Խղճում եմ այսպիսի ճղճիմ մեթոդով իմ դեմ պայքարողներին. Արագած Ախոյանը՝ ազատամարտիկի հայտարարություններին

Խղճում եմ այսպիսի ճղճիմ մեթոդով իմ դեմ պայքարողներին. Արագած Ախոյանը՝ ազատամարտիկի հայտարարություններին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը արդեն 12-րդ օրն է անժամկետ հացադուլ է իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նա այսօր կառավարության դիմաց իր կողմից հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ձայանգրություններ, ըստ որոնց՝  Անուշիկի և Սարգսի միջև զրույց է տեղի ունենում, Անուշիկը նշում է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի անունը, ըստ որի` Աշոտ Մալխասյանը, ով «Արցախ» բանկի կառավարիչն է, գումարը տվել է Արագոյին, նույն ինքը՝ Արագած Ախոյանին:



Հիշեցնենք, որ ազատամարտիկը պնդում է, թե ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով «Արցախբանկի» աշխատակից Անուշիկ Շահրամանյանին, որը այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաշխառության համար Սարգիս Ղազարյանին դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:



Անուշիկ Շահրամանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրենքով սահմանված կարգով այդ հարցը լուծվել է և չգիտի՝ ի՞նչ սուտ հրապարակումներ է անում Սարգիսը, բայց կա համապաստասխան մարմինների կողմից որոշում, կան համապատասխան իր իսկ կողմից տրված ցուցմունքներ, որը չի համապատասխանում Ղազարյանի կատարած հայտարարություններին. «Ինքը բազմաթիվ անգամ այլ մարդկանց հետ էլ է ունեցել խնդիրներ, ոչ միայն ինձ հետ, վերցրել ենք գումար, հետ ենք տվել, տոկոսով ենք վերցրել, տոկոսը ետ չենք տվել, եթե դրա համար ինքը պիտի կանգնի և գոռա, որ ինքը խաբվել է, օրենքը այդքան հիմար չէ, որ իրեն չլսեր ինձ թվում է: Ես էլ չունեմ այնպիսի մի ծանոթ կամ բարեկամ, որ կարողանա իր ասած ձևերով՝ ծանոթներով հարց լուծել: Սովորական քաղաքացի եմ, դասախոսում եմ և ծիծաղելի է, որ ինքը կանգնել, նման հայտարարություններ է անում, առհասարակ ինձ չի էլ հետաքրքրում իր կատարած սուտ, կեղծ հայտարարությունները»:



Անդրադառնալով այսօրվա հրապարակած ձայնագրություններին, Անուշիկը նշեց, որ դա իր ձայնագրությունը չի, կան համապատասխան թեստեր, կան մարդկանց անձնական տվյալներ, եթե անգամ ձայնագրել է, դրա իրավունքը նա անգամ չունի, քանի որ դրա համար պետք է զգուշացվի. «Ես էդքան հիմար չեմ, որ եթե այդքանը արել եմ, նստեմ, կյանքս պատմեմ, ինձ թվում է, որ լսողներն էլ են հասկանում, որ ինքը շանտաժիստ, սուտասան է... Ես ոչինչ չեմ պատրաստվում անել, Աստված իր հետ, ուզում է գնա նստի հրապարակի տոնածառի տակ, ինձ հետաքրքիր չի, եթե ես մեղավոր եմ, կան պատկան մարմիններ, ովքեր կարող են զբաղվել այդ հարցով, ինչի՞ մասին է խոսքը: Ես ունեմ համապատասխան վճիռ, որը հրապարակվել է: Ես ապացուցել եմ, որ տվել եմ իր գումարը, իր մայր գումարը և մնացած տոկոսները վճարվել է, անգամ ունեմ որոշում, որ կարող եմ մտնել Քաղաքացիական դատարան, մի բան էլ ես պահանջեմ, բայց ես չեմ պահանջում»:



Անուշիկ Շահրամանյանը նշեց, որ Աշոտ Մալխասյանը պարզապես իր գործընկերն է եղել, այլ առընչություն չի ունեցել:



Արագած Ախոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը պարզապես ապշած է և չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ո՞վ, ո՞ւմ է ասել, ի՞նչ է ասել, այդ ամենը կարելի է դասակարգել դեղին PR շարքին. «Աշոտ Մալխասյանը «Արցախ» բանկում մասնաճյուղի կառավարիչ էր, մենք բավականին գործարքներ ժամանակին արել ենք միասին, բայց որ ինձ գումար է տվել, հիվանդագին բաներ են դրանք, դա սուտ է: Ես անպայման մեր բարի համբավը արատավորելու համար մինչև վերջ նման բան անողի քթից քարշ եմ տալու, պատիվ եմ պահանջելու, սա սրիկայություն է: Ես ուղղակի խղճալով եմ վերաբերում այսպիսի ճղճիմ մեթոդով իմ դեմ պայքարողներին: Ես Անուշիկին ճանաչում եմ «Արցախ» բանկից, եղել ենք մտերիմ հարաբերությունների մեջ, ոչ միայն Անուշիկին, այլև իր ծնողներին եմ ճանաչում, բայց գումար վերցնել-տալ, այդ ասելով դա ցեխ շպրտել է մեզ վրա, դա սրիկաություն է: Այսօր ոչ ոք ոչ մեկի նման գումարներ առանց փաստաթղթի չի տալիս, ես նման խաղերի մեջ չկամ, ես պահանջելու եմ, որպեսզի բացահայտ ներողություն խնդրեն, այլապես ես դիմելու եմ օրենքի մեջ բոլոր քայլերին՝ սրիկաներին, պատվիրատուներին իրենց տեղը ցույց տալու համար»:



Ախոյանը նաև ավելացրեց, որ դա հոգեկան հիվանդի վառ երևակայության արդյունք է, հայտարարությունը բացաձակապես իրականությանը չի համապատասխանում:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ