Երբ ձյունը հալի, ու զրոյից բարձր լինի ջերմաստիճանը, երեվի կսկսենք

Երբ ձյունը հալի, ու զրոյից բարձր լինի ջերմաստիճանը, երեվի կսկսենք

Այս տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Արագածոտնի մարզ։ Վարչապետը հանդիպում ունեցավ մարզի համայնքապետերի հետ։ Հանդիպման ժամանակ նա հարց էր ողղել Աշտարակի նորանշանակ եւ երիտասարդ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին՝ պատկերացում ունի՞, թե ինչպես կարելի է Աշտարակը զբոսաշրջային գրավիչ քաղաք դարձնել։ Շահվերդյանը պատասխանել է․ «Դեռ չէ։ Քսան օր է՝ համայնքի ղեկավարի պատասխանատվությունը կրում եմ, ծրագրեր շատ կան, ուղղակի որ վերջը չեմ տեսնում, դրա համար չեմ ուզում ասեմ»։



27-ամյա քաղաքապետի այս պատասխանը տարակուսանք է առաջացրել, թերեւս, թե՛ վարչապետի, թե՛ աշտարակցիների մոտ։ Այն դարձել է նաեւ «Արմքոմեդի» երգիծական հաղորդման նյութ։ Առհասարակ, Թ․ Շահվերդյանը դեռ նախընտրական քարոզարշավի օրերին հարցազրույցներում ու տարբեր հրապարակային հանդիպումներում առանձնապես չէր փայլում խոսքով, սահուն ու հստակ պատասխաններով, ծրագրային դրույթների շարադրմամբ։ Ավելին՝ շատ խոսել չի էլ սիրում, ասում է՝ «ես ավելի շատ սիրում եմ գործ անել»։ Թե ինչ է արել այս մեկ-երկու ամսվա ընթացքում եւ ինչ է պատրաստվում անել, երեկ փորձեցինք հենց նրանից լսել, որքան էլ որ նա նախընտրում է գրավոր հարցուպատասխանի կամ անձամբ հանդիպել-զրուցելու ֆորմատը։
«Ես մինչեւ հստակ ցանկացած գործի վերջը չտեսնեմ, չիմանամ, որ ես էդ գործն ավարտին կհասցնեմ, անլուրջ չեմ խոսա կյանքում ոչ մի տեղ։ Ուսումնասիրել եմ ծրագիրը, բիզնես ծրագիր է՝ ճարտարապետական գծագրով, գործի վերջը որ տեսել եմ, ներկայացրել եմ, կառավարությունն էլ հավանության է արժանացրել»,-վարչապետի հետ հանդիպմանը վերաբերող մեր առաջին հարցին այսպես արձագանքեց Թ․ Շահվերդյանը։ Նրա խոսքով՝ ինքը ներկայացրել է տուրիզմի զարգացման ծրագիր, որի մեջ մտնում է քաղաքի բարեկարգումը, մասնավորապես՝ հին եկեղեցիների բարեկարգումն ու, ինչպես հասկացանք, երեւի այդ տարածքում ճեմուղի ունենալը եւ ոչ միայն։ Դրա համար կպահանջվի 6 միլիոն դոլար։ Կառավարությունն օրեր առաջ հավանություն է տվել այս ծրագրին եւ խոստացել ֆինանսավորել՝ ըստ երեւույթին Համաշխարհային բանկի միջոցներով։ Նախատեսվում է նաեւ ժամանցի կենտրոնների եւ հյուրանոցների կառուցում, որը, ըստ Շահվերդյանի, արդեն մասնավոր ներդրողները պետք է անեն։



- Իսկ վարչապետին ինչո՞ւ չասացիք այդքանը։



- Կոնկրետ փաստերով մինչեւ չուսումնասիրեի, չտեսնեի, որ էդ փողն ապարդյուն չի լինի, համ էլ էդքանի մեջ ի՞նչ իմաստ ուներ դնեի՝ անլուրջ խոսայի։



- Հարմարվե՞լ եք այս աշխատանքին, կարողանո՞ւմ եք գործից գլուխ հանել, ղեկավարել քաղաքը, աշխատակազմը։



- Դա քաղաքացիները կասեն, որ գաք Աշտարակ, կտեսնեք։



- Պարզապես խոսակցություն կա, թե մտերիմների հետ զրույցներում ասել եք, որ մեծ բեռի տակ եք մտել, որի տակից դժվարանում եք դուրս գալ ու հիմա փոշմանել եք քաղաքապետ ընտրվելու համար եւ անգամ Ձեր հորը մեղադրել եք Ձեզ ներքաշելու համար։



- Առաջին անգամ եմ լսում նման բան։ Երիտասարդ տղա եմ, Աշտարակ քաղաքն ամիս-ամսվա վրա պետք է առաջ գնա, շնչի, դա խոստանում եմ։



- Լավ, այս մեկ-երկու ամսում համայնքում ի՞նչ աշխատանք եք կատարել, քաղաքում ի՞նչ նորություն կա Ձեր գալուց հետո։



- Աղբահանությունն եմ կազմակերպել, ՀՈԱԿ-ների աշխատանքն եմ կարգավորել, փորձում եմ ամանորյա շունչ տամ քաղաքին, որ քաղաքացիները դուրս գան փողոց՝ գոնե իրենց դարդուցավերը չհիշեն։ Անձամբ կանգնած եմ բոլոր գործերի գլխին, անձամբ հետեւում եմ ամեն ինչին, որ հանկարծ մի հատ էս կողմ-էն կողմ չլինի։ Ամսի 26-ին էլ տոնածառի, քաղաքի լույսերի միացման օրն է, հրավիրում եմ, կարող եք գալ, տեսնել։



- Բնակիչների հետ զրուցե՞լ եք, հիմնականում ի՞նչ խնդիրներ են բարձրացնում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն։



- Հիմնականում աշխատանքի, աշխատատեղերի, սոցիալական խնդիրներ։



- Դրանց լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։



- Հույսս դրել եմ աշխատանքի վրա, կփորձեմ վստահություն ձեռք բերել քաղաքի նկատմամբ, որ գործարարները շահավետ առաջարկներ անեն, ներդրումներ անեն քաղաքում։



- Ե՞րբ կմեկնարկի Ձեր առաջարկած այդ բիզնես-ծրագրի իրագործումը։



- Ինձ թվում է, երբ ձյունը հալի, ու զրոյից բարձր լինի ջերմաստիճանը, արդեն երեւի կսկսենք։ Ավելի հստակ՝ էս երկու օրը կերեւա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ