Որտե՞ղ է ԱԳՆ-ն, ինչո՞վ է զբաղվում ՀՀ դեսպանը Բելառուսում (ֆոտո,վիդեո)

Որտե՞ղ է ԱԳՆ-ն, ինչո՞վ է զբաղվում ՀՀ դեսպանը Բելառուսում (ֆոտո,վիդեո)

ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձումը Ադրբեջանին առաջացրել է Հայաստանի ակտիվ քաղաքացիների, քաղաքական ուժերի զայրույթը Բելառուսի նկատմամբ։ Բելառուսում գտնվող ՀՀ դեսպանի վերադարձի և այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցման պահաջով այսօր «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչները՝ ի դեմս ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի և մի շարք քաղաքացիների, Առինջ գյուղի բարձունքում գտնվող Բելառուսի դեսպանատան դիմաց էին։ Նրանք իրենց հետ բերել էին Հայաստանի և Արցախի դրոշները։



Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին ապտակ էր Էդվարդ Նալբանդյանին եւ Սերժ Սարգսյանին, բայց մենք  չենք ուզում, որ դա հասցեագրված լինի նաեւ հայ ժողովրդին: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և փորձեց մտնել դեսպանատուն, սակայն նրան թույլ չտվեցին։ Տեսնելով, որ վերեւ բարձրանալու, դեսպանատան որեւէ ներկայացուցչի ներքև իջեցնելու կամ հայերենով շփվող որեւէ աշխատակից գտնելու ջանքերը ապարդյուն են, ակցիայի մասնակիցներն այլեւս ցանկություն չունեցան որեւէ պահանջ-դիմում հանձնելու դեսպանին, նրանց պահանջը մեկն է՝ Հայաստանում փակվի դեսպանատունը եւ Բելառուսից հետ կանչվի Հայաստանի դեսպանը:



Իսկ Էդմոն Մարուքյանի մոտ այնպիսի տպավորություն էր, որ Ադրբեջանն է ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանն է եվրասիական միության անդամ և ոչ Հայաստանը․ «Խոսքի ազատության համար պայքարող մարդու, Արցախում կյանքը լուսաբանող մարդու քրեական հետապնդման ենթարկել, հանձնել մի բանդիտական երկիր, որի կանոնավոր բանակը ահաբեկչական կազմակերպության կանոններով է կռվում, այդ երկրին հանձնել լրագրողին և դա նախադեպ դարձնել, ինչ-որ իզոլացման քաղաքականություն է պաշտպանում։ Դատապարտելով Բեռալուսի գործողությունը, այստեղ մեր ԱԳՆ-ն իր չդերակատարությամբ, իր ոչ մի բան չանելով, իր լռությամբ, իր ոչ հրապարակային գործողությամբ, որ, այո, աշխատում ենք, դուք չեք պատկերացնի ինչեր ենք անում, բայց դա հրապարակային չի, մենք արդյունքներով ենք դատում գործողությունները, կամ ինչո՞վ է զբաղվում Հայաստանի դեսպանը Բելառուսում, ի՞նչ բանի ա էդ մարդը»։



«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ միայն  այն, որ Բելառուսի դեսպանատունը գտնվում է Ծառուկյանի բախչի ներսում, արդեն խոսում է որոշակի վերաբերմունքի մասին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ակցիայով չեն սահմանափակվելու եւ շարունակելու են հետեւողական լինել այս հարցում:



Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկեցին «հե ռա ցիր», «Մի ա ցում», «Ազատ, անկախ, Հա յաս տան»։



Հիշեցնենք, որ Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի շուրջ սույն պատմությունը ստեղծվեց այն բանից հետո, երբ վերջինս այցելեց Արցախ: Ճամփորդական բլոգի հեղինակ եւ վարող բլոգերին արտահանձնման պահանջով դիմեց Ադրբեջանը: Բելառուսը որոշում կայացրեց արտահանձնել Լապշինին, չնայած որ ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ ՌԴ Սահմանադրությունը թույլ չի տալիս իր քաղաքացիների երրորդ երկրին արտահանձնումը: Իսրայելը եւս խնդիրներ չստեղծեց: Այս որոշումից հետո Լապշինի հայրը նամակով դիմեց Ալիեւին՝ խնդրելով ներել իր որդուն: Իրավաբանները կարծում են, որ այս քայլը կարող է վտանգավոր նախադեպ հանդիսանալ Արցախ այցելողների համար: