավարել, հակադարձում է՝ օրինակ բերելով թե հեռուստատեսությունում եւ թե թատրոններում անցած իր ուղին։ Ագնեսան ընդգծում է՝ ունի իրենից պահանջվող մասնագիտական աշխատանքային փորձը. «Արմենիա» հեռուստաընկերությունում եղել է 3 ծրագրի տնօրեն, ինչպես նաեւ մոսկովյան մի ընկերության քաստինգ-տնօրենը Հայաստանում։ Դեռ ուսանող ժամանակներից աշխատել է Սունդուկյան թատրոնում, իսկ 2013-ից մինչ օրս էլ աշխատում է Պարոնյան թատրոնում։ Ինչ վերաբերում է Վանաձորին, ապա ծնվել է այստեղ ու սովորել տեղի թատերական ստուդիայում, իր առաջին քայլերը կատարել է Աբելյանի անվան թատրոնի բեմում, երբեւէ որեւէ կուսակցության անդամ չի եղել. «Գրում են, որ ես դերասանուհի չեմ, այնինչ իրենց քաշով մեկ պատվոգրեր, գովասանագրեր եւ մրցանակներ ունեմ... իսկ ո՞վ է Հովիկ Չախմախչյանը, ի՞նչ է արել նա առհասարակ թատրոնի համար, կամ ի՞նչ է նշանակում՝ Հովիկ Չախմախչյանը չի ներկայացրել իր թեկնածությունը, նա ցմա՞հ պետք է աշխատի թատրոնում, 65 տարին լրացած անձնավորությունն իրավունք չունի այլեւս աշխատել գործադիր մարմնի պաշտոնում, Հովիկ Չախմախչյանն արդեն թոշակառու վիճակում էլ շարունակում էր աշխատել, այսինքն՝ նա «կոշչեյ բեսսմերտնի՞ն» է, որ անընդհատ պիտի լինի թատրոնի տնօրեն»։



Անդրադառնալով թատրոնի տնօրենի ԺՊ Հրաչյա Պապինյանի այն խոսքերին, որ իրեն ասել են՝ վերեւներից ասված է Ագնեսայի համար, նա նշեց. «Իսկ որտեղի՞ց գիտի Հրաչյա Պապինյանը, նշանակում է՝ ինքն էլ է, չէ՞, գնացել այդտեղ... կամ՝ ինքն իրավունք ունի նախարարի մոտ գնալու, ես չունե՞մ»։ Ագնեսան նշեց, որ երկար չի կարող խոսել՝ պատրաստվում է քննության եւ առաջիկայում՝ մրցույթից առաջ, հանդես կգա մամլո ասուլիսով, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կտա։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ