Մատենադարանի ոչ պատերն են փլվել, ոչ կտուրն է այրվում

Մատենադարանի ոչ պատերն են փլվել, ոչ կտուրն է այրվում

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար դեռ ընտրություն չի հայտարարվել, թեեւ օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը մոտենում է ավարտին, եւ, ընթացակարգի համաձայն, ժամկետը լրանալուց 40 օր առաջ ԿԳՆ-ն պետք է մրցույթ հայտարարեր, ինչը չի արվել:



ԿԳՆ խոսնակ Լուսինե Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ անցած շաբաթ նախարարը հայտարարել էր, որ այժմ դիտարկվում է Մատենադարանի իրավակազմակերպչական կարգավիճակի փոփոխության հարցը, եւ, դառնալով հիմնադրամ, այն ավելի մեծ հնարավորություններ կտա, քան ՊՈԱԿ-ի կարգավիճակը։ Թե ինչքան է տեւելու այդ գործընթացը՝ չի կարող ասել. «Սահմանված կարգով՝ ինչքանով որ իրավակազմակերպչական կարգավիճակի փոփոխությունը ենթադրում է, հիմա դեռ փաստաթղթերի հավաքման գործընթացն է գնում»։



Մրցույթ չհայտարարելու փաստն ինչքանո՞վ է կապված կառույցի իրավական կարգավիճակի փոփոխության հետ, եւ կարելի՞ է ենթադրել, որ հիմնադրամը ձեւավորելուց հետո միայն մրցույթ կհայտարարվի։ «Անշուշտ»։ Այս դեպքում չկա՞ որեւէ խախտում։ «Երբ փոփոխություն է կատարվում որեւէ կառույցի իրավակազմակերպչական կարգավիճակում, նոր իրավիճակի հետ ենք սկսում առնչվել, այս դեպքում խախտման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Մատենադարանը մի վիճակից անցնում է մի ուրիշ վիճակի»,-իր խոսքում նշեց ԿԳՆ խոսնակը, ապա ընդգծեց, որ ժամկետների խախտումը կվերաբերեր այն փուլին, երբ Մատենադարանը ՊՈԱԿ-ի կարգավիճակում էր, բայց հիմա ստեղծվել է նոր իրավիճակ, որը նոր ժամկետներ է թելադրում։



Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանին արված մեր դիտարկումը, որ ԿԳՆ-ն, հենց հիմա սկսելով Մատենադարանը հիմնադրամի վերափոխելու գործընթացը, դրանով ժամանակ է տալիս իրեն պաշտպանելու իր դոկտորականը, դուր չեկավ նրան. «Դուք ինքներդ հարց տվեցիք, ինքներդ մեկնաբանեցիք, ես որեւէ մեկնաբանություն չունեմ, համենայնդեպս, ես շատ տրամաբանական եմ գտնում, որ պետք է տվյալ կառույցի կարգավիճակը ճշտվի, ապա նոր այդ կառույցի տնօրենի հարցը բարձրացվի։ Այդտեղ որեւէ անտրամաբանական բան չեմ տեսնում»։



Ամեն դեպքում, հիմա Մատենադարանը ՊՈԱԿ-ի կարգավիճակում է, եւ, ըստ ներկայիս իրավիճակի, կարգ է խախտվում։ «Ես մի բան չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ձեզ այդքան անհանգստացնում տնօրենի մրցույթի ուշանալը։ Մատենադարանում ոչինչ չի եղել, ոչ մի արտառոց բան, որեւէ ցնցում, Մատենադարանն աշխատում է շատ բնականոն ռիթմով, իրականացվում են այն բոլոր ծրագրերը, որ մինչ այդ իրականացվել են, դեռ մի բան էլ ավելին։ Այնպես չէ, որ Մատենադարանում մի բան փուլ է եկել, ու հիմա արագ պետք է կառուցել։ Հարցի իմաստը ես չեմ հասկանում, եթե մի քանի ամիս եղել է տնօրենի պաշտոնակատար, դրա վրա հնարավոր է եւս մի քանի ամիս չլինի տնօրեն, լինի տնօրենի պաշտոնակատար, դրանից Մատենադարանում ոչ մի արտառոց բան չի կատարվի։ Մատենադարանի ոչ պատերն են փլվել, ոչ կտուրն է այրվում, ամեն ինչ իր տեղում է... Օրենքը ոչ մի ձեւով չի խախտվել, օրենքի համար գոյություն ունեն իրավաբաններ, 6 ամիս ժամկետ որեւէ տեղ նշված չէ, իմ հրամանի մեջ գրված է՝ նշանակվում է տնօրենի պաշտոնակատար, մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր տնօրենի ընտրություն, այդտեղ 6 ամիս ժամկետ ֆիքսված չէ»,-ասում է լրագրողների հետաքրքրասիրությունից վրդովված Տեր-Ղեւոնդյանը։ 



Մամուլում շատ գրվեց նաեւ իր դոկտորական ատենախոսության մասին, որի պաշտպանությունը հետաձգվել է, թե ինչու է հետաձգվել, եւ ինչքանով են իրական այն խոսակցությունները, որ ատենախոսությունը տնօրենի մրցույթին մասնակցելու համար է, Տեր-Ղեւոնդյանը պատասխանեց. «Նախեւառաջ, ես ցավում եմ, որ իմ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, որը խիստ անձնական հարց է, դարձել է հանրային քննարկման առարկա։ Այդ ատենախոսության թեման հաստատվել է սրանից 6 տարի առաջ եւ ոչ միայն կապ չունի այս պահին տնօրենի պաշտոնի իմ հավակնել-չհավակնելու հետ, այլ նույնիսկ այն ժամանակ է հաստատվել, երբ ես չէի էլ աշխատում Մատենադարանում։ 2011-ի դեկտեմբերին հաստատվել է, դրանից կես տարի անց՝ 2012-ի հունիսին, ես անցել եմ աշխատանքի Մատենադարանում։ Հիմա պարզապես պաշտպանության վերջնական փուլը եկել համընկել է այս իրադարձությունների հետ, ի՞նչ եք առաջարկում՝ չպաշտպանե՞մ...»։



Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնին հավակնել-չհավակնելուն, ապա կգա պահը, մրցույթը կհայտարարվի, նոր իր որոշումը կկայացնի։ «Եթե այդ պահին տեսնեմ, որ ապահովում եմ այն պայմաններին, որ դրվում են թեկնածուների առջեւ, իսկ եթե ապահովում եմ, ապա պետք է տեսնեմ՝ ցանկություն ունե՞մ, թե՞ ոչ այդ պաշտոնին հավակնելու կամ ինձ համարո՞ւմ եմ արժանի ու պատրաստ, այդ ժամանակ նոր իմ որոշումը կընդունեմ՝ մասնակցո՞ւմ եմ մրցույթին, թե՞ ոչ»,-ասաց Տեր-Ղեւոնդյանն ու նշեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով է հետաձգվել պաշտպանությունը՝ պակաս բան չկա։ «Պարզապես կար 1-2 հոդված, որոնք ԲՈՀ-ի համար ընդունելի հանդեսների ցանկում չէին, բայց դա չի նշանակում, որ գիտական հանդեսների ցանկում չէին, ուղղակի ԲՈՀ-ն ունի որոշակի ցանկ, որտեղ պարտադիր պահանջվում են այդ ցանկի հանդեսները, ուրիշ ոչ մի արտառոց բան չի կատարվել»,-ասաց նա ու նշեց, որ ատենախոսության պաշտպանության համար նոր ժամկետ դեռ չի նշանակվել։



Թե ինչ հնարավորություններ եւ հեռանկարներ է ստեղծելու Մատենադարանի համար ՊՈԱԿ-ից հիմնադրամի կարգավիճակի անցնելը, եւ ինչու տնօրենի ընտրությունների շեմին որոշվեց ակտիվացնել այս գործընթացը, ապա տնօրենի ԺՊ-ն նկատում է, որ այդպիսի գաղափար եղել է նաեւ նախկինում՝ դեռ Հրաչյա Թամրազյանի օրոք. «Դա նորություն չէ, բայց հիմա է, որ սկսել է գործընթացը, պատրաստվում է նախագիծը, բնականաբար՝ այդ նախագիծը պետք է հաստատվի տարբեր գերատեսչությունների կողմից, պիտի քննարկվի Մատենադարանի կողմից, որից հետո կներկայացվի հաստատման»։ Ինչ վերաբերում է հիմնադրամի ստեղծած առավելություններին, ապա առավել մանրամասն կարելի է խոսել, երբ ձեռքի տակ լինի նախագիծը։ Ըստ նրա՝ մի բան հստակ է, որ պետական ոչ առեւտրային կազմակերպություն կարգավիճակը հատկապես Մատենադարանի պարագայում ոչ այնքան ճկուն է, ինչպես հիմնադրամը. «Հիմնադրամի պարագայում առավելություններից մեկն այն է, որ կառույցը դառնում է ավելի ինքնուրույն եւ անկախ։ Կառավարող մարմինը, որն այս դեպքում պետք է լինի ոչ թե կառավարման խորհուրդը, այլ հոգաբարձուների խորհուրդը, լինում է ավելի փոքր թվով, հետեւաբար՝ ավելի մոբիլ, ճկուն եւ արագ արձագանքող»։ Տեր-Ղեւոնդյանն օրինակ է բերում Երեւանի պետական համալսարանը, որը տարիներ առաջ եւս անցել է հիմնադրամի կարգավիճակին, ապա ենթադրում, որ, ըստ երեւույթին, մեր գիտական, մշակութային օջախներն այդ ճանապարհով պետք է գնան։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ