Միշտ աշխատել եմ չափի մեջ մնամ ու Աստծու տված ճիշտն էլ չխախտեմ

Միշտ աշխատել եմ չափի մեջ մնամ ու Աստծու տված ճիշտն էլ չխախտեմ

«Արդեն կարող ենք բարձրաձայնել, որ մեր երկրում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը»,- 1 տարի առաջ վստահեցնում էր Սերժ Սարգսյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխություններից: Սակայն իշխող ուժի թեկնածուների ռեյտինգային ցուցակի հրապարակումը ցույց տվեց, որ իրականում նույն իշխանությունն է, նույն հին դեմքերը՝ օդիոզ, մականունավոր, քրեաօլիգարխիկ։ Այս համատեքստում «ամենաներկայացուցչականն» Արմավիրի մարզն է՝ Նովո, Շմայս, ՄԱՊ-ի Ալիկ, գեներալ Սեյրան Սարոյան, Հրանտ Գրիգորյան, մի խոսքով՝ ՀՀԿ-ի ողջ աստղաբույլը։



Նովոն, նույն ինքը՝ Նահապետ Գեւորգյանը, «համր» պատգամավորների դասին է պատկանում, ԱԺ մոնիտորինգի վերջին տվյալներով՝ 0 հարց, 0 ելույթ, 867 կողմ, 8 դեմ, 34 բացակա գործունեությամբ: Փոխարենը դահլիճից դուրս, լրագրողների հետ շփվելիս գործի է դնում հայհոյախառն բառապաշարը։ Նովոն եւ իր շրջապատն աղմկահարույց պատմություններին առնչության առումով նույնպես ռեկորդակիր են։ Թե ինչու է 18 տարվա պատգամավորը կրկին առաջադրել թեկնածությունը, լսեցինք իրեն։



- Պարոն Գեւորգյան, կասե՞ք՝ ինչո՞վ է Ձեզ գրավել խորհրդարանի աշխատանքը։



- Դու ասում ես՝ ես լսում եմ (նկատի ունի առաջադրումը)։



- Փաստորեն, առանց Ձեր կամքը հարցնելու, գրել են ցուցակում։



- Ո՜նց չեն հարցրել։



-Օրենսդիր աշխատանքը Ձեզ համար բե՞ռ է, թե՞ հաճույք, կիսվեք, թե ինչու եք ցանկանում նորից պատգամավոր դառնալ։



- Որ չուզենայի, կարո՞ղ ա ինձ ստիպեին կամ համոզեին, կամ․․․ ուզել եմ, չէ՞, մնացածն ավելորդ ա։



- Այս ընտրությունները դժվարություններ չե՞ն առաջացնի, եթե նախկինում մեծամասնական ընտրակարգով պայքարը միայն մրցակիցների դեմ էր, հիմա՝ նաեւ թիմակիցների եւ այն էլ՝ Ձեր մարզում, մեկը մյուսից ազդեցիկ։



- Ես չորս անգամ ընտրվել եմ ու համարյա միշտ էլ շատ թեկնածուների հետ եմ պայքարել։ Ճիշտ եք, հիմա թիմակիցներն են, բայց բոլորն էլ իմ ընկերներն են, իմ ախպերները։



- Ընկերությունը՝ ընկերություն, պայքարը՝ պայքար, կհաջողվի՞ այնպես անել, որ իրարից ձայն չփախցնեք, չնեղանաք իրարից։



- Բոլորն էլ իմ ընկերներն են, իմ ախպերները, ու հաստատ ավելորդ բան թույլ չենք տա, ընտրություններից հետո էլի օր կա, աշխարհի վերջը չի։ Մի խոսքով, ամեն ինչը կլինի ընենց, ոնց կարգ ու կանոնն ա, դուք մի անհանգստացեք։



- Յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ, առավելագույնը՝ երկու թեկնածու կարող է անցնել խորհրդարան, կլինե՞ք այդ անցողիկների մեջ։



- Էդի ժողովրդի կարծիքն ա ըլնելու, ժողովրդի քվեի, ժողովուրդը կասի իր կարծիքը։



- Իսկ ժողովուրդն ինչո՞ւ հենց Ձեզ պիտի ընտրի, ո՞րն է լինելու Ձեր քարոզչության լոզունգը։



- Կգաս մարզ, էդ հարցը կտաս ժողովրդին։ Բայց դու մի մոռացի, որ խոսում ես 18-ը տարվա պատգամավորի հետ։ Եթե ես պտի նոր գնամ էդ մարդկանց, ժողովրդին քարոզարշավ անեմ կամ ընձի ցույց տամ, կամ աշխատանքներ տանեմ, շա՜ատ վաղուց ուշացած են եղել, մարդիկ գիտեն, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ եթե դու շատ անհանգստացած ես, մի օր նեղություն քաշի, արի ուսումնասիրի, էդ հարցերին էլ պատասխան կունենաս։



- Դուք, փաստորեն, վստահ եք, որ լավ եք աշխատել ու քարոզչության կարիք չունեք, կարելի՞ է իմանալ՝ իսկ խորհրդարանում Ձեր աշխատանքներն ինչո՞ւ տեսանելի չեն։



- Իհարկե, վստահ եմ, շատ վստահ եմ։ Ինչ ա, պետք ա մարդն անպայման իրան ռեկլա՞մ անի կամ էդ ամբիոնից հելնի ճառե՞ր ասի, որ նոր մարդուն ճանաչեն։ Ուրեմն իմ տեսակն էլ էդ ձեւ ա եղել, ես էլ գերադասել եմ, որ էդ տեսակով աշխատեմ։



- Ձեր տեսակը, փաստորեն, ՀՀԿ-ում բարձր են գնահատում։



- Ոչ միայն ՀՀԿ-ում, այլ կարեւորը ժողովրդի գնահատականն ա իմ համար, ու էդ պրավակացիոն հարցերն էլ մի տուր։ Ես զզվում եմ պրովակացիաներ անողներից։



- Պատգամավորը պետք է պատրաստ լինի նաեւ տհաճ հարցերի։



- Դե, դիմացել ենք էսքան տարի, էլի դիմանում ենք։



- Իսկ հնարավո՞ր է, որ նորից պատգամավոր դառնալու դեպքում վերանայեք Ձեր շփման ձեւը լրագրողների հետ։



- Ես միշտ էլ լավ եմ վերաբերվել լրագրողներին, ես ընենց մարդ եմ, որ միշտ աշխատել եմ չափի մեջ մնամ ու Աստծու տված ճիշտն էլ երբեք չխախտեմ։ Բայց լրագրողները, ովքեր իրենց վատ են պահել, ափսոսում եմ, որ մեր ազգի մեջ ըտենց մարդիկ կան։ Չի կարելի, առանց էն էլ էս վատ պայմանները, էս ժողովրդի վիճակն էլ՝ մյուս կողմից, էս մարդիկ էլ սենց թույնում են ժողովրդին։



- Այսինքն՝ երկրի վատ վիճակի մեղավորը լրագրողնե՞րն են։



- Չէ, ես չէի ասի, մի՛ ըտենց ձեւակերպում տուր, որ բոլորին հանես իմ դեմ։ Բայց լրագրողները չէ, որ պիտի գնահատական տան պատգամավորին՝ պատգամավորը լավ է աշխատում, թե վատ, լրագրողները չէ, որ պատգամավորին ձայն են տվել, չի կարելի։ Թող մի անգամ էլ լրագրողները դնեն իրենց թեկնածությունները, տեսնենք, թե իրա տարածքից քանի ձայն ա հավաքում իր պապաների, մամաների հետ։
Թե՞ մտածում ես, որ մի երկու լրագրող պատգամավոր դարձան, ...չեմ ուզում մանրանամ։



- ՀՀԿ ղեկավարն է ապավինել լրագրողների աջակցությանը, այդ լրագրող-պատգամավորները ձեր ցուցակներում են։



- Ուրիշների մասին ինձ էլ հարցեր մի տուր։



- Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ խոսում էր նոր մշակույթի, քաղաքական սերնդափոխության մասին, ինչո՞ւ փոշմանեց։



- Ոչ մի բան էլ չի մտքափոխվել, ինչ ասել ա իմ երկրի նախագան, իմ կուսակցության նախագան, ճիշտ ա ասել։



- Դուք կարծում եք, որ թարմությո՞ւն կհաղորդեք խորհրդարանին, նոր մշակո՞ւյթ կբերեք։



- Ես չեմ կարծում, էդի ժողովուրդը կորոշի, կհիմնավորի։



- Դուք կարծում եք՝ անփոխարինելի՞ եք, չկան արժանի փոխարինողներ։



- Իհարկե, կան, ինչի՞ մասին է խոսքը, ըտենց ստացվեց։



- Պարոն Գեւորգյան, Գագիկ Ծառուկյանն է վերադարձել քաղաքականություն, Սեյրան Օհանյանն ընդդիմադիր հայտ ներկայացրեց, այս դաշինքներից, վստահաբար, մրցակիցներ եք ունենալու։



- Ինձ ուրիշների մասին հարցեր մի տուր, ես բոլորին ճանաչում, հարգում եմ, ոչ մեկից խնդրում եմ հարցեր մի տուր ու պատասխանների մի սպասի։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ