Առաջնորդվում ենք այն գաղափարով, որ երեխան պետք է խնամվի եւ դաստիարակվի ընտանիքում

Առաջնորդվում ենք այն գաղափարով, որ երեխան պետք է խնամվի եւ դաստիարակվի ընտանիքում

Գավառի մանկատանը ապրում են 5 -18 տարեկան 50 երեխաներ, որոնց համար մանկատունը հարազատ օջախ է դարձել: Այս տարի մանկատնից 3 տղաներ անցել են զինվորական ծառայության, մի քանի աղջիկներ տեղափոխվել են Էջմիածինում գտնվող «Մեր տունը» եւ Երեւանի «Հուսո այգի» օրիորդների համար նախատեսված կազմակերպություններ, որտեղ աղջիկները ստանում են կրթություն, դաստիարակվում են լավ կին ու մայր դառնալու համար: Վերջին տաս տարիների ընթացքում մանկատնից 11 աղջիկներ ամուսնացել են եւ ընտանիք կազմել: Այս տարի եւս մանկատնից մեկ աղջիկ ընտանիք կազմեց: 18-ամյա Աշխենը , ով իր եղբոր՝ 16-ամյա Սարգիսի հետ 12 տարի ապրում էր մանկատանը ամուսնացավ ՀՀ ԶՈՒ ոստիկան Սարգիս Մխիթարյանի հետ: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի նվազել է երեխաների հոսքը մանկատուն. «Կարծում եմ, դա պայմանավորված է այն ամենի հետ, որ խստացրել ենք դեպի մանկատուն երեխաների մուտքը: Մանկատուն երեխան պետք է ընդունվի խնամակալության մարմինների, մարզային կառույցների եզրակացություններով, հիմնականում պետք է լինեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ պետք է երեխան խնամվի եւ դաստիարակվի ընտանիքում: Այս տարի մանկատուն ընդուվել են 19 երեխաներ, մանկատնից դուրս են եկել 18-ը, որը մեր մասնագիտական թիմի աշխատանքի արդյունքն է: 18 երեխաներից 8-ը վերադարձել են կենսաբանական ընտանիք, 4-ը խնամական ընտանիք: Իսկ եկած 19 երեխաներից՝ 10 մեզ մոտ տեղափոխվել են Վանաձորի մանկատնից, մնացածը այլ կազմակերպություններից, միայն 2 երեխա եկել է կենսաբանական ընտանիքից»:



Նիկոլայ Նալբանդյանը հավելեց, որ այս տարի մանկատնից երեխա չի որդեգրվել, քանի որ երեխաների տարիքը բարձր է, մանկատան ամենափոքրը՝ 5 տարեկան է: Նալբանդյանից հետաքրքրվեցինք, մանկատան սաները ապահովվա՞ծ են բնակարանով, ի՞նչպես է կարգավորվում այդ հարցը․ «Բոլոր երեխաների համար ձեւակերպում ենք կարիքների գնահատում, այն երեխաները, որոնք իսկապես մնացել են առանց ծնողական խնամքի, պետությունը ապահովվում է բնակարանով, առանձնացված տներ չեն, այլ սոցիալական կացարաններ: Այս տարի երկու տղաներ բանակից զորացրվեցին, սկզբնական ամիսներին մանկատանն էին ապրում, այնուհետեւ մենք մանկատանը կից տուն ենք վարձել, նրանք ապրում են այնտեղ, աշխատում եմ, մինչեւ պետությունը կմտածի այդ երեխաներին բնակարանով ապահովվելու մասին»: Նշենք, որ մանկատանը տիրում էր նախատոնական տրամադրություն, երեխաների զարդարել էին տոնածառը եւ նամակներ գրել իրենց սիրած Ձմեռ պապիին, ու անհամբեր սպասում էին ամանորյա հրաշքին:



Նելլի Կարապետյան