Քաղավիացիայի վարչությունը դիտորդ է

Քաղավիացիայի վարչությունը դիտորդ է

Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղյակ չէ, թե ինչ նոր ընկերության մասին է հայտարարել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը կարող է «Պոբեդային» զուգահեռ թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։ Նրա խոսքով՝ իրենց ոչ ոք այս պահի դրությամբ չի դիմել այդ հարցով։ Թե ինչի հիման վրա է նման բան հայտարարել Սամվել Բալասանյանը, հայտնի չէ։ Մենք հետաքրքրվեցինք Ավետիսյանից՝ գո՞հ է, արդյոք, ռուսական «Պոբեդայի» գործունեությունից Հայաստանում, արդարացնո՞ւմ է այն իրեն։ «Կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք ընկերությանը, բայց, մեր ունեցած ինֆորմացիայով, այո, գոհ են, որովհետեւ գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ օդանավերը գնում են, հիմա քննարկումներ են ընթանում չվերթների ավելացման ուղղությամբ»,-նշեց Սերգեյ Ավետիսյանը։



Անդրադարձանք նաեւ հայկական «Արմենիա» ավիաընկերությանը, որը մի քանի ամիս է, ինչ մուտք է գործել տեղական շուկա։ Հարցրինք Ավետիսյանից՝ ինչպե՞ս է գնահատում «Արմենիայի» գործունեությունը, եւ արդյոք հավակնություն ունի՞ ազգային ավիափոխադրող դառնալու, ի՞նչ չափանիշներ են դրա համար անհրաժեշտ։ Բացի այդ, քաղավիացիան արդյոք որեւէ նպաստող քաղաքականություն ունի՞ այս հարցում, որպեսզի զարգանան տեղական ավիաընկերությունները եւ չենթարկվեն դեմպինգի։ «Էդ «ազգային ավիափոխադրող» բառի հետեւից ինչի՞ ենք ընկել, բոլորս կենտրոնացել ենք դրա վրա։ Տեսեք՝ ավիաընկերությունն այս պայմաններում փորձում է գտնել իր տեղը մեր շուկայում։ Ինչ վերաբերում է դեմպինգին, ապա այն օրենքով կարգավորված փաստ է, որի առկայության դեպքում իրականացվում են օրենքով նախատեսված գործառույթներ։ Մենք չենք տեսնում այդ դեմպինգները, մենք տեսնում ենք խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները, այո, շատ ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են։ Մենք օրական միայն Մոսկվայի ուղղությամբ ունենում ենք մոտ 14-15 չվերթ»,- նշեց նա։



Իսկ ի՞նչ է անում մեր քաղավիացիան տեղական ավիափոխադրողների կայացման եւ մրցակցությանը դիմակայելը խթանելու ուղղությամբ։ Պարզվեց՝ ոչինչ։ Բաց երկնքի քաղաքականությունը որեւէ օգուտ չի տալիս տեղական ավիափոխադրողներին, դրա իմաստն այն է, որ բոլորը գործեն հավասար պայմաններում՝ թե՛ օտարերկրյա, թե՛ տեղական ընկերությունները։ Այսինքն՝ դա նշանակո՞ւմ է, որ ռուսական խոշոր ավիաընկերությունները՝ UTAir, Ural Airlines, «Աէրոֆլոտ» եւ այլն, կարող են իրենց հզորության հաշվին դեմպինգ անել եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որ մեր տեղական փոքր ընկերությունները չդիմանան մրցակցությանը։ «Փոքր ընկերություններին միշտ բարդ է մրցակցել մեծ ընկերությունների հետ՝ տեղական լինի, թե արտերկրյա։ Դա շուկայի կանոնն է»,- ասաց նա՝ զարմանալով, թե ի հաշիվ ինչի պետք է իրենք նպաստավոր պայմաններ ստեղծեն փոքր ընկերությունների համար։ Պարոն Ավետիսյանը մշակվող քաղաքականության եւ առկա խնդիրների վերաբերյալ խոստացավ մանրամասն խոսել, ոչ ոտքի վրա, այլ առանձին հանդիպմամբ, որտեղ մանրամասն կներկայացնի, թե ինչ վերլուծություն են արել այս ուղղությամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ